Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան. «Չի կարող Հայաստանում լինել թուրքահաճո, թուրքական, Թուրքիային ծառայող իշխանություն»

Մարտ 29,2021 15:59

ՀՅԴ անդամները բողոքի ցույց արեցին ՀՀ Անվտանգության խորհրդի շենքի առջեւ:

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարեց.

«Սիրելի հայրենակիցներ:

Մենք հիմա շարժվում ենք մինչեւ մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կարեւորագույն կառույցներից Ազգային անվտանգության խորհրդի շենք, որն արդեն իր խորհրդի քարտուղարով դարձել է Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն: Իսկ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այլեւս հանգիստ կարող է ասել, որ Հայաստանում Թուրքիայի դեսպանն է:

Մարդ եւ կառույց, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել է գործիք հայ ժողովրդի հիշողությունը ուրանալու, հայ ժողովրդի պայքարն ուրանալու, մեր 1,5 միլիոն նահատակներին մոռանալու, ուրանալու եւ Էրդողանի ու Թուրքիայի գիրկն ընկնելու համար: Այդ մարդիկ պետք է դուրս նետվեն համակարգից, քանի որ հստակ քայլերով արցախյան պատերազմում տանուլ տալուց հետո հիմա Հայաստանին նետում են արդեն Թուրքիայի գիրկը:

Ալիեւը քիչ էր, հիմա արդեն Էրդողանն է: Եվ այս քաղաքականությունը առաջին օրը չի, որ կատարվում է: Դեռ երկու տարի առաջ ջահերով երթից հետո նիկոլականներից մեկը սպառնացել էր, որ քրեական գործ պետք է հարուցել Թուրքիայի դրոշը վառողների դեմ: Այն ժամանակ էլ հատուկ Թուրքիայի դրոշը այրեցինք՝ ասելով, որ մեր երիտասարդությունը տեր է իր պայքարին, մեր երիտասարդությունը տեր է հայության հիշողությանը: Բայց արդեն երկու տարուց ավել է՝ այս իշխանությունները իրենց քաղաքականությամբ, ամենօրյա գործունեությամբ մոռացության են տալիս հայության հիշողությունը, որն անհնար է լինելու:

Այստեղ կանգնած ոստիկաններից շատ-շատերի նախնիները այդ 1,5 միլիոն զոհերի թվում են: Բայց, ցավոք սրտի, այսօր պետական աշխատանքը, գործը, աշխատավարձը պետական համակարգում՝ համայնքներում, անվտանգության համակարգում մարդկանց ստիպում է, որ ուրանան իրենց նախնիների հիշատակը, մոռացության տան, որն անհնար է լինելու: Հայ ժողովուրդը թույլ չի տալու, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Թուրքիայի վիլայեթներից մեկը:

Մի քանի օր առաջ գլխավոր հողատուն մարզերում սկսեց իր քարոզարշավը, եւ բոլոր վայրերում՝ նույնը նաեւ երեկ, ամեն տեղ կրկնում է ցնորական թշնամու թշնամին, թշնամու թշնամին ինչ-որ մոլագար նախադասություն, որի նպատակը մեկն է. ապրիլ 24-ի նախօրյակին վիժեցնել աշխարհասփյուռ հայության, քաղաքական կառույցների պահանջը, վիժեցնել Հայ Դատի համար պայքարը, վիժեցնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը:

Հիմա շատ ավելի վտանգավոր մի եզրագծի ենք հասել, որ գլխավոր հողատուն փորձում է իբր կոմունիկացիաներ բացելու, դրանով, իբր, հայության օգուտների մասին խոսելով՝ ժողովրդի գլխից, ուղեղից հանելու մեր ժողովրդի հիշողությունը: Դա չի հաջողվելու ոչ գլխավոր հողատուին, ոչ այս շենքում նստած նրա կամակատար՝ Հայաստանում Թուրքիայի դեսպան Արմեն Գրիգորյանին:

Երկու օր առաջ իրենց հանրային հեռուստատեսությունում Արմեն Գրիգորյանը հստակ ասաց, բաց տեքստով կրկնեց այն, ինչ որ Փաշինյանը մի քանի օր է՝ ամեն րոպե կրկնում է, ինչ որ վերջին երեք տարիներին նրանք իրականացնում են:

Հայաստանը զենքերը վայր է դնում Թուրքիայի դեմ քաղաքական պայքարում, իր իրավունքների, իր հիշողության, իր մարդկային հիշողության համար պայքարում եւ ուղղակի գլուխը խոնարհում է Էրդողանի ու Թուրքիայի առջեւ: Դա անհնար է: Ցանկացած նման փորձ ձախողվել է եւ հիմա շատ ավելի արագ տեմպերով կձախողվի: Չի կարող Հայաստանում լինել թուրքահաճո, թուրքական, Թուրքիային ծառայող իշխանություն, որ հիմա կա մեր երկրում: Դա ամեն մի քաղաքացու պարտականությունն է:

Դիմում եմ Անվտանգության խորհրդի աշխատակիցներին: Մենք նպատակ չունենք որեւէ մեկիդ վիրավորել: Ձեզանից շատերը երկար տարիներ աշխատել են Անվտանգության խորհրդում, մեր անվտանգության համակարգում, ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Բայց արդեն երրորդ տարին է՝ այս շենք բերել, դրել են մեկին, որը տարիներ շարունակ արշավ է ծավալել Հայոց բանակի դեմ, ծաղրել է Ազգ-Բանակ գաղափարախոսությունը, ծառայել է օտարներին եւ ձեզ դարձրել է նաեւ գործիք: Ով ունի արժանապատվություն, ով գիտակցում է, թե ինչ կարեւոր գործի էր ժամանակին լծված, պետք է ոտքի կանգնի: Հակառակ դեպքում, այդ կարմիր շենքը, որը կառուցվեց իբրեւ մեր անվտանգության համակարգի մասնիկ, գույնը եւ բովանդակությունը փոխելու է եւ դառնալու է Թուրքիայի կարմիր գույնով դրոշը: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանում գործեն թուրքական գործակալները ոչ խորհրդարանում, ոչ կառավարությունում, ոչ ԱԽ-ում, ոչ որեւէ տեղ: Այս օրերին Փաշինյանի կոչով համատարած գլուխ է բարձրացնում Հայաստանում Թուրքիային ծառայող ազդեցության գործակալների ցանցը՝ սկսած Անվտանգության քարտուղարից, վերջացրած ԱԺ իշխանական պատգամավորներով: Բայց նրանց օրերը հաշված են: Հայ ժողովուրդը մերժելու է : Ապրիլի 23-ին նորից բարձրանալու են ջահերը Ծիծեռնակաբերդ, ապրիլի 24-ին նորից հայ ժողովուրդը քայլելու է Ծիծեռնակաբերդ: Եվ չէք կարող խլել որեւէ մեկից պահանջատիրության ջահը: Ապրիլի 23-ին նորից է վառվելու Թուրքիայի դրոշը: Վառվելու է ամեն օր՝ ի նշան մեր պայքարի, ի նշան մեր հիշողության, ի նշան հարգանքի, որ կա մեր 1,5 միլիոն զոհերի:

Այսօր այստեղ էլ է վառվելու Թուրքիայի դրոշը: Կարող է Թուրքիայի դեսպանի՝ Արմեն Գրիգորյանի սիրտը ցավա, բայց դա արդեն նրա խնդիրն է: Դա հայ ժողովրդի խնդիրը չէ: Դա դավաճանի խնդիրն է: Նրանք են, որ ծառայում են թուրքին, ծառայում են Ալիեւին, եւ այդ ծառայության համար զոհաբերեցին մեր հազարավոր զավակների, մեր ժողովրդի լավագույն որդիներին: Նրանք դա իրենց ծառայությամբ արեցին արդեն տեւական ժամանակ, արդեն երեք տարի: Բայց այլեւս համբերության բաժակը հատել է, թույլ չենք տալու: Եվ Հայաստանը, ի վերջո, լինելու է առանց արմենգրիգորյանների, առանց սրանցների, եւ վերջապես, լինելու է առանցնիկոլհայաստան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031