Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ի որոշման ուժով դատախազները պիտի հրաժարվեն մեղադրանքից, դատարանն էլ գործը կարճի. Հայկ Ալումյան

Մարտ 29,2021 14:57

«Շուտ թե ուշ այս գնահատականը պիտի տրվեր, հարցն այն էր, թե կոնկրետ որ փուլում: Ցավոք, երկուսուկես տարի պետք եղավ, որպեսզի արձանագրվի այն, ինչ իրավաբանների համար պարզ էր սկզբից»,- այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչող որոշմանը:

«Այս որոշման հետ իր համընկնող կարծիքը հայտնեց ՍԴ դիմած դատավորը. սա կարևոր էր, որովհետև, ըստ էության, առաջին ատյանի դատարանը կիսում էր մեր մտահոգությունները: Սրանից հետո ՍԴ-ն խորհրդատվական կարծիքի համար դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատ և Վենետիկի հանձնաժողով: Այս երկու մարմինների եզրակացություններն էլ համընկնում էին մեր տեսակետին: ՍԴ-ի տված վերջնական ակտն էլի համապատասխանում էր մեր տեսակետին, որը ներկայացրել էինք դեռևս 2018 թվականին. Դժվար ճանապարհ անցանք, որպեսզի բոլորի համար պարզ դառնա այն, ինչ ի սկզբանե պարզ էր»,- նշեց պաշտպանը:

Անդրադառնալով ՍԴ որոշման հետևանքներին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ խելացի, ոչ իրավաբան մարդիկ հասկանում են, որ եթե ոլորտի մասնագետն ասում է, որ նորմը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա վերջ: Իսկ տգետ մարդիկ, բնականաբար, կասեն, որ ՍԴ-ն սխալ է, ՄԻԵԴ-ը սխալ է, Վենետիկյան հանձնաժողովը սխալ է:

Պաշտպանի փոխանցմամբ՝ ՍԴ-ի որոշումն այսօր մտնում է ուժի մեջ, հետևաբար դատարանը հենց այսօր հրատապ նիստ պիտի հրավիրի և պարոն Քոչարյանի ու մյուս երեք մեղադրյալների նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու որոշում կայացնի. «Այս մասով մենք միջնորդություն ներկայացրել ենք, բայց առանց մեր միջնորդության էլ ՍԴ-ի որոշման ուժով դատախազները պիտի հրաժարվեն մեղադրանքից, դատարանն էլ՝ գործը կարճի: Ընդ որում, օրենքը պահանջում է, որ քրեական հետապնդման մարմինը ներողություն հայցի այն անձանցից, ում անհիմն հետապնդել է»:

Հայկ Ալումյանը հայտնեց, որ երկրորդ նախագահի պաշտպանական խումբը ներկայացրել է նաև խափանման միջոցի վերացման միջնորդություն: Նրա կարծիքով՝ եթե այնուամենայնիվ դատարանը գտնի, որ մյուս՝ կաշառքի մեղադրանքի մասով առկա է խափանման միջոցի պահպանման անհրաժեշտություն՝ ապա զգալիորեն պետք է նվազեցվի գրավի չափը:

Կաշառքի մեղադրանքի հիմնավորվածության մասին պաշտպանը նշեց. «Բավականին երկար ժամանակահատված պարոն Քոչարյանին առաջադրված էր միայն սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, կաշառքն ավելացվել է ուշ: Այս մասով ասեմ, որ կան քննիչներ, որոնք բուն մեղադրանքի «կողքից մեղադրանք են դնում», որ եթե մեղադրյալը մի մեղադրանքով արդարացվի, գոնե մյուսով մեղավոր ճանաչվի: Այս գործի շրջանակներում, իհարկե, քննիչ իր նախաձեռնությամբ չի գործել: Հիշում եք, վարչապետն ինքն ասաց ՝ «ինձ զանգում, ասում են, որ էս մեղադրանքը ջուր ա»:

Ամփոփելով Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ պաշտպանական խումբը երկրորդ նախագահի հետ հանդիպել է, զրուցել է. «Ուզում եմ շեշտել, որ նույնիսկ կալանավորվելուց, կալանքից ազատվելուց ես երբեք պարոն Քոչարյանի մոտ չեմ նկատել տրամադրության կամ այլ փոփոխություններ: Մենք մնում ենք կարծիքին, որ սա քաղաքական հետապնդում էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031