«Թեեւ չունենք Սահմանադրական դատարանի որոշման տեքստը, բայց այնքանով, որքանով կոնկրետ հակասահմանադրական է ճանաչել հոդվածը, այլ ոչ թե ճանաչել է սահմանադրական իր իրավական դիրքորոշման շրջանակներում, ավելի հստակ է, մանավանդ 78 եւ 79 հոդվածները, եթե դրանք առնչվում են մարդու իրավունքներին, դրանք ունիվերսալ սկզբունքներ են, համաչափության սկզբունք է։ Դա նշանակում է, որ ՍԴ-ն հաստատեց այն, ինչ ասում էր Վենետիկի հանձնաժողովը, ինչը նշել էր Եվրոպական դատարանը՝ հոդվածը չունի իրավական հստակություն։ Դա նշանակում է՝ այդ հոդվածը չի կարող կիրառվել, ըստ էության, այդ հոդվածն առ ոչինչ է ճանաչվում իր ստեղծման օրվանից, այսինքն՝ բոլոր գործերը, որոնք հարուցվել են կամ հարուցվում են կամ ընթացքի մեջ են գտնվում այս հոդվածի հիմքով, դրանք պետք է կարճվեն»,-այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց իրավաբան, փաստաբան Արա Ղազարյանն` անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը։
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել էր Սահմանադրական դատարան սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու հարցով։
Օրերս ՍԴ-ն որոշում կայացրեց՝ 300.1 հոդվածը ճանաչել 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող, եւ ուստի, այս հոդվածով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։
Արա Ղազարյանի խոսքով՝ ՍԴ-ի որոշման իրավական հետեւանքներից մեկն այն է, որ եթե խափանման միջոց կալանքի հիմնավոր կասկածի հիմքում ընկած է այս հոդվածը, դա նշանակում է ինքնաբերաբար կալանքի ողջ տիրույթը նույնպես համարվում է անօրինական, եւ դրա վերաբերյալ արդեն կա ՄԻԵԴ-ի կոնկրետ դիրքորոշումը։
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործին, դրա ողջ ծավալին ես ծանոթ չեմ, եւ չի կարելի ասել, որ 300.1 հոդվածն ամփոփում է իր մեջ ողջ Մարտի 1-ի գործը։ Ի վերջո` զոհվել են քաղաքացիներ, մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ դա նշանակում է Մարտի 1- ի գործը վերաբերում է մահաբեր ուժի անհամաչափ, անօրինական կիրառմանը։ Եվ սա մասամբ կարող է կապ ունենալ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ։ Իսկ հիմնականում կարող է կապ ունենալ քրեական օրենսգրքի առավել կոնկրետ հոդվածով սահմանված հանցագործության կատարման հետ։ Ուստի չի կարելի ասել, որ Մարտի 1-ի գործը տապալված է, դրա մի մասն է անհաջողության է մատնված։ Բայց ինչպես ՍԴ-ն է ասել՝ եթե կա հանցադեպ, ապա դրա քրեական գործը երբեք չի կարող կարճվել։ Եվ եթե կան զոհեր եւ վիրավորներ, ապա գործը պետք շարունակվի մինչեւ զոհերի խախտված իրավունքների լիակատար վերականգնումը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ