Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք արդեն ունեք հմտություններ՝ դիմակայելու ձեր առջև հանդիպած մարտահրավերները». Յարոսլավ Զաբավսկի

Մարտ 29,2021 14:50

Մարտի 28-ին UWC Դիլիջան դպրոցում տեղի ունեցավ «Ֆաուհաուս․ հետահայաց» խորագրով վիզուալ արվեստների ցուցահանդեսի բացումը։ Այն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է դպրոցի բացումից ի վեր (2014թ.) և ներկայացվում է՝ որպես վիզուալ արվեստների դասընթացի ամփոփում: «Վիզուալ արվեստ»-ը դպրոցում դասավանդվող առարկաներից մեկն է, որի միջոցով ուսանողներն ինքնարտահայտվում են՝ ընտրելով արվեստի տարբեր ուղղություններ. նկարչություն, կոլաժ, լուսանկարչություն, տպագրություն:

 

«Ես շնորհավորում եմ ձեզ… Այս ամենը հեշտ չէր անել կարանտինի ու Արցախյան պատերազմի ընթացքում։ Դուք արեցիք դա ամենաբարդ պայմաններում։ Մտածեք դրական արդյունքների մասին և հաղթահարեք ձեր առջև դրված բոլոր դժվարությունները։ Ձեր աջակցությունը միմյանց, պարտքի զգացումը, ոգևորվածությունն ու հումորը կօգնեն ձեզ ապագայում։ Չէ որ մենք չգիտենք՝ ինչ կլինի վաղը մեզ հետ։ Հուսով եմ, որ դուք արդեն ունեք հմտություններ՝ դիմակայելու ձեր առջև հանդիպած մարտահրավերները»,- միջոցառման բացման իր խոսքում ասաց Վիզուալ արվեստի ուսուցիչ Յարոսլավ Զաբավսկին։

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ուսանողներն իրենց առջև ունեին ավելի բարդ խնդիր։ Համավարակի հետևանքով նրանք կորցրել են 3 ամիս իրենց գործնական դասաժամերից և պետք է ջանասիրաբար աշխատեն՝ գտնելու համար արվեստի գործերի ստեղծման նոր և առավել արդյունավետ ուղիներ՝ միևնույն ժամանակ արտահայտելով իրենց իրական ներքին զգացումներն ու համոզմունքները:

«Ես մանուկ հասակից զբաղվել եմ գրաֆիտիով, բայց ձգտում չեմ ունեցել այն շարունակելու։ Երբ եկա այստեղ, փորձեցի ուրիշ ոճերում ինձ գտնել, հետո հասկացա՝ այն, ինչ փոքր ժամանակ արել եմ, ավելի լավ կլինի նորից սկսեմ։ Թեմաս Սթրիթ արտիստի ճանապարհն է՝ պանդեմիայի պատճառով լոքդաունի մեջ։ Ստեղծել եմ սենյակ։ Ամեն նայող պետք է իրեն գտնի իմ պատերում, նկարներում, որովհետև յուրաքանչյուրս մեր ձևով ենք տարել լոքդաունը։ Շատ անձնական գործեր ունեմ ցուցադրված, դրանք արված են պատերազմի ժամանակ, ամբողջ զգացածս արտահայտել եմ։ Չնայած՝ բավականին անձնական են, բայց ամեն մարդ իրեն հաստատ կտեսնի ու կգտնի»,- պատմում է երկրորդ կուրսի ուսանող Գեորգի Ալիխանյանը։

Նկարիչներն իրենց առջև բարդ խնդիր են դրել՝ ֆովիստներից (20-րդ դարասկզբի մոդեռնիստական արվեստի ուղղություն) ոգեշնչված վառ և վայրի անհատականությունը համադրել Բաուհաուսի (գերմանական արվեստի ազդեցիկ դպրոց) տեխնիկայի և վարպետության խիստ կանոնների հետ: Արդյունքը այս հավաքածուի գործերն են:

«Իմ գործերում ներկայացրել եմ՝ ինչ է նշանակում լինել կին։ Գործերիս հերոսը ինքս եմ՝ ինքնանկարներս են։ Նկարում եմ մոտ 2 տարի ու յուրաքանչյուր նկար ունի իր պատմությունը։ Կարանտինի ընթացքում սկսեցի ուսումնասիրել ու նկարել կանանց մերկ մարմիններ առանց սեքսուալիզացնելու՝ դրանով ավելի արժևորելով կնոջ կերպարը»,- պատմում է Նինին, որը Վրաստանից եկել է UWC Դիլիջան՝ ուսումը շարունակելու։

Ցուցահանդեսում ներկայացված տարբեր ոճերի ու գաղափարների աշխատանքներից իր ուրույն տեղն էր զբաղեցնում Մարիամ Սարգսյանի աշխատանքների անկյունը, որը ամռանը շրջել է Հայաստանով մեկ ու լուսանկարել տեսարժան վայրերը։ Ցուցահանդեսին դրանք ներկայացված էին Հայաստանի քարտեզի տեսքով:

 

«Ցուցադրությունս կոչել եմ «Հայաստանը ներսից դուրս»։ Լինելով միջազգային դպրոցի աշակերտ, հենց այն երկրից, որտեղ գտնվում է դպրոցը, ինձ շատ են հարցնում՝ որտե՞ղ կարող են գնալ, տեսնել հետաքրքիր վայրեր։ Այս աշխատանքով փորձել եմ ցույց տալ Հայաստանի արտաքին գեղեցկությունը»,- նշեց Մարիամը:

Նրա աշխատանքներում, բացի Հայաստանից ու Երևանից տեղ էր հատկացված նաև կնոջ ու տղամարդու անհատական կերպարներին։  Միջոցառման ավարտին քոլեջի ուսանողներն հանդես եկան երաժշտական կատարումներով։

Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031