«Բնականաբար, պատերազմի արդյունքները մեզ ստիպում են իրատեսական մոտենալ մեր արտաքին քաղաքական օրակարգին։ Առաջին խնդիրը հիմա պետք է լինի ՀՀ անվտանգային օրակարգը եւ ՀՀ-ի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը»,-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2020թ․-ի կատարողականի զեկուցման ժամանակ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանի նկատառմանն այն մասին, որ տարածաշրջանային զարգացումները մեզ ստիպում են դաշնակիցների նոր շրջանակներում ներգրավվել՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Այս ընթացքում մի շարք այցեր ենք ունեցել եւ ակտիվ ներգրավված ենք գործընկերների շրջանակում։ Ձեր նշած ձեւաչափերը մեր օրակարգում են, բայց ՀՀ-ն առավել, քան այլ երկիր, շատ լավ գիտի խաղաղության արժեքը, եւ մենք թշնամիներ չենք փնտրում։ Ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ի շուրջ ձեւավորվի իսկապես կայուն անվտանգային մթնոլորտ»,-շեշտեց Արա Այվազյանը։
Շիրակ Թորոսյանը նշեց, որ անկախ մեր մոտեցումից՝ հիմա թշնամական իրավիճակում ենք․ «Մեր անվտանգային համակարգի համար պետք է նոր գործողությունների գնանք՝ տարածաշրջանային երկիր դառնալու նպատակով։ Տարածաշրջանում կան երկրներ, որոնց հետ մենք ընդհանուր շահեր ունենք։ Սա է իմ ասածը։ Պետք է վերանայենք հարաբերություններն այն երկրների հետ, որոնց պարագայում ոգեւորվել էինք։ Օրինակ՝ Իսրայելը, բայց տեսանք, թե ինչ վարքագիծ նա դրսեւորեց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո։ Ուստի մենք պետք է տեսանելի դիրքորոշում ցուցաբերենք»։
Արա Այվազյանն արձագանքեց․ «Դաշնակիցներ ձեռք բերելիս նախ մարտահրավերների ընդհանուր ըմբռնում պետք է ունենանք։ Մենք շատ ակտիվ եւ առարկայական ներգրավվածություն ունենք գործընկերների հետ՝ տարածաշրջանային եւ ոչ միայն։ Կարծես թե կա ըմբռնում, որ մարտահրավերներն առարկայական են դարձնում մեր մղումը։ Ինչ վերաբերում է ոգեւորությանը, կարծում եմ՝ երկրների հետ հարաբերություններում այն տեղին չէ։ Եթե առաջանում է սպառնալիք, դա նաեւ մեր աշխատանքի թերացումն է։ Ձեր նշած երկիրը նաեւ այլ շրջանակներում է կարեւոր գործոն, որը մենք չենք կարող անտեսել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ