Գյումրու կենտրոնում գտնվող խանութներում այսօրվանից ձվի դեֆիցիտ արդեն չկա։ Ի տարբերություն նախորդ օրերի, երբ ձուն վաճառում էին սահմանափակ քանակով, ասենք՝ մի հոգուն 15 հատից ավելի չէին տրամադրում, այժմ վաճառվում է անսահմանափակ քանակությամբ։ Գները կողք կողքի գտնվող տարբեր խանութներում տարբեր են, հիմնականում տատանվում են 85 դրամից մինչև 100 դրամ։
Գյումրու կենտրոնում գտնվող «Գուրման» խանութում 85-100 դրամ է, «Կարոնա» խանութում՝ 85-95 դրամ, իսկ «Սոս» խանութում՝ միայն 90 դրամ։
Թվարկված բոլոր խանութները միմյանցից մի քանի մետր հեռավորություն վրա են գտնվում։
Նկատենք, որ քաղաքի ծայրամասային թաղամասերում պատկերն այլ է, հատկապես թաղային փոքր խանութներում ձվի դեֆիցիտ կա ու որոշ խանութներում էլ գները հասել են մինչև 110 դրամ։ Մասնավորապես այդ պատկերն է Գյումրու Անի թաղամասի որոշ խանութներում։
Կարդացեք նաև
Նշենք, որ քաղաքի կենտրոնական խանութներ մեր շրջայց կատարելու պահին ձվի հերթեր այլևս չկային։ Նկատելի էր նաև, որ Զատիկին ընդառաջ այս ապրանքատեսակի պահանջարկ արդեն չկա․ շատերը շտապել էին ամենաթանկ գնով ձեռք բերել։
Ի դեպ, այսօր նոր միայն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը հայտարարել է, որ հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, որը, սակայն, մեկ օրվա գործ չէ։
«Գնի մասով խոսել ենք տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք հայտնել են, որ արտադրական ծավալները մեծացրել են եւ այսօրվանից սկսած ավելի շատ ձու կմատակարարեն եւ Զատիկից առաջ գինը կիջնի»,-ասել է պատասխանատուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ