«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է խաղաղության մասին, սակայն՝ սպառնում Սյունիքի առնչությամբ, ձգձգում գերիների վերադարձի հարցը։ Ադրբեջանական կողմից տեսնո՞ւմ եք հնարավորություն՝ անվտանգության ուղղությամբ աշխատելու առնչությամբ։ Բացի այդ, առաջիկայում սպասվո՞ւմ է հանդիպում ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2020թ․-ի կատարողականի զեկուցման ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։
Արա Այվազյանը նախ նշեց, որ իրարամերժ են Ադրբեջանի հայտարարությունները․ «Մի կողմից Ադրբեջանը միջազգային հանրության մոտ ուզում է ստեղծել տպավորություն, թե հակամարտությունն ավարտված է, եւ իրենք պատրաստ են խաղաղության, մյուս կողմից՝ խոսքերն ու գործերը հակառակն են ապացուցում։ Ալիեւը որոշ լսարանների համար ականջ շոյող հայտարարություններ է անում, որովհետեւ հեռու գնացող նպատակներ ունի։ Ավարտվել է պատերազմը, հակամարտությունը՝ ոչ, եւ դա փաստում է նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ն։ Որպեսզի տարածաշրջանում իրապես ձեւավորվի անվտանգության եւ խաղաղության մթնոլորտ, ապա պետք է արձանագրվի Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։ Որպեսզի դրան հասնենք, երկար եւ դժվար գործընթաց է պետք։ Պետք է վերականգնել վստահության մթնոլորտը։ Մեր գերիների վերադարձի խնդիրն անհապաղ լուծում պետք է գտնի, եւ դա կլինի դրական քայլ հարեւան երկրի կողմից։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, այս պահին երկկողմ շփում չի նախատեսված։ Չեմ բացառում, որ ապագայում կլինի համանախագահների այց տարածաշրջան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ