Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան երիտասարդ՝ այդքան ավելի թերահավատ. Վրաստանի բնակչության մեծ մասը չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ. Jamnews

Մարտ 29,2021 10:44

Jamnews. Վրաստանում բնակչության 53 տոկոսը չի ուզում պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այսպիսի արդյունք է ցույց տվել հարցումը, որն անցկացրել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտ (NDI) հեղինակավոր միջազգային կազմակերպությունը Վրաստանում փետրվարի 17-24-ը։

35 տոկոսն ասել է, որ պատվաստվելու է, 12 տոկոսը չգիտի, թե արդյո՞ք պատրաստ է պատվաստվել։

Չնայած բացասական պատասխանների բարձր տոկոսին՝ հարցվածների միայն 5 տոկոսն է ասել, որ պատվաստմանը կտրականապես դեմ է։

Հրաժարվածների կամ դեռևս որոշում չկայացրածների մեծ մասը՝ 48 տոկոսը, որպես պատճառ նշել է պատվաստանյութի որակի նկատմամբ անվստահությունը։ Հարցվածների ևս 20 տոկոսը հայտարարել է, որ կարող է համավարակը հաղթահարել առանց պատվաստման։ Իսկ 10 տոկոսն ասել է, որ իրեն չի կարելի պատվաստվել առողջական խնդիրների պատճառով։

Որքան երիտասարդ՝ այդքան ավելի թերահավատ

Հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև 55 տարեկան մարդիկ պատվաստմանն ավելի թերահավատորեն են վերաբերվում, քան համեմատաբար տարեցները։

Պարզվել է նաև, որ կանայք Վրաստանում պատվաստանյութին ավելի շատ չեն վստահում, քան տղամարդիկ։

Տեղեկության ամենահուսալի աղբյուրը բուժաշխատողներն են

Ինչ վերաբերում է Covid-19-ի մասին տեղեկություն ստանալուն և աղբյուրների արժանահավատությանը, առաջնահերթությունները հետևյալ կերպ են բաշխվել․

  • բուժաշխատողներ՝ 74 տոկոս,
  • հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն՝ 68 տոկոս,
  • հեռուստատեսություն՝ 60 տոկոս,
  • համացանց՝ 35 տոկոս։

Վրաստանում պատվաստման մեկնարկին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Մարտի 15-ին պատվաստվել են առաջին քաղաքացիները, իսկ մարտի 18-ին Ախալցխա քաղաքում AstraZeneca պատվաստանյութի ներարկումից մահացել է 27-ամյա բուժքույր։ Պատվաստումից 30 րոպե անց նրա մոտ անաֆիլակտիկ շոկ է առաջացել, և նրան չի հաջողվել փրկել։

NDI հետազոտության հետ այս դեպքը կապված չէ, քանի որ հարցումն անցկացվել է փետրվարին։ Սակայն, անկասկած, այդ մահը բնակչության շրջանում էլ ավելի մեծ վախ ու անվստահություն է առաջացրել։

«Այժմ մենք պետք է աշխատենք պատվաստանյութի նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ։ Եվ հիմնականում այդ աշխատանքը պետք է կատարի բուժանձնակազմը։ Չէ՞ որ, եթե բժիշկը կամ բուժքույրը չեն վստահում պատվաստմանը, ապա նրանք չեն կարողանա համոզել բնակչությանը», — լրագրողներին ասել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։

Ըստ շատ փորձագետների՝ NDI հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կառավարությունը պատվաստման վերաբերյալ ոչ բավականաչափ գործուն գովազդային արշավ է անցկացրել և չի կարողացել մարդկանց համոզել պատվաստվել։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը՝ բրիտանաշվեդական AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութի 43 200 չափաբաժին, Վրաստանը ստացել է մարտի 13-ին։ Գործընթացը սկսվել է մարտի 15-ին։ Սակայն 70 հազար բուժաշխատողներից, որոնց համար նախատեսված էր այդ պատվաստանյութը, առաջին շաբաթում պատվաստվել է միայն չորս հազարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031