Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Թուրքիան վաղ թե ուշ չի փոխի իր հայատյացության կեցվածքը»․ ԱԳ նախարար

Մարտ 29,2021 13:08

«Վերջին շրջանում իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները մշուշոտ ակնարկներ են անում այն մասին, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է, եւ ՀՀ-Թուրքիա հարաբերությունները պետք է «կոռեկցիայի» ենթարկվեն։ Դա անհասկանալի է։ Թուրքիայի հետ ինչ-ինչ կոնսուլտացիաներ են ընթանո՞ւմ»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2020թ․-ի կատարողականի զեկուցման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Արտաքին քաղաքականության վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է վարչապետի եւ ԱԳ նախարարի կողմից։ Կրկնեմ, որ հայ ժողովուրդը, որն ապրել է ցեղասպանություն, ամենալավն է գիտակցում խաղաղության գինը, եւ մենք չենք փնտրում թշնամիներ։ ՀՀ անկախացումից մինչեւ վերջերս ՀՀ-ն տարբեր նախաձեռնություններով հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-նախ նշեց Արա Այվազյանը։

Ապա շարունակեց․ «Առհասարակ, ինչպես միջանձնային, այնպես էլ՝ միջպետական հարաբերություններում կարեւորը փոխադարձությունն է, սակայն ցյուրիխյան գործընթացում առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը չփոխադարձվեց Անկարայի կողմից, ավելին՝ նախորդ դարի հայոց ցեղասպանությունը ոչ միայն կարծես չի դադարեցվել, այլեւ արտահանվել է մեր տարածաշրջան։ Բնականաբար, լավ գիտակցում ենք, թե խաղաղությունն ու հաշտեցումը ինչ հեռանկարներ կարող են ստեղծել, բայց դրանք գեղեցիկ բառեր չեն։ Որպեսզի տարածաշրջանում իրապես լինի խաղաղություն, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ կվերացնի թշնամական գործողությունները»։

Արման Աբովյանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիան ոչինչ էլ չի վերանայի․ «Հակահայկական թեզը նրանում միշտ անկյունաքարային է»։

Ապա Աբովյանը կրկնեց հարցը․ «Հիմա ինչ-որ կոնսուլտացիաներ կա՞ն ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ, գուցե երրորդ երկրների օգնությա՞մբ»։ Արա Այվազյանը պատասխանեց․ «Պատմության մեջ շատ են դեպքերը, երբ ողբերգական անցյալով երկրներն ի վերջո քաղաքական կամք են գտել եւ հաստատել են անհրաժեշտությունը՝ ձեւավորելու նորմալ, բարիդրացիական հարաբերություններ։ Հուսամ՝ Թուրքիան վաղ թե ուշ կգա այդ գիտակցմանը։ Չեմ կարծում, որ Թուրքիան վաղ թե ուշ չի փոխի իր այդ հայատյացության կեցվածքը։ Ինչ վերաբերում է հարցին, ապա ԱԳՆ-ն տեղյակ չէ որեւէ ձեւաչափի մասին, որում կարող են բանակցություններ գնալ պաշտոնական Անկարայի հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031