Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ զբոսաշրջության այս տարվա աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսվում է 319%-ով։ Նա ասել է՝ այսինքն, զբոսաշրջության աճը 2019 թվականի նկատմամբ -20-25% է, բայց 2020-ի նկատմամբ 319%-ով կլինի։
Այս թիվը շատերի համար անհավանական է, սոցցանցերում օգտատերերը նույնիսկ հեգնում եւ հումոր էին անում։ Թե նախարարն ինչ հաշվարկ է արել, չի մանրամասնել։ Սպասենք տարեվերջին վիճակագրական կոմիտեի հրապարակումներին, պարզ կլինի։
Թե ինչ սպասումներ կան մեր երկրում զբոսաշրջության ոլորտում, արդյոք կորոնավիրուսի շարունակվող համավարակի պայմաններում, պատերազմից հետո գրավիչ է Հայաստանը զբոսաշրջության համար։ Այս առումով ոլորտի մասնագետները լավատես են։
«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության (այժմ՝ կոմիտե) նախկին պետ Մեխակ Ապրեսյանը կասկածի տակ չի դնում Վահան Քերոբյանի հայտարարած ցուցանիշը, ասում է՝ եթե նման կանխատեսում է արվել, ուրեմն ինչ-որ հաշվարկներ ունեն։
Կարդացեք նաև
Պարոն Ապրեսյանը թեեւ չի լսել նախարարի հայտարարությունը, բայց ենթադրում է՝ եթե 319% -ով աճ են կանխատեսել, հավանաբար հաշվարկել են՝ նախորդ տարի ներգնա զբոսաշրջության այցելությունների թիվը կազմել է 375 հազար, կանխատեսում են, որ այս ցուցանիշը մոտ երեք անգամ կամ մի քիչ ավել կաճի այս տարի, եւ կունենանք մոտ 1,2 միլիոն այցելություն։
«Բայց պարզ է, որ այդ ցուցանիշը չի հասնի 2019-ի ցուցանիշին։ Այո, ոլորտի վերականգնում կանխատեսում ենք, նաեւ՝ այցելությունների աճ, բայց չգիտեմ՝ ինչո՞ւ հենց 319% եւ ոչ 320% կամ 300%, եթե կոնկրետ թիվ են ասել, նշանակում է ինչ-որ հաշվարկ ունեն տակը։ Ասելը լավ է, բայց պետք է գործ անել, այս ոլորտում անելիքներ շատ ունենք այդ թիվն ապահովելու համար»,-նշում է Մեխակ Ապրեսյանը։
Նա հիշեցնում է թվերը՝ 2020 թվականին զբոսաշրջիկների 375 հազար այցելությունը 80%-ով պակաս է 2019 թվականի համեմատ, իսկ 2019-ին 1միլիոն 894 հազար այցելություն է եղել, 375 հազարից 311 հազարը առաջին եռամսյակի այցելություններն են՝ մինչեւ կարանտին սահմանելը, առաջին եռամսյակի այցելություններ են։
Անդրադառնալով ոլորտի կրած վնասներին, մասնագետը մոտավոր հաշվարկներ է անում՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, դեռ 2013 թվականի հետազոտությամբ, 700-800 դոլար է ծախսում, 2013-ից հետո, իհարկե, ավելին են ծախսում, բայց եթե անգամ կոպիտ հաշվարկ արվի, եւ 800 դոլարը հիմքը լինի, եւ եթե նկատենք, որ մեր երկիր անցյալ տարի չի այցելել մոտ 1միլիոն 519 հազար զբոսաշրջիկ, ու մեր երկիր 1,2 միլիարդ դոլար չի մտել, չի ծախսվել։ Ահա եւ կրած վնասների մոտավոր թիվը։
Բայց պարոն Ապրեսյանը լավատես է, ասում է՝ որոշակի հարցումների եւ որոշակի քանակի զբոսաշրջային այցելությունների հիման վրա կարելի է ասել, որ հուսադրող իրավիճակ է. «Մենք շատ գործ ունենք անելու, որպեսզի այդ հարցումները բազմապատկվեն ու դառնան այցելություններ, եղած այցելություններն ավելանան, որպեսզի զբոսաշրջիկներն արդյունքում պատմեն՝ այո, Հայաստանում լավ էր, հանգիստ էր, անվտանգ էր, հետաքրքիր էր, Հայաստանը գնալով ավելի գրավիչ է դառնում»։
Մեխակ Ապրեսյանի ներկայացմամբ՝ շատ երկրներում, հատկապես նպատակային շուկա հանդիսացող երկրներում, եւ պոտենցիալ շուկա հանդիսացող երկրներում, մենք դեռեւս այն ցանկերում ենք, ըստ որի այցելության համար խորհուրդ չտրվող երկիր ենք, հիմնականում կորոնավիրուսի պատճառով, բայց եթե համեմատվենք շատ երկրների հետ, ապա մենք ավելի բարվոք վիճակում ենք. «Այս առումով շատ ակտիվ աշխատանքներ պետք է կատարվեն դիվանագիտական ուղիներով, առողջապահության նախարարության խողովակներով եւ հարթակներով, զբոսաշրջային կոմիտեի հարթակներով եւ ուղղություններով, սփյուռքի մեր համայնքներն օգտագործելով, աշխատենք այդ երկրների արտաքին գերատեսչությունների, իրավասու մարմինների հետ, որոնք իրենց քաղաքացիներին խորհուրդ տալիս կամ չեն տալիս տվյալ երկիր այցելելու, դուրս բերեն Հայաստանը խորհուրդ չտրվող երկրների ցանկից, որովհետեւ, կրկնեմ, մենք շատ երկրների համեմատ, ավելի բարվոք վիճակում ենք, բայց այդ երկրները այդպիսի ցանկերում չկան»։
Պարոն Ապրեսյանն ասում է, որ նախ պետք է աշխարհին ներկայացնել, որ մեզ մոտ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները լավ մակարդակի վրա են, ու համեմատաբար ավելի լավ վիճակում ենք, հիմա հեշտացվել է այցելությունը դեպի Հայաստան, 72 ժամվա բացասական թեստի պատասխանով կարելի է մուտք գործել երկիր, եւ արդեն շատ երկրներ սկսել են պատվաստումները, պետք է որոշում կայացնել ու պատվաստված լինելու դեպքում թույլ տալ մուտքը Հայաստան։
«Մենք առաջարկներ ենք ներկայացրել էկոնոմիկայի նախարարություն եւ զբոսաշրջության կոմիտե, հետամուտ ենք լինելու, որպեսզի դրանք իրականացվեն։ Օրինակ՝ ոլորտին տրվող աջակցության ծրագրերից մեկով պետությունն արտոնյալ վարկ է տրամադրում տնտեսվարողին, բայց արտոնյալ ժամանակահատվածը վեց ամիս էր, իսկ այսօր եկել է մարման ժամանակը բայց տնտեսվարողները դեռ եկամուտ չունեն։ Ուստի հարկավոր է առնվազն եւս վեց ամսով երկարացնել այդ ժամկետը։ Վարկերի օգտագործման նպատակը պետք է ընդլայնվի, ծրագրով այն խիստ սահմանափակ է։ Մի շարք այսպիսի խնդիրներ կան, եթե փոփոխություններ կատարվեն, ապա կարծում եմ ոլորտը կվերականգնվի, մեծ օգուտ կլինի։ Ոլորտին աջակցել է պետք, որպեսզի աշխարհում մեր դիրքերը պահպանենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2021