Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց․ «Քոչարյանի պաշտպանները կարող են հանգիստ խղճով վայելել հոնորարները, բայց այդ արդյունքը գնդակ է, որ խփվեց ՀՀ -ում արդարության նկատմամբ հավատի դարպասին»

Մարտ 29,2021 15:17

ՍԴ-ի որոշման կյանքի կոչելու խնդիր կա եւ կա օրենսդրական լուրջ անհստակություն։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց սահմանադրագետ Արտաշես Խալաթյանն՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշմանը՝ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը) հակասահմանադրական ճանաչելու մասին։

Արտաշես Խալաթյան

«Եթե իրավական որոշակիության մասին ենք խոսում, ապա այս դեպքում ունենք իրավական որոշակիության խնդիր, եւ եթե ՍԴ որոշումը այս օրենսդրական բացի համատեքստում կենսագործվի, ապա կունենանք իրավական որոշակիության հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտում։ Այս դեպքում տուժողի իրավունքի տեսանկյունից, ստացվում է այս որոշումը կենսագործվելու է անհստակությամբ՝ ի շահ ամբաստանյալի, բայց չկարեւորելով, անտեսելով տուժողի իրավունքները»,-ասաց պարոն Խալաթյանը։

Քննարկման մյուս մասնակիցներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նկատեց՝ գործը վերաբերում է ՀՀ նախագահի եւ իշխանության գործողություններին, այսինքն՝ խոսքն ակնհայտ անհիմն կերպով արտակարգ դրության հաստատման հրամանագրի մասին է, որի ժամանակ դադարեցվեցին, կասեցվեցին լրատվամիջոցների աշխատանքները․ «Խոսքը 0038 գաղտնի հրամանի մասին է, ըստ որի զինված ուժերի ինչ-որ կազմավորում ստեղծեցին, որը չի նախատեսված չէր եւ չէր էլ կարող նախատեսված լինել, կամ եթե նույնիսկ նախատեսված լիներ, ապա այդ նպատակին չի համապատասխանում՝ ներքաղաքական իրավիճակին»։

Պարոն Սաքունցը հիշեցրեց մանրամասները՝ հարյուրից ավելի քրեական գործեր էին հարուցվել ընդդիմադիր գործիչների դեմ, եւ այդ դատավարությունների վերաբերյալ կան ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մոնիթորինգի արդյունքները․ «Խոսքը խոշտանգման, վատ վերաբերմունքի զանգվածային դեպքերի մասին է, ոստիկանություն բերման ենթարկելու, բաժիններում եւ ՔԿՀ-ներում բռնության ենթարկելու մասին է։ Այսինքն, գործ ունենք կազմակերպված մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ, որոնք մեր աչքի առաջ են տեղի ունեցել»։

Արթուր Սաքունցի ներկայացմամբ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք սահմանված են Սահմանադրությամբ, եւ պետությունը ունի պարտավորություններ ապահովելու, երաշխավորելու մարդու իրավունքները․ «Եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք չկա Սահմանադրություն եւ օրենք, կա իրավունք, հարց՝ պետության ղեկավարությունն իրավունք ունե՞ր նման գործողություններ իրականացնելու մարդու իրավունքների երաշխավորմամբ վերցրած պարտավորությունների շրջանակներում։ Այդ ո՞ր գործողությունն է, որը համապատասխանում է կամ ամրագրված է հանրապետության նախագահի կամ իշխանության լիազորություններին, որի համաձայն նա կարող է ներքաղաքական իրադարձությունների ժամանակ զինված ուժեր ներգրավել, այդ ո՞ր հոդվածներով է, որ կարող է մարդուն ենթարկեն անհիմն քրեական հետապնդումների, ազատազրկեն եւ այլն։ Այսինքն, մենք իրավական այս աճպարարության մեջ պետք է ընդգրկվենք, եւ բովանդակային իրավունքի, պետության պարտավորություններն աչքաթող անե՞նք։ Սա իրավաբանների խնդիրն է, կառավարության խնդիրն է, որը արմատական փոփոխության չենթարկեց։ Կառուցակարգերից են խոսում, բա փոխեիք։ Պարզ չէ՞ որ այդ կառուցակարգերը մշակվել են հենց այդ տրամաբանությամբ եւ նպատակով, հիշեցնեմ՝ 2005-ին հատուկ հոդված մտցվեց, որի համաձայն՝ ՀՀ նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր պաշտոնավարման ավարտից հետո պաշտոնավարման ժամանակ կատարած գործողությունների համար։ Սա ավտորիտար, բռնապետական երկրներին բնորոշ օրենք է։

Ստացվում է, որ ՍԴ-ն գործող այդ իրավական նորմերի պարագայում, գտնում է, որ մարդու իրավունքների կազմակերպված եւ լայնածավալ, զանգվածային խախտումները հետապնդելի չեն»։

Իրավապաշտպանն ասաց, քրեական արդարադատությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածից ելնելով են գործում, բայց այս դեպքում սովորական մեղադրյալ չէ, այլ գործ ունենք պետական կառավարման լիազորություններ ունեցողի կատարած գործողությունների հետ, եւ մարդու իրավունքների տեսանկյունից պարտավորություններ ունեցող անձի հետ․ «Եվ այստեղ անմեղության կանխավարկածի դրույթը կիրառել տվյալ անձի եւ միակ տղամարդը հորջորջած անձի նկատմամբ, սա նույն է, որ ասենք՝ խոշտանգման գործերով ոստիկանն ունի անմեղության կանխավարկած։ Խայտառակ վիճակ է։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարող են հանգիստ խղճով վայելել այն հոնորարները, որ ունեցան այսպիսի արդյունք, բայց դա գնդակ էր, որը խփվեց ՀՀ -ում արդարության նկատմամբ հավատի դարպասին։ Սա լուրջ խնդիր է, լուրջ մարտահրավեր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031