Երեւանի ավագանու մարտի 16-ի նիստում արդեն 3-րդ անգամ քննարկվում էր միեւնույն նախագիծը, այն «Երեւանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհուրդ ստեղծելու եւ կանոնադրության մեջ կարգավորումներ ու փոփոխություններ կատարելու մասին էր:
Նախագիծը, որն ընդունվեց, ներկայացրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Արման Անտոնյանը պարզաբանեց հաստատված նախագիծը կրկին օրակարգ բերելու, տեւական ժամանակ այն կյանքի չկոչելու պատճառները:
Բանն այն է, որ Երեւանի կենդանաբանական այգու կառավարման մոդելի՝ կանոնադրության համապատասխան փոփոխության նախագիծը քննարկվել ու հաստատվել էր դեռեւս 2019 թվականի փետրվարի 9-ի Երեւանի ավագանու նիստում: Այն ժամանակ, սակայն ավագանու որոշ անդամներ պարզաբանել էին, թե որոշակի հստակեցումների կարիք կա՝ առաջարկել էին փոփոխություններ անել, աշխատել նախագծի վրա: Արման Անտոնյանի խոսքով, սակայն շուրջ 1.5 տարվա ընթացքում որեւէ գործընթաց այդ ուղղությամբ չէր էլ մեկնարկել:
Կարդացեք նաև
«Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի ձեւավորման խոչընդոտներն ու Երեւանի ավագանու որոշումներն անտեսելը դրսեւորվում էին անմիջականորեն տվյալ ոլորտը համակարգող Երեւանի նախկին փոխքաղաքապետի կողմից (խոսքը՝ Տիգրան Վիրաբյանի մասին է՝ հեղ.): Դա ակնհայտ էր նաեւ այն ժամանակ Երեւանի ավագանու նիստերին»,-մանրամասնելով որոշումը կյանքի չկոչելու պատճառները ասաց նա:
Նկատենք՝ գրեթե 1.5 տարի անց որոշակի փոփոխություններ անելուց հետո, 2020 թվականի սեպտեմբերի 8-ին, Արման Անտոնյանն արդեն հաստատված որոշումը կրկին ներկայացրել էր Երեւանի ավագանու քննարկմանը:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում