Մատենադարանի արհմիության նախագահ Գայանե Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը
Շաբաթ օրը՝ ուշ երեկոյին, Մատենադարանում աշխատելու ժամանակ անձրևաջրից խունացած առաստաղը ուժեղ աղմուկով ցած պոկվեց, ընկավ: Բարեբախտաբար, մարդ չկար վթարային հատվածում: Երկար ժամանակ է, ինչ բարձրացրել ենք ընթերցասրահի լուսավորության խնդիրը: Պարզվում է, որ կան ավելի լուրջ՝ կյանքին սպառնացող խնդիրներ:
Շորթող, կողոպտող համակարգը սպառնալիք է մեր կյանքի ապահովությանը ամեն տեղ՝ տանը, փողոցում, աշխատավայրում, որտեղ մենք կարող ենք մեռնել կամ դանդաղ դեստրուկցիայի ենթարկվել: Տխուր մտքերի մեջ, որոշ առումով վերապրածի ականջով լսեցի ցնցող ինտելեկտուալ կանանց՝ փիլիսոփա և ռադիկալ ակտիվիստ Անջելա Դեյվիսի և սև ֆեմինիստ գրող Թոնի Մորիսոնի հրաշալի զրույցը՝ «Գրագիտություն, գրադարաններ և ազատագրում» թեմայով: Զրույցը ձայնագրվել է 2010 թվականին՝ ավելի վաղ, քան կառուցվել է Մատենադարանը: Այստեղ հղում եմ զրույցի թարգմանությունը՝ արված 2018 թվին «Տարօրինակելով Երևանը» բլոգում:
Այս գրառման կոնտեքստում ուշագրավ են այն հատվածները, որոնք վերաբերում են գրադարանների ունեցած ազատագրող լիցքին և հակառակը՝ դրանց ապրոպրիացմանը իշխող սիստեմի կողմից: Շատ բան են ասում, օրինակ, բանտային և սևական գրադարանների աղքատացնող քաղաքականությունները, որոնք չունեին հետաքրքիր գրքեր. արգելվում էր բանտարկյալներին տալ լավ գրականություն, սակավ և անմխիթար էին սևերի համար նախատեսված գրադարանները…
Կարդացեք նաև
Ինչպիսի՞ն է գրադարանային քաղաքականությունը Հայաստանում իմ՝ երկարամյա համառ ընթերցողիս փորձառությամբ: Կարելի է աներկբա ասել, որ գրադարանային քաղաքականությունը Հայաստանում ունի նույն և գուցե շատ ավելի աղքատացնող բնույթը, ինչը, ըստ Դեյվիսի ու Մորիսոնի, իրագործվում է բանտային և սևական գրադարաններում:
Դեռևս Սովետական Միության փլուզումից հետո, որն արդեն իսկ ուներ հստակ մշակված գրքային աղքատ քաղաքականություն և գրադարանները համալրում էր հիմնականում միության տարածքում տպվող, մեծամասամբ անորակ գրականությամբ, գրադարանային քաղաքականությունը մտավ աղքատության ավելի խորը և համապարփակ փուլ ու շարունակվում է մինչ օրս: Գրադարանները զրկվեցին անգամ նախկին միութենական հրատարակություններից և կապերից, անկախության սկզբնական շրջանում, ասում են, կարկառուն մտավորականներ են եղել, որ պատռել ու պատուհաններից ցուցադրաբար դուրս են նետել ռուսերեն գրքերը որպես ազգային «զարթոնքի», ավելի ուշ պարզ կդառնար, որ ֆաշիզմի դրսևորում: Նախկինում բարեկարգ շենքային պայմանները հիմնովին ոչնչացան. ամեն ինչ արվում է ընթերցասրահները ցուրտ, գորշ, մութ ու անհրապույր դարձնելու համար: Վիժեցվում է հանրային պահանջի ձևավորման փորձն իսկ ունենալու հարմարավետ և հարուստ գրադարան՝ փոխարենը ուղղորդված միտում կա աշխատելու տանը կամ սրճարանում՝ միայնակ:
Պարզապես ողբալի վիճակում են Հայաստանի գրադարանային պահուստները: Արդեն երեսուն տարի դրանք համալրվում են հիմնականում տեղական խղճուկ հրատարակություններով: Չնայած Սովետմիության փլուզումը արվում էր երկաթյա վարագույրները տապալելու, ազատագրվելու խոստումներով, հասարակությունը ստացավ մի փոքրիկ տեղական աղքատ բանտ: Բավական է ասել, որ Հայաստան չի մտնում ոչ միայն օտարալեզու լավ գրականություն, այլև հասանելի չեն անգամ օնլայն գրքերը և ռեսուրսները: Հայաստանի գրադարաններն ու ինստիտուտները մուտք չունեն օնլայն գրքերի և հոդվածների շտեմարաններ: Ի՞նչ է սա: Արդյո՞ք զուտ փողի պակասի հարց: Ո՛չ երբեք: Սա փողի յուրացման և այն հանրային բարիքից կտրելու կանխամտածված քաղաքականություն է: Սա լավ մշակված կողոպտող, շորթող և աղքատացնող քաղաքականություն է, որի նպատակն է Հայաստանի հասարակությանը պահել միջնադարյան խավարում, զրկել նրան գիտելիքից, զրկել մտածելու, պայքարելու միջոցներից, որ հեշտ լինի իշխելը, շահագործելը, ունեզրկելը և սպանելը:
Գրադարանները հանրային կարևորագույն նշանակության տարածքներ են և միշտ կլինեն: Դրանք ռումբ են նեոլիբերալ կապիտալիզմի համակարգի տակ: Գրադարանում մարդը ոչ միայն կարդում է կամ աշխատում, այլ նախևառաջ հաղթահարում է իր մենակությունը, որովհետև միշտ կա հնարավորություն ստեղծելու կոլեկտիվ կապ, ընդմիջելու ընթերցանությունը և կիսվելու, խոսելու մեկ ուրիշի հետ: Դրա համար հարմար պայմաններ են պետք, պետք է հասանելիություն:
P.S. Հավատալով 2018 թվականի հեղափոխությանը՝ Մատենադարանի մի քանի աշխատողներով ստեղծեցինք արհմիություն այս և ուրիշ հարցերը, ինչպես ասում են, ինստիտուցիոնալ ճանապարհով բարձրաձայնելու համար, բայց բախվեցինք միակ՝ թաղային-կոնտրաբանդական ինստիտուցիայի գոյությանը: Այդ ճանապարհին որոշ կարկառուն հաստիքային մտավորականներ սկսեցին կամերային ելույթներ ունենալ, թե Մատենադարանը՝ ազգային տաճարը, քանդում են: Սիրելի՛ մտավորականներ, Մատենադարանը կլինի, թե այլ գրադարան կամ ինստիտուտ, բառի բուն և փոխաբերական իմաստով քանդվում են ձեր անձնապաստան, տգետ դիրքավորման և իշխանության բռնաճնշող քաղաքականությունները ծառայամտորեն սպասարկելու բերումով: Չեք հավատում, նայեք լուսանկարը: