«Մեր օրենսդրությունը դատաքննության փուլում դատախազին հնարավորություն տալիս է մեղադրանքը փոխելու, թեեւ Վճռաբեկ դատարանը դա անելու համար սահմանել է բավականին բարձր չափանիշներ։ Օրինակ՝ նույն փաստական հանգամանքների վրա մեղադրանքը փոփոխել չի լինի, ըստ Վճռաբեկ դատարանի տաս տարի առաջվա նախադեպային իրավունքի, եւ նոր բան է մոգոնել, դա շատ բարդ է, որովհետեւ պետք է համապատասխան ապացույցների զանգված ունենան։ Հաշվի առեք, որ որքան քրեական գործի քննությունը հնանում է, արդեն 12 տարի է անցել, այնքան ավելի դժվարանում է ապացույցներ հավաքելը»,-այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց իրավաբան Արա Ղազարյանն՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ կայացրած որոշմանը՝ 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանադրությանը չհամապատասխանող։
Արա Ղազարյանի կարծիքով՝ դատախազությունը չի կարող երկրորդ անգամ նույն ճանապարհով անցնել եւ մնում է անմեղության կանխավարկածը, այսինքն՝ մեղադրանքից հրաժարվել։
«Թե ինչ հետեւանք կարող է լինել դատական իշխանության նկատմամբ, պետք է ՍԴ-ի տեքստին ծանոթանալ։ Հնարավոր է այնտեղ այնպիսի պատճառաբանություն է բերված, որ էլ ավելի ապահովագրի Սահմանադրության երկրորդ հոդվածի կիրառությունը։ Բանն այն է, որ այս հոդվածն իր մեծ թերություն ունի․ դեռ 2009-ին Վենետիկի հանձնաժողովը փորձեց առաջին անգամ անդրադառնալ այս հոդվածին, ասաց՝ կարծիք չի արտահայտելու բովանդակային մասով, այլ միայն նրան անդրադարձավ, թե հետադարձ կարո՞ղ է կիրառվել, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ ՍԴ-ն անդրադառնալու է այն հարցին, թե արդյոք իրավաչափ է սահմանադրական կարգը տապալելու հանցակազմն առանց բռնության տարրերի։ Ես ուսումնասիրել եմ 32 երկրների համեմատական իրավունքը՝ սահմանադրական կարգը տապալելու քրեական հանցակազմերի վերաբերյալ։ Բոլոր այդ երկրներում անխտիր կա բռնության տարրը, այսինքն՝ բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, այլ ոչ թե սահմանադրական կարգը տապալել։ Եվ ինձ մոտ միշտ հարց է առաջանում, օրինակ՝ չէ՞ որ երկրորդ հոդվածը ժողովրդավարական կառավարման իրավունքն է, այսինքն` մարդիկ իրավունք ունեն բողոքի ցույցերի միջոցով մասնակցել կառավարման ձեւավորմանը։ Հարց է ծագում՝ բողոքի ցույցը պե՞տք ակտիվ լինի։ Այո, պետք է։ Պե՞տք է առավել ակտիվ լինի, իհարկե, քաղաքացիական ակտիվություն պետք է լինի։ Իսկ օրինակ՝ կարո՞ղ են փողոցները փակել, այո։ Իսկ բռնություն կարո՞ղ են կիրառել, ոչ, չեն կարող։ Հիմա 300.1 հոդվածը բռնության տարրը չունի, իսկ մնացած հոդվածներն ունեն, ստացվում է՝ արդյոք ոչ բռնի եղանակով մասսայաբար փողոցները փակելը սահմանադրական կարգի տապալո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս հարցին ոչ ոք չի կարող պատասխանել, քանի որ չունենք ոչ դոկտրինալ մեկնաբանություն, ոչ համեմատական իրավունքն է այդ պատասխանը տալիս եւ ոչ էլ մեր դատական պրակտիկան։ Իսկ համեմատական իրավունքն ասում է՝ դա պետք է բռնությամբ ուղեկցված լինի, հակառակ դեպքում եթե ոչ բռնի եղանակով դու փորձում ես բողոքի ցույցերը տանել սահմանադրական կարգի տապալման տակ, դրանով վտանգում ես բողոքի ցույցերը»,-նշեց պարոն Ղազարյանը։
Նա հիշեցրեց՝ տարիներ առաջ ՍԴ-ն իր տարեկան զեկույցում ասել է՝ քաղաքացիներն իրավունք ունեն շրջափակել կարեւոր շենքերը, փողոցները, որպեսզի իրականացնեն իրենց իրավունքը, բայց սա իրավաբանական ուժ չունեցող եզրահանգում է։ «ՍԴ-ն այս որոշման մեջ քանի որ իրավական անորոշությանն է անդրադարձել, հնարավոր է այս երեւույթին է անդրադարձել, ասելով, որ եթե մենք անվերապահորեն կիրառենք 300.1 հոդվածը, ապա դրանով վտանգում ենք բոլոր այն բողոքի ցույցերը, որոնք ուղղված են ժողովրդավարական կառավարման իրավունքի ապահովմանը՝ Սահմանադրության երկրորդ հոդվածով, երբ հոդվածը չունի բավարար հստակություն, բռնության տարրը որպես հանցագործության օբյեկտիվ հատկանիշ նշված չէ։
Կարդացեք նաև
«Ինձ մոտ միշտ հարց էր առաջանում՝ ինչու բոլոր ժողովրդավարական պետություններ համարժեք քրեական նորմում ունեն բռնության տարրը, իսկ մենք ոչ։ Դա նշանակում է ցանկացած ծավալային բողոքի ցույց որոշակի հռետորաբանություն ունենալու դեպքում, ինքնաբերաբար կարող է համարվել սահմանադրական կարգի տապալում, նույնիսկ եթե դա բռնի չէ, նույնիսկ եթե հետապնդում է իրավաչափ նպատակ, օրինակ՝ խաղաղ հավաքների իրականացումը։ Եթե ՍԴ-ն անդրադարձել է այս հանգամանքին, ապա դա դրական է, անկախ նրանից, թե ինչ հետեւանք կունենա Մարտի 1-ի գործի վրա։ Մարտի 1-ի գործը կարելի է տանել այլ ուղղությամբ, այսինքն, կան զոհեր, եղել է բռնի, ոչ համաչափ ուժի կիրառում։ Հետևաբար` այդ հոդվածով երբ առաջադրվում էր մեղադրանք, պետք էր կանխատեսել, որ այս հոդվածը չունի բավարար հստակություն»,-ասաց պարոն Ղազարյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ