Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրային ցանցերից է կախված մատակարարի մուտքը շուկա, եթե դրանք փակ են, այդ բիզնեսը հաջողություն չի ունենա. ՏՄՊՊՀ նախագահ

Մարտ 29,2021 16:18

Այսօր առեւտրային ցանցերի եւ ապրանքներ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը ներկայացրեց փետրվար ամսին Ազգային ժողովի ընդունած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը:

ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ այն չպետք է մտահոգի տնտեսվարողներին, որովհետեւ ավելի հստակ է գրված եւ պարզ կարգավորումներ են ներդրված: Քննարկման նպատակը առեւտրային ցանցերի եւ մատակարարների ներկայացուցիչների կարծիքներին ծանոթանալն ու նրանց առաջարկները լսելն էր:

«Մեր նպատակն է, որ դուք արդար միջավայրում հնարավորինս շատ աշխատեք եւ հարկ վճարեք, մենք էլ դրա արդյունքում հնարավորինս շատ շահենք»,-ասաց պարոն Գեւորգյանը՝ նշելով, որ վերջապես խանութներում տարանջատել են բուսական եւ կենդանական յուղերի օգտագործմամբ պատրաստված կաթնամթերքը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ «Եթե իրականում կարողանանք աշխատել ազատ բարեխիղճ մրցակցության պայմաններում, կարծում եմ, օրենքը շատ ավելի օգտակար կլինի եւ բոլորս դրանից կշահենք»:

Ըստ նրա, նախկինում ապրանքների մատակարարումը գերիշխող դիրքի ներքո էին կարգավորվում, սակայն այսօր արդեն դրա որոշ դրույթներ կիրառելի չեն. «Օրինակ` առևտրային ցանցերի վրա նույն ակցիաների իրականացումը նորմալ երեւույթ է վերջիններիս համար եւ դրանք որակել որպես գերիշխող դիրքի չարաշահում, կարծում ենք, ճիշտ չէ»:

Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ, առեւտրային ցանցերից է կախված մատակարարի մուտքը շուկա եւ, եթե դրանք փակ են, այդ բիզնեսը հաջողություններ չի ունենա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031