Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա փետրվարին նախորդի համեմատ գրանցել է 5,3 տոկոս անկում, և միայն այս ցուցանիշը բավարարել է ամրագրելու, որ ՀՀ-ի տնտեսության անկումը դեռ շարունակվում է: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
«2020 թ. դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը կազմել է 8,8 տոկոս: 2021 թ. հունվարին 2020 թ. համեմատ անկման միտումը նվազել է՝ կազմելով 8,2 տոկոս: Արդեն փետրվարին անկումը կազմել է 5,3 տոկոս: Այսինքն, գոնե վերջին երեք ամիսների համար այս ցուցանիշների համադրությունը ցույց է տալիս, որ ՀՀ տնտեսության անկման տեմպերը որոշակիորեն դանդաղում են: Այդուհանդերձ, տնտեսական անկման տեմպի դանդաղումը չի նշանակում, որ տնտեսական անկումը կանգ է առել, և քանի դեռ անկման միտումը կանգ չի առել, մենք չենք կարող խոսել տնտեսության վերականգնման ու ինչ-որ դրական միտումների մասին: Ամենաթարմ տվյալներով՝ բավականին մեծ՝ երկնիշ անկումներ են գրանցվել այն ոլորտներում, որոնք մեր համախառն ներքին արդյունքում բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն: Առևտրաշրջանառության, ծառայությունների ոլորտներում երկնիշ անկումներ կան, անկում կա նաև արդյունաբերության ոլորտում»,-ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ եկամուտների աճ, մասնավորապես, միջին աշխատավարձի ցուցանիշի բարձրացում է գրանցվել առավելապես պետական ոլորտի աշխատողների մոտ:
«Սա ևս խոսուն ցուցիչ է տնտեսության մասին, որովհետև տնտեսության մասնավոր հատվածում եկամուտների աճ կա՛մ չի գրանցվում, կա՛մ շատ փոքր թվերով է գրանցվում: Մենք իրականում գործ ունենք եկամուտների անկման հետ: Եվ մարդկանց եկամուտների նվազման ֆոնին բավականին բարձր տեմպերով շարունակվում է գնաճը: Թե՛ այս ամենի համադրությամբ, թե՛ պետական վիճակագրության մակարդակով ևս մեկ անգամ արձանագրվում է, որ ՀՀ-ում տնտեսական անկումն ու ճգնաժամը դեռ շարունակում են պահպանվել: Իսկ ճգնաժամից դուրս գալու միտումները դեռ որևէ կերպ հուսադրող չեն, որովհետև նույն եկամուտների ու գների հետ կապված դրական որևէ հեռանկար այս պահին չկա, եթե, իհարկե, հաշվի չառնենք այն բոլոր հայտարարությունները, որոնք զուգահեռ իրականության մեջ արվում են պետական պաշտոնյաների կողմից: Ի դեպ, դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածում լավատեսական հայտարարությունների հիմքեր չկան ու չեն երևում: Ընդհանուր առմամբ, չունենք նաև որևէ հիմք կարծելու, որ տնտեսությունը վերականգնվում է»,-ասաց նա:
Նա շեշտեց՝ այսօրվա իրավիճակի հիմնավորումը թող ոչ ոք չփորձի պայմանավորել բացառապես առկա օբյեկտիվ պարամետրերով՝ համավարակով ու պատերազմով. «Այստեղ կա նաև սուբյեկտիվ, մասնավորապես, այս իշխանության կողմից վարած քաղաքականության հետևանք: Տնտեսության նման տեմպերով անկումը երկար ժամանակ վարվող սխալ քաղաքականության հետևանք է: Երբ երկար ժամանակ չհաշվարկված ու անհեռատես քաղաքականության հետևանքով տնտեսության դիմադրողականությունն անկում է ապրում, ցանկացած շոկի պարագայում տնտեսության կրած հետևանքները շատ ավելի խորքային են լինելու»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։