ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը
2021 թվականի մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 728 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 211-ով:
Անցած շաբաթվա ընթացքում նվազել են նաև հրդեհի դեպքերը: Գրանցվել է 8 հաղորդում, որից մեկն օժանդակ շինությունում, երեքն աղբանոցներում և աղբակույտերում, 4-ը՝ չոր խոտատարածքներում: Փորձը ցույց է տվել, որ օդի ջերմաստիճանի բարձրացման հետ, հիմնականում քաղաքացիների անզգուշության պատճառով ավելանում են նաև բաց տարածքներում և անտառային գոտիներում հրդեհի բռնկման դեպքերը:
Անցած շաբաթ ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ հավաքական խմբի ավագ, գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեվի գլխավորած պատվիրակությանը: Գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ, որոնք ընդգրկված են ինժեներահետախուզական-սակրավորական աշխատանքներում, հումանիտար առաքելության ծրագրերում և անվտանգության նկատառումներով՝ հերթապահ ծառայությունում: Համատեղ աշխատանքի մեկնարկը տրվել է այսօր:
Կարդացեք նաև
Շաբաթվա ընթացքում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Մարտակերտի և Մարտունու շրջաններում շարունակել են զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման կամ վնասազերծման գործընթացը:
Յոթօրյա ժամանակահատվածում հայտնաբերվել է 96 հատ հրթիռակասետային ռումբ, հրետանու 168 արկ, 10 հատ նռնականետի նռնակ, հակահետևակային 1 ական, փոքր տրամաչափի 1800 հատ փամփուշտ, 228 հատ թնդանոթի պայթուցիչներ, 16 հատ ձեռքի նռնակ:
Գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորով ականի վրա պայթել է մեկ քաղաքացի: Շարքից դուրս է եկել գյուղտեխնիկան: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Շաբաթվա ընթացքում ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության ղեկավարի հանձնարարությամբ, ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումներում վերսկսվել են ուսումնական վարժություններն ու պարապմունքները:
Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարար ջոկատները շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները: Մինչ այսօր հայտնաբերվել է 1523 աճյուն:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն