Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ նախապես չի հայտարարվում վարչապետի մարզային այցերի երթուղին, ինչո՞ւ է գաղտնի պահվում կամ վերջին պահին հայտարարվում։ Մենք շաբաթ օրը գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Արմավիրի մարզի 4 գյուղեր, սակայն այցը գաղտնի են պահում, եւ անգամ անվտանգության աշխատակիցները վերջին պահին են տեղեկանում երթուղուն։ Շաբաթ օրվա այցը՝ վատ եղանակի պատճառով, կիրակի կազմակերպվեց, եւ Փաշինյանը եղավ հենց մեր նշած գյուղերում՝ շրջանցելով Էջմիածին եւ Արմավիր քաղաքները, որտեղ անվտանգությունն ապահովելը թերեւս ավելի բարդ կլիներ։ Դրանից առաջ էլ նա Արագածոտնի մարզում էր։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այս այցերի քողի տակ արդեն նախընտրական քարոզարշավ է իրականացնում, ինչն արգելված է օրենքով։ Թերեւս նաեւ ստուգում է հանրության տրամադրությունները, որ հասկանա՝ գնա՞ արտահերթ ընտրությունների, թե՞ այս որոշումից էլ հետ կանգնի։
Մեր հարցին ի պատասխան, խոսնակն ասաց․ «Ես ասել եմ, որ նախապես կամ հենց այդ նույն օրը տեղեկացնում եմ, եւ նույն օրը տեղեկացրել եմ»։
– Ինչ-որ գաղտնիության խնդի՞ր կա, քանզի նախապես չի հայտարարվում վարչապետի այցելությունների երթուղին։
– Նախապես չի հայտարարվում, որովհետեւ ծրագիրը, սովորաբար, մինչեւ վերջին վայրկյանը վերջնական չի լինում, որովհետեւ երբ որ արդեն վերջնական է լինում, ես, օրինակ, ինձ մոտ դնում եմ։
Կարդացեք նաև
– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների մասին, թեպետ դեռ պաշտոնապես հաստատված չէ օրը, բայց այս այցերից տպավորություն է, որ նա արդեն քարոզարշավ է սկսել։
– Ես չգիտեմ՝ ինչ տպավորություն կա Ձեզ մոտ, բայց վարչապետը բազմիցս արել է նման մարզային այցեր, եւ սա բացառություն չէ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: