2016 թվականից Հայաստանում սկսվեց համայնքների խոշորացման ծրագիրը: Լոռիում եւս կատարվեց խոշորացում: Իսկ այս տարի էլ նախատեսվում է Սպիտակի տարածաշրջանի 21 գյուղեր միավորել Սպիտակ քաղաքի շուրջ:
Մարզի Քարաձոր գյուղը եւս միավորվող համայնքների թվում է: Համայնքի ղեկավար Հրանուշ Ռոստոմյանն ասում է, որ ինքը ժողովրդի կողքին է, եթե բնակիչները համաձայն կլինեն միավորմանը, ապա ինքը նույնպես դեմ չի լինի. «Որ աշխատանքներ ենք տանում ժողովրդի, համայնքի հետ ոչ մեկը համաձայնություն չի տալիս խոշորացմանը: Առավել եւս, որ 21 գյուղ է միանում, եթե դա էլ լսեն ընդհանրապես չեն համաձայնի: Էլի, որ գոնե 3 կամ 5 գյուղ լինի, կարելի է, բայց, որ 21 համայնք, չգիտեմ: Իմ կարծիքը դրական է, եթե համայնքը համաձայն է, ես էլ եմ համաձայն: Եթե համայնքը համաձայն չի, ես ո՞նց կարող եմ համաձայն լինել»,- ասում է գյուղապետն ու միեւնույն ժամանակ հավելում, որ գյուղացիները հիմնականում դեմ են խոշորացմանը. «Մեծամասամբ ժողովուրդն ասում է, որ մի թղթի համար պետք է գնանք օրերով ու ամիսներով տանջվենք, մինչեւ մի թուղթ պեչատել տան, վերցնենք: Այստեղ ամեն րոպե բաց է, առավոտից մինչեւ երեկո ինչ ժամի էլ պետք է գալիս են վերցնում գնում: Ամեն ինչը հարմար է: Դա սոցիալական վիճակի հետ էլ է կապված, մարդը հնարավորություն չունի մի քանի օր իրար հետեւից էստեղից Սպիտակ գնա»:
Համայնքի ղեկավարն ասում է, որ խոշորացման հետ կապված բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել նաեւ Լոռու մարզպետարանի աշխատակիցները, սակայն հանդիպումից հետո էլ նրանք մնացել են իրենց կարծիքին՝ այլ համայնքների հետ միավորվել չեն ցանկանում:
Կարդացեք նաև
Հրանուշ Ռոստոմյանը Քարաձորը ղեկավարում է 2 տարի: Ասում է՝ կարճ ժամանակահատվածում հասցրել է համայնքի համար մի շարք աշխատանքներ կատարել: Սակայն վստահ չէ, թե խոշորացումից հետո եւս հնարավոր կլինի գյուղում որեւէ դրական փոփոխություն կատարել. « Արդեն երկու տարի է, որ աշխատում եմ, մեծ աշխատանքներ եմ կատարել՝ ջրագծեր եմ փոխել, գերեզմանների տարածքը մեծացրել եմ, ցանկապատել եմ, գյուղը լուսավորել եմ: Մեզ սրահ չունենք, շենքը 30 տարի է կիսակառույց վիճակում է, սուբվենցիոն ծրագրով հայտ եմ ներկայացրել, որ ունենանք սրահ, ժամանցի վայր: Ուրախություն է, թե՛ տխրություն Սպիտակում ենք անում: Մեր գյուղում ոչ մի ծրագիր չի իրագործվել, ոչ մի բան չկա: Մարզպետին խնդրեցի, որ մեր գործն անպայման նպատակին հասցնի, ֆինանսավորումն էլ ունեմ: Գումարը հավաքել եմ հատուկ դրա համար եւ հիմա ֆոնդայինով նստած է: Չգիտեմ, որ միավորվեն, բյուջեն մի տեղ լինի, գուցե չկարողանան մեզ համար ծրագիր ներկայացնել: Հիմա սա իմ բյուջեն է, ես իմ գյուղի համար մտածում եմ ծրագիր եմ ներկայացրել: Իսկ որ միանանք, ես չեմ կարող ասել, կարող է 10 տարին մի անգամ մի ծրագիր էլ մեզ համար անեն, կարող է եւ չանեն»:
Համայնքի ղեկավարի հետ համակարծիք է նաեւ ավագանու անդամ Արսեն Կարապետյանը: Վերջինս կողմ է խոշորացմանը, եթե միավորվեն երկու կամ երեք համայնքներ: Իսկ 21-ի դեպքում որեւէ դրական արդյունքի չի սպասում. «Հնարավոր է, որ մեծ համայնքների համար խոշորացումը ձեռնտու լինի: Հիմա մեր համայնքի բյուջեն մեր գյուղին կարող է բավարարի՝ իր ծախսերով ու պահանջներով: Երբ որ համայնքները խոշորանան, մեր պահանջներն էլ են մեծանալու: Տեսնենք հարեւան գյուղում ինչ-որ բաներ են ձեռնարկում, մենք պարտադիր կռվով է, պայքարելով է, պետք է պահանջենք ավելի մեծ-մեծ բաներ, որը որ մեզ հասանելի չի լինի, բայց պահանջը կմեծանա ու չի կատարվի»:
Քարաձորցի Լեռնիկ Հովսեփյանն էլ ասում է, որ իրենց՝ բնակիչների կարծիքը ոչ ոք չի հարցնում. «Իրենց ուզածն է, ոնց ուզեն տենց էլ անելու են: Ո՞վ է էսօր ժողովրդին բանի տեղ դնում, ոչ մեկը: 53 տարեկան մարդ եմ, էս գյուղում ապրում եմ, ամեն ինչից էլ տեղյակ եմ: Մեկ-մեկ հեռուստացույցով ասում են, որ համայնքների խոշորացում է լինելու, բայց ո՞վ է մեր կարծիքը հարցնում»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ