ՀՀ ԱԳ նախարարի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին
Բարև Ձեզ,
Շատ շնորհակալություն հանձնաժողովի հարգելի նախագահ,
Հանձնաժողովի հարգարժան անդամներ, գործընկերներ,
2020 թվականը, հիրավի, լրջագույն մարտահրավերների տարի էր։ Նոր տիպի կորոնավիրուսը և Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նոր իրականություն ստեղծեցին Հայաստանի և ամբողջ աշխարհի համար։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև շփումները մեծապես իրականացվել են առցանց ձևաչափով՝ արտահայտելով վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու հրամայականը։
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում Եվրոպական միությունն ու ԵՄ անդամ երկրները Հայաստանին տրամադրել են ֆինանսական աջակցություն և բժշկական սարքավորումներ, փորձի փոխանակման նպատակով ԵՄ անդամ մի շարք երկրներից (Գերմանիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Իտալիայից) Հայաստան են ժամանել բուժաշխատողներ։ Մենք բարձր ենք գնահատում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքների մեղմման նպատակով ԵՄ կողմից Հայաստանի համար նախատեսված շուրջ 92 մլն եվրոյի չափով աջակցության փաթեթը, ինչը ենթադրում է և՛ նոր ֆինանսական միջոցներ, և՛ արդեն իսկ առկա միջոցների վերաուղղորդում։
Կարդացեք նաև
2020թ. ընթացքում շարունակվել և 2021թ. սկզբին ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, որի ուղղությամբ ՀՀ ԱԳՆ, ԵՄ-ում ու ԵՄ անդամ երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ողջ անձնակազմը շարունակական աշխատանքներ են իրականացրել։
Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը և ս.թ. մարտի 1-ից դրա լիարժեք ուժի մեջ մտնելը, իրապես, կարևոր իրադարձություն են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման համար։ Համաձայնագիրն ընդգրկում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդարձակ օրակարգը՝ սկսած քաղաքական երկխոսությունից, օրենքի գերակայության ապահովմանն աջակցությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև համագործակցությունը տնտեսական, առևտրային, շրջակա միջավայրի, առողջապահության, երիտասարդության և կրթության, նորարարության ոլորտներում։ Ինչպես գիտեք, Համաձայնագրի դրույթների մեծ մասը ժամանակավորապես կիրարկվում էին 2018թ.-ից սկսած՝ արդեն իսկ շոշափելի արդյունքներ բերելով մեր քաղաքացիներին։
2020թ․ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով նախատեսված բարձրագույն կանոնադրային մարմնի՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 3-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությունն ընդգրկող հարցերի լայն շրջանակ։
ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կարևորագույն կետերից է շարունակում մնալ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հարցը, որի շուրջ ՀՀ ԱԳՆ կողմից տարվում են թիրախավորված աշխատանքներ և՛ ԵՄ կառույցների, և՛ ԵՄ անդամ երկրների հետ։ 2020թ. հուլիսին ՀՀ ԱԳՆ կողմից ԵՄ-ին է փոխանցվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, ՀՀ պատրաստվածության մասին ինքնագնահատման զեկույցի լրամշակված և թարմացված տարբերակը։ Սույն զեկույցը կազմվել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման իրավական շրջանակը և քաղաքականությունը բացահայտող հարցաշարի հիման վրա։
Հայկական կողմը մշտապես նշում է, որ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը ենթադրում է լոկ բանակցությունների մեկնարկ, այլ ոչ թե Հայաստանի հետ անմիջապես ազատ վիզային ռեժիմի սահմանում։ Ավելին՝ ընդհանուր նախապայմանները, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ Հայաստանի կողմից արդյունավետ կիրարկումը, բավարարված են, ինչի մասին վկայել է նաև Եվրոպական հանձնաժողովը։
Համագործակցության բազմակողմ հարթակի՝ Արևելյան գործընկերության առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ այժմ մշակվում է ԱլԳ-ի հետ-2020 օրակարգը՝ հիմք ընդունելով Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ ս․թ․ մարտի 18-ին հրապարակված համատեղ կոմյունիկեն, ինչպես նաև ԱլԳ և ԵՄ անդամ երկրների կողմից ներկայացված առաջարկները։ Տեղեկացնեմ, որ ԱլԳ հետ-2020 օրակարգի շուրջ ՀՀ առաջարկներն ու գերակայությունները ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելին ու հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիին էին ներկայացվել 2020թ. ամռանը։
2020թ. ընթացքում ԱլԳ շրջանակներում հեռավար կարգով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց Հայաստանը բերել է իր մասնակցությունը, մասնավորապես՝ հունիսի 11-ի և ապա հուլիսի 1-ի՝ ԱլԳ ԱԳ նախարարական տեսաժողովները, հոկտեմբերի 13-ի՝ ԱլԳ Ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, ինչպես նաև հունիսի 18-ի՝ ԱլԳ տեսագագաթաժողովը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ ԵՄ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվել է լայնածավալ աշխատանք՝ քաղաքական, օրենսդիր և տեղեկատվական դաշտում։ Արդյունքում՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ ագրեսիայում Թուրքիայի և իր կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավվածության և հետպատերազմյան հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի վերաբերյալ ԵՄ և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Նիդերլանդների, Չեխիայի, Սլովակիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև ՄԹ և Շվեյցարիայի օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվել են մի քանի հարյուրի հասնող բանաձևեր և փաստաթղթեր: ԵՄ անդամ մի շարք երկրների իշխանության տարբեր մարմինների կողմից ամրագրվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և դրանից բխող Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման կարևորությունը:
Ներկայում ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ գերակայություններն են պատերազմի հետևանքների հասցեագրումը, այդ թվում՝ գերիների և որպես պատանդ պահվող անձանց անհապաղ վերադարձը և Արցախի կարգավիճակի հստակեցումը, հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրումը և Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պաշտպանությունը: Վերոնշյալ հարցերի կարգավորման նպատակով ՀՀ ԱԳՆ, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունն ու ԵՄ անդամ երկրներում հավատարմագրված դեսպանություններն իրականացնում են ամենօրյա աշխատանքներ, մշտական կապի մեջ են մտնում ԵՄ գործընկերների հետ։
ԵՄ Արտաքին գործերի խորհրդի՝ 2020թ. նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման արդյունքներով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես է եկել հայտարարությամբ, որում ԵՄ-ն ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին, շեշտել է հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը, վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին և կոչ է արել կողմերին իրականացնել ռազմագերիների փոխանակման և զոհերի աճյունների վերադարձի մասին պայմանավորվածությունները։
Հիշյալ հարցերին անդրադարձել եմ նաև 2020թ. դեկտեմբերի 17-ին կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի ընթացքում և վերջինիս շրջանակներում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի ու հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիի հանդիպումների ընթացքում։ Գործընկերության խորհրդի նիստի ընթացքում ԵՄ հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել 10 մլն եվրո՝ ընդլայնելու մարդասիրական օգնության ծավալներն ու աշխատելու հակամարտության՝ առավել համապարփակ վերափոխման և ավելի հեռահար սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ։
ԼՂ հակամարտության՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորմանը, հակամարտությունում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը, ռազմագերիների փոխանակմանը և ԼՂ-ում գտնվող հայկական մշակութային արժեքների պաշտպանությանն անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական խորհրդարանում ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերում (հունվարի 20-ին) և «Սիրիական հակամարտություն․ ապստամբությունից 10 տարի անց» (The Syrian conflict – 10 years after the uprising) բանաձևերում (մարտի 8-11):
Հավելեմ նաև, որ գերիների և որպես պատանդ պահվող անձանց անհապաղ վերադարձման կարևորությունն ընդգծվել է նաև 2021թ. հունվարի 29-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի հայտարարության մեջ, որը կոչ էր անում Ադրբեջանին վերադարձնել գերության մեջ գտնվող անձանց մի մասին։
Ս.թ. մարտի 23-ին Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց անհանգստությունն են հայտնում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումների վերաբերյալ, որոնք փաստագրված են, մասնավորապես, «Human Rights Watch»-ի վերջին զեկույցում, կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Խորհրդարանականներն անդրադառնում են նաև Ադրբեջանի կառավարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցների չկատարմանը և ևս մեկ անգամ կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել պատանդ պահվող մյուս բոլոր հայ անձանց՝ 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին համաձայնության դրույթների համաձայն։
ՀՀ ԱԳՆ