Լրահոս
Օրվա լրահոսը

«Կես տարում չես կարող գիտնական դառնալ». Գեւորգ Սաֆարյան

Մարտ 29,2021 17:08

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Earlyone եւ Limetech ընկերությունների հիմնադիր Գեւորգ Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հատկացումները գիտության ոլորտին նույնքան կարեւոր են, ինչպես ցանկացած ոլորտում: Նրա խոսքով, սակայն, գիտական գործունեությամբ զբաղվելը երկարաժամկետ հանձնառություն է. «Դու չես կարող որոշել ու կես տարում դառնալ գիտնական, մինչդեռ կես տարում կարող ես դառնալ, օրինակ` ծրագրավորող»:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ, որ գիտությամբ զբաղվելը գրավիչ լինի, գիտությունն էլ զարգանա: Այս հարցերին ի պատասխան` մեր զրուցակիցը փաստեց, որ գիտնականների թիվը նվազել է, բացի այդ, անհրաժեշտ է ոլորտի երիտասարդացում. «Մեզ անհրաժեշտ են նոր մասնագետներ, բայց երբ նայում ենք գիտնականներին տրվող աշխատավարձերը եւ դրանք համեմատում այլ ոլորտների աշխատավարձերի հետ, հասկանում ենք, որ երիտասարդը չի կարող երկարաժամկետ հանձնառություն վերցնել` ասենք, վեց տարի սովորել, հետո երեք տարի 60 հազար դրամ կրթաթոշակով իր ասպիրանտական կրթությունը ստանալ, ապա թեկնածուական պաշտպանել ու շարունակել գործունեությունը գիտության բնագավառում, երբ աշխատողի բազային աշխատավարձն ընդամենը 100 հազար դրամ է»:

Գեւորգ Սաֆարյանը վկայակոչելով Staff.am-ի թափուր տեղերի եւ աշխատավարձերի չափի մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ HR ասոցիացիայի տվյալները, փաստում է, որ մարդը չի կարող չնչին աշխատավարձով գիտությամբ զբաղվել, երբ այլ ոլորտի 1-2 տարվա աշխատակիցը ստանում է 300 հազար դրամ, իսկ մի քանի տարի հետո` մեկ միլիոն եւ ավելի:

«Դրա համար այն երիտասարդները, որոնք ունեն մաթեմատիկական ունակություններ,նախընտրում են դառնալ ծրագրավորող: Խնդիր կա այնպիսի պայմաններ ապահովել, որ այս երիտասարդները նախընտրեն գիտությամբ զբաղվել: Ցավոք, այսօր շուրջ 150 ասպիրանտական տեղից միայն 20-30 hոգին են գիտությամբ զբաղվում: Գրավչություն չկա, անգամ եթե թեկնածուական են պաշտպանում, էլի գնում են դեպի ինդուստրիա»,-հավելում է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչը:

Նա տարակուսանքով փաստում է, որ ոստիկանների աշխատավարձն ավելի բարձր է, քան գիտնականինը, ապրիլի 1-ից էլ 100 տոկոսով բարձրանալու է Պարեկային ծառայության ոստիկանների աշխատավարձը, եւ սա այն դեպքում, երբ գիտնականների աշխատավարձերի ցածր լինելու մասին բարձրաձայնելիս ասում են՝ միջոցներ չկան:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի այն պնդմանը , որ «Գիտուժը» հերթական «փող ուզողների» նախաձեռնություն է: Նա նաեւ ասել էր, որ «Գիտուժում» առնվազն 100 միլիոնատեր կա, եւ եթե իսկապես ցանկանում են աջակցել գիտությանը, ապա յուրաքանչյուրը կարող է գոնե 2 հազարական դոլար ներդնել ու երիտասարդական դրամաշնորհ ֆինանսավորել, այլ ոչ թե անվերջ փող պահանջել:

«Տեսնելով ողջ համակարգի իրավիճակը` հասկանում ենք, որ տեղային լուծումները չեն փրկելու, նույնիսկ հիմա, երբ 2 միլիարդ դրամ գումար է ավելացվում: Այդ միջոցները բավարար չեն ենթակառուցվածքների բարելավման համար: Ի դեպ, գումարը միայն աշխատավարձի համար չէ, ենթակառուցվածքները շատ ավելի մեծ ներդրումներ են պահանջում: Այն գրասենյակային պայմանների պարագայում, որոնք մասնավոր ընկերությունները ապահովում են, այն հեռանկարների դեպքում, որ բացվում են նրանց աշխատակիցների առջեւ այդ ընկերություններում աշխատելիս, գիտությունը պարտվում է այս մրցակցության մեջ: Դրա համար թե ներդրումներ է պետք անել, թե տարբեր տեսակի սարքավորումների, լաբորատորիաների ու մյուս բոլոր ուղղություններով հարցեր լուծել, որպեսզի մեր երիտասարդները կարողանան գիտելիք արարել;

Ես Սասուն Գեւորգյանին չեմ ճանաչում, բայց ցանկացած մարդու, որն ունի հստակ ծրագիր, եւ որով առանց միջոցների ու 100 հազար դրամ աշխատավարձով, 60 հազար կրթաթոշակով կկարողանա զարգացնել գիտությունը, խորին շնորհակալություն կհայտնեմ: Մենք ուրախ կլինենք տեսնել նման հայտարարություններ անող մարդկանց ծրագրերը, լսել մեթոդները, ծանոթանալ համակարգին, որն իրենք են առաջարկում, որովհետեւ ինքս գիտնական չեմ, հայ մարդ եմ, որը հասկանում է գիտության կարեւորությունը` որպես պետականության համար մեկ անվտանգության երաշխավոր»,-ասաց Գեւորգ Սաֆարյանը:

Քանի որ «Գիտուժի» ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, հետաքրքրվեցինք իրենց արած պնդումներին համարժեք արձագանք եւ ընկալում եղե՞լ է:

«Ընկալումը եւ արձագանքը տարբեր երեւույթներ են…Մեր բոլոր ասածները, աշխատավարձերի համեմատականները, խնդիրները, վիճակագրական տվյալները ցույց ենք տվել, ներկայացրել ենք, թե ինչ վիճակում է մեր գիտությունը, եւ ինչ ծրագրեր ենք առաջարկում, որովհետեւ խնդիրը միայն աշխատավարձը չէ: Մենք ծրագրերը ներկայացրել ենք, ու քննարկման ժամանակ տարակարծություն չի եղել եւ միակ հարցը միջոցների հատկացման հարցն է եղել: Պարոն Ավինյանն ասաց, որ այս տարի կտրամադրվի 2 մլրդ, հետո այդ թիվը հայտարարվեց 2,7 մլրդ, 700 միլիոնն էլ պարզվեց մի գումար է եղել, որը կրճատվել է բյուջեից, հիմա հետ են բերել: Սա է իրավիճակը»,-ասաց «Գիտուժի» ներկայացուցիչը:

Նա նաեւ հավելեց. «Ես Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամ եմ: Արդեն 1,5 տարի է մեր ռազմավարության վրա ենք աշխատում, որի 5 ճյուղերից մեկում ամբողջությամբ շեշտադրված է գիտության կարեւորությունը: Մենք ձեռնամուխ ենք լինելու ամրապնդելու գիտություն եւ բարձր տեխնոլոգիական ընկերություններ կապը: Ի դեպ, շատերը մեզանից տարբեր ձեւերով ֆինանսավորվում են: Մյուս կողմից էլ, եթե մեկին կրթաթոշակ տաս, ու նա տեսնի, որ ավագ սերունդը ստանում է ընդամենը 100 հազար դրամ, կստացվի դրանք ջուրը գցած գումարներ են, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, անհրաժեշտ է այնպիսի համակարգ ստեղծել, որ պատշաճ եկամուտ լինի` համապատասխան այսօրվա իրավիճակին, այլապես երիտասարդը կամ ընտրելու այլ ոլորտ, կամ եթե սիրում է գիտությունը, գնալու է այն երկիր, որտեղ պահանջված է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Գեւորգ Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Jora Grigoryan says:

    Դե լավ է, որ արդեն հասկացել է գիտնական չլինելը։ Թե չէ ձեռներեց-գիտնական սահմանումը, որ իրենք տվել էին սեփական եսը բնութագրելու համար ավելի շատ անիմաստ էր, քան ծիծաղելի։ Այ եթե այսքանից հետո հասկանա, որ գիտությունը իր խելքի բանը չի՝ կհամարեմ լրիվ հաջողված գործընթաց։ Գնացեք ձեր բիզնեսով զբաղվեք, եթե կարող եք՝ փող նվիրատվութուն արեք։ Թե չէ հաստ դրամապանակը ծոցագրպանում ընկել եք պետության ջանը, բա թե փող տուր գիտությանը։ Չկա, որտեղից տա՝ դուք տվեք, եթե այդքան անհանգստացած եք գիտության վիճակից։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031