Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհետ կորածի կնոջն ազատել են աշխատանքից». 133 մանկապարտեզի դաստիարակը`տնօրենի մասին

Մարտ 29,2021 17:23

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել  մանկապարտեզներից մեկի մասին, որտեղ նշել է.«Մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետևանքով ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, որոնք 50-րդ, 47-րդ, 16-րդ և այլ հերթագրման համարն են ունեցել ՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը։

Նրանք ընդունվել են մանկապարտեզ միայն տնօրենի հայեցողական հրամանով, քանի որ «Մանկապարտեզ հերթագրման համակարգ» ծրագիրը թույլ չէր տա ընդունել այդ երեխաներին։ Արդյունքում՝ այլ 12 (հնարավոր է նաև ձեզնից յուրաքանչյուրի) երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու իր հերթի հնարավորությունից, իրավունքից։ Բացի այդ՝ մանկապարտեզ են հաճախել երկու աշխատակցի երեխա, որոնց արտահերթության հայտը մերժված է եղել։ Այսպիսով, դեռ կան տնօրեններ, որոնք փորձում են օրենքը շրջանցելով աշխատել: Ամփոփ՝ խնդիրը լուծված է, վաղաժամկետ լուծվել է ժամկետային աշխատանքային պայմանագիրը»:

Aravot.am-ը պարզեց, որ խոսքը թիվ 133 մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանի մասին է: Մանկապարտեզի երկարամյա դաստիարակ Աննա Մանուկյանը, որը տնօրենի քույրն է, բայց քրոջից ավելի վաղուց է աշխատում այդ մանկապարտեզում, սուտ է որակում քրոջ անվան հետ կապված բոլոր լուրերը:

Վկայակոչելով Առողջապահության նախարարի այն հրամանը, ըստ որի պետք է արտահերթության սկզբունքով ընդունել այն երեխաներին, որոնց երկու ծնողներն էլ աշխատում են, Աննա Մանուկյանը հավելում է, որ Ժաննա Մանուկյանը թաղապետարանի կրթության բաժնի Հրանտ անունով աշխատակցի հրահանգով ընդունել է երեխաների, իսկ հերթագրված մյուս երեխաների թվում չեն եղել օրինակ, պատերազմի արդյունքում հաշմանդամություն ստացածի, զոհվածի երեխաներ, ինչպես նշված է քաղաքապետարանի շրջաբերականում:

Աննա Մանուկյանը պնդում է, որ բոլոր երեխաները մատյաններում գրանված են, ամեն ինչ փաստված է օրինական փաստաթղթերով. «Թաղապետը նաեւ գրել է, որ աշխատողի երեխաներ են եղել մանկապարտեզում, մինչդեռ նրանք աշխատողի սենյակում են եղել, ոչ սննդից են օգտվել, ոչ էլ ինչ-որ բանից: Հետաքրքիր է` իսկ աշխատողն ո՞ւր տանի իր երեխաներին: Իրենք ասում են` տնօրենը «լեւի» երեխա ունի, երեխան ինչպե՞ս կարող է «լեւի» լինել, երբ հրամանով, մատյանով հաճախում է մանկապարտեզ»:

Տնօրենի քրոջ ձեւակերպմամբ, կրթության բաժնի աշխատակից Հրանտը իր «շեֆերի» մոտ հրաժարվում է, որ նման հրահանգ է տվել տնօրենին, բայց իրենք ձայնագրություն ունեն, որտեղ վերջինս պահանջում է անընդհատ չտալ իր անունը: Մեր զրուցակիցն ընդգծում է, որ մանկապարտեզի տնօրենը դիմել է քաղաքապետարան, այնտեղից հավաստիացրել են, որ իրեն աշխատանքից ազատելու իրավունք չունեն, քանի որ իրավական ավելի բարձր ուժ ունեցող հրամանի է հետեւել, սակայն, թաղապետարանից ինչ-որ մարդիկ են եկել եւ ազատման մասին թուղթ են բերել, որը տնօրենը հրաժարվել է ստորագրել:

«Տնօրենի ամուսինը սեպտեմբերի 30-ից մեկնել է առաջնագիծ, լուր չունենք, ինքն անհետ կորած է համարվում, տնօրենն ունի 3 անչափահաս երեխա, որոնց միակ խնամակալն ինքն է: Այսօր աշխատողներին հազիվ ենք զսպել, որ դռները մանկապարտեզի դռները չփակեն…Ի դեպ բաժնի պետը հայտարարել է, որ իբր տնօրենը գումար է յուրացրել, ինչի համար իրեն դատի ենք տալու: Չմոռանամ նշել, որ այդ բաժնում աշխատում է տեսուչ, որը մի քանի տարի առաջ մանկապարտեզի տնօրեն էր եւ հեռացվել է աշխատանքից 25 երեխայի թիվ ավել տալու համար: Ու այժմ այդ մարդը տեսուչ է, որը գալիս է մեզ մոտ ստուգման, Ռազմիկ Մկրտչյանն էլ ֆեյսբուքում տնօրենին դարձնում է հանցագործ»,- ասաց Աննա Մանուկյանը:

Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ եւ մեկնաբանություններ` առաջիկայում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Թաղապետը թող անձամբ գնա Ժաննա Մանուկյանի անհետ կորած ամուսնուն գտնի, բերի և դրանից հետո արդեն բարոյական իրավունք կունենա որոշելու այդ կնոջ լավ կամ վատ աշխատելու հարցը: Իսկ մինչև ամուսնուն գտնելը, 3 անչափահաս երեխաների մորը աշխատանքից ազատելը նորմալ մարդուն վայել քայլ չէ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031