Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժական համալսարանի տեղում կարող ենք կանաչեղենի մեծ շուկա բացել՝ մեծ ու բազմազան տեսականիով. «Փաստ»

Մարտ 30,2021 08:00
mankavarjakan

Երբեմն տպավորություն է, թե ցանկություն կա վերջնականապես քանդել ամենն, ինչ կա Հայաստանում ու Արցախում՝ մինչև վերջ քանդել, լուծարել, միավորել: Այսպես որ գնաց, մի օր էլ պետությունը կլուծարվի կամ էլ կդառնա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, պետությունն ի՞նչ ենք անում։ Կսփռվենք աշխարհով մեկ, գիր ու գրականության կենտրոններ կբացենք, կփառաբանենք մեզ ու մեր մշակույթը, այն ամենը, ինչ նաև մեր ձեռքով քանդեցինք: Սա էլ մի ուրիշ ցավ է, բայց դրա մասին՝ մի ուրիշ անգամ:

Հիմա մտածում եմ՝ ինչպես կարող ենք «օգտագործել» համալսարանների շենքերը: Ինչների՞ս է պետք Երևանի պետական համալսարանի շենքը։ Կարող ենք այն «քյալլա» ուտելու օբյեկտի վերածել։ Դե, գիտեք, քյալլան Գյումրիի մենաշնորհն է, մի մասնաճյուղ էլ Երևանում կբացենք՝ ԵՊՀ-ի շենքում։ Մի սիրուն անուն կդնենք հաստատության վրա, տուրիստներ է, որ կընդունենք։ Ի՞նչ 319 տոկոս աճ, 5000-ը կտանք ու կանցնենք։

Մանկավարժական համալսարանի տեղում կարող ենք կանաչեղենի մեծ շուկա բացել՝ մեծ ու բազմազան տեսականիով, թե չէ, ի՞նչ ենք անում Մանկավարժական համալսարանը։

Թատերական համալսարանը կարելի է առհասարակ լուծարել, մենք այնքան ինքնուս «դերասան» ու «ռեժիսոր» ունենք, ինչների՞ս է պետք չորս կամ վեց տարի սովորելը. անիմաստ զբաղմունք։ Դե, մնացած շենքերի մասով էլ թողնում ենք ընթերցողների երևակայությանը, մերն այսքանով սպառվում է: Իրականում, այսպես են քայքայվում բոլոր պետությունները ու աշխարհի երեսից իսպառ կորչում ազգերը, երբ դիպչում են նրանց մշակույթին ու կրթական համակարգին։ Երբ որոշում ես հագուստդ ինքդ ձևափոխել և վստահ չես արդյունքի վրա, վերցնում ես այն և տանում մասնագետի մոտ։ Նա իր սուր դանակով հմտորեն կտրում է ավելորդ կամ պատռված մասը, գեղեցիկ կարում, ինչ-որ նոր աքսեսուար ավելացնում, որ չփչացնի հագուստի ընդհանուր տեսքը։ Արդյունքում հին հագուստը նոր տեսք է ստանում, գեղեցկանում։ Գուցե համեմատությունը տեղին կամ ընդունելի չլինի, բայց մեր կրթական համակարգը հին հագուստի պես ուզում են փչացնել՝ շենքերը, կրթական ծրագրերը, առարկաները։ Չեն ուզում նորոգել պատռված հատվածը, նախընտրում են կտրել ու դեն նետել այն, ավելացնում են նորը՝ սովորաբար մի բան, որը բոլորովին համահունչ չէ մեզ, մեր ազգային գաղափարախոսությանը, եթե, իհարկե, այն դեռ ունենք։

Ավերելով կրթական համակարգը՝ դուք կործանում եք պետությունը, քանի որ կրթված մարդն է ցանկացած հասարակության հիմքում, ցանկացած պետություն կառուցողը, հուսահատության ճահճից հասարակությանը դուրս բերողը։ Բայց դե, ում ինչ ենք ասում: Այլևս անիմաստ է ողջախոհության կոչ անել մարդկանց, որոնք երեք տարվա մեջ մեզ ապացուցեցին, ցույց տվեցին, թե ինչպիսի հմտությամբ ու գիտակցված քայլերով կարելի է քանդել 30 տարի կառուցած պետությունը, պետական բոլոր համակարգերն ու ամենակարևորը՝ բանակը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031