Նախկին «Միկա» մարզադահլիճում ավարտվեց VBET բասկետբոլի Եվրասիական լիգայի գավաթի խաղարկությունը: Եզրափակչում գլխավոր մրցանակը վիճարկեցին Լիբանանի բազմակի չեմպիոն «Ալ Ռիադին» եւ Հայաստանի չեմպիոն «Վահագնի Սիթին:
Հանդիպումը շատ դիտարժան ընթացավ ու դրամատիկ ավարտվեց՝ տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականներին պայքարելով հիրավի մեծ բավականություն: «Ալ Ռիադին», որը դեռ մրցաշարի սկզբից համարվում էր հաղթողի գլխավոր հավակնորդը, այս հանդիպման մինչեւ վերջին ակնթարթը պարտվում էր գերազանց բասկետբոլ ցույց տվող «Վահագնի Սիթիին»: Երբ հանդիպման ավարտին մնացել էին ընդամենը վայրկյաններ եւ հայկական ակումբի հաղթանակը, կարծես, այլեւս ոչ մի կասկածը չէր հարուցում, Լիբանանի թիմի խաղացողը վերջին ակնթարթին միջին տարածությունից անհավանական դիպուկ նետում կատարեց, ինչն էլ վճռեց հանդիպման ելքը եւ «Վահագնի Սիթին» պարտվեց 75:76 հավով:
Պարգեւատրման արարողությունից հետո ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Aravot.am-ին ասաց. «Լիգան բազմաթիվ խնդիրների առաջ էր կանգնել պանդեմիկ իրավիճակի պատճառով եւ չգիտեինք՝ անցկացնե՞լ այս տարվա խաղարկությունը, թե ոչ: Բայց հետո որոշեցինք ռիսկի դիմել ու, փառք Աստծո, ստացվեց: Տեսանք, թե ինչ դրամատիկ խաղ էր, ու միայն այսօրվա եզրափակիչը չէ, որ այսպիսին էր: Եղան խաղեր, որոնք ավարտվեցին լրացուցիչ ժամանակում, եղան մեկ միավորի տարբերությամբ ավարտված խաղեր: Կարճ ասած, այս մրցաշարում կար այն ամենը, ինչ զարդարում է բասկետբոլը, եւ դրա համար շատ ուրախ եմ: Աշխարհագրական առումով մենք չկարողացանք ընդունել Ղազախստանի, Բելառուսի եւ Իրանի Իսլամական Հանրապետության թիմերին, որոնք հայտ ներկայացրել էին, բայց ճանապարհ չգտան գալու. տոմսերն էին սարսափելի թանկ, կամ տրանսպորտ չկար: Սակայն խնդիրներով հանդերձ՝ մրցաշարը համարում եմ կայացած ու վստահ եմ, որ առաջիկայում մենք կլայնացնենք աշխարհագրությունը եւ թիմերի քանակը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ