Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՔՈՎԻԴ-19-ը ունենում է նաեւ մաշկային դրսեւորումներ»

Մարտ 29,2021 13:00

Մաշկային տարատեսակ հիվանդություններ տարվա տարբեր եղանակների ի հայտ են գալիս` անհանգստացնելով մարդկանց։ Ինչպես նաեւ մեզ պատուհասած համավարակից առաջացած մաշկային հիվանդություններն են լայն տարածում գտել։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք մաշկավեներաբան Էդուարդ Ավագյանի հետ։

– Բժիշկ Ավագյան, այս շրջանում հիմնականում մաշկային ինչպիսի՞ խնդիրներով են բուժառուները դիմում։ Մաշկային խնդիրների սրացումներ լինո՞ւմ են հատկապես գարնան օրերին։

– Քրոնիկ ընթացքով հիվանդությունները սովորաբար հակում ունեն սրանալու գարնանը, այդ թվում՝ մաշկային հիվանդությունները։ Ինչո՞ւ։ Նպաստող գործոնները բազմաթիվ են. գարնանային հոգեհուզական ակտիվացումները, ձմեռային հիպոդինամիան եւ դրա հետեւանքով քաշի ավելացումը, հիպովիտամինոզները եւ այլն։ Այնպիսի մաշկային հիվանդություններ, ինչպիսիք են պսորիազը, նեյրոդերմիտը, վիտիլիգոն, խիստ կապված են սթրեսային գործոնների հետ եւ հաճախ սրանում են հենց գարնանը։ Ալերգիկ հիվանդությունները, այդ թվում՝ ատոպիկ մաշկաբորբը, եւս կարող է սրանալ գարնանը, հատկապես, ծառերի, ծաղիկների ծաղկման, փոշոտման ժամանակաշրջանում։

– Մեզ պատուհասած համավարակից` covid-19-ից առաջացած մաշկային խնդիրների վերաբերյալ ի՞նչ կասեք։ Հիմնականում ի՞նչ հետեւանքներ են լինում։

– Արդեն հաստատվել է, որ մոտ 20% դեպքերում ՔՈՎԻԴ-19-ը ունենում է նաեւ մաշկային դրսեւորումներ, որոնք կարող են լինել բազմատեսակ եւ բազմապիսի, սկսած բշտիկանման ցանից, ինչպես ջրծաղիկի ժամանակ է լինում, վերջացրած ցրտահարության նման ցանով։ Սակայն դեռեւս պարզ չէ, արդյոք մաշկային դրսեւորումները կապ ունե՞ն ՔՈՎԻԴ-ի ծանրության աստիճանի հետ։ Եթե ընդհանրացնենք, ապա առանձնացնում ենք հետեւյալ մաշկային դրսեւորումները` եղնջացանով դրսեւորվող, բշտիկային, էրիթեմատոզ, ցանցաձեւ լիվեդոյանման եւ ցրտահարության նման ցաներ։ Սակայն միայն ցանի առկայությամբ հնարավոր չէ հիվանդի մոտ ախտորոշել ՔՈՎԻԴ կամ նրան ուղարկել համապատասխան հետազոտության։

Մաշկային խնդիրներ կարող են առաջանալ նաեւ համաճարակի ժամանակ օգտագործվող ախտահանիչ միջոցների (ալկոգել, օճառներ) եւ անհատական պաշտպանության միջոցների (ձեռնոցներ, դիմակներ եւ այլն) երկարատեւ եւ սխալ կիրառման հետեւանքով. ալերգիկ շփումային մաշկաբորբ, էկզեմա, ակնե, ռոզացեա եւ այլն։

– Մաշկի ճիշտ եւ գրագետ խնամքի առումով ի՞նչ կարող եք առանձնացնել։

– Մաշկը մեր օրգանիզմի ամենամեծ օրգանն է, որը մշտապես գտնվում է շրջակա միջավայրի ազդեցության տակ։ Որպեսզի այդ ազդեցությունը չբերի վտանգավոր խնդիրների եւ հիվանդությունների, անհրաժեշտ է ճիշտ խնամել եւ հետեւել մաշկին։ Ինչ է ենթադրում մաշկի ճիշտ խնամքը։ Առաջին հերթին դա մաշկի ամենօրյա մաքրումն է, ցանկալի է՝ սովորական ջրով, սակայն կարող են օգտագործվել նաեւ մաքրող լոսյոններ, միցելային ջուր, թերմալ ջուր եւ այլ մաքրող, սպիրտ չպարունակող, չչորացնող հեղուկներ։ Անհրաժեշտ է պարբերաբար խոնավ պահել մաշկը, դրա համար օգտագործելով խոնավեցնող միջոցներ, եւ դա ցանկալի է անել հատկապես ձմռանը՝ չոր օդի վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար։ Մշտապես օգտագործել արեւապաշտպան միջոցներ 40 եւ ավելի spf-ով՝ արեւի վնասակար ազդեցությունից խուսափելու համար։ Եվ իհարկե՝ չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել մաշկաբանի՝ մաշկի վրա նույնիսկ թվացյալ չնչին խնդիրների առկայության դեպքում։

– Ո՞ր մաշկային հիվանդությունների դեպքում դիմել բիոպսիայի: Վերջինս իրենից ի՞նչ է ենթադրում, բժիշկ Ավագյան։

– Բիոպսիան որեւիցե մի հյուսվածքի, այս դեպքում՝ մաշկի կտորի վերցնումն է հատուկ հետազոտություններ, մասնավորապես, հյուսվածաբանական հետազոտություն իրականացնելու նպատակով։ Կան հիվանդություններ, խնդիրներ, որոնք ախտորոշման տեսանկյունից դժվարություններ կարող են առաջացնել մաշկաբանի համար։ Հենց այդ նպատակով էլ իրականացվում է նման միջամտությունը՝ կասկածելի ախտորոշումը հաստատելու կամ հերքելու, տարբերակիչ ախտորոշում իրականացնելու համար։ Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մաշկի չարորակ գոյացությունները՝ մելանոման (խալից առաջացած չարորակ նորագոյացություն), բազալիոման, սնկաձեւ միկոզը, կարող են վերջնականապես ախտորոշվել միայն հյուսվածաբանական հետազոտությամբ։

– Ի՞նչ ամենօրյա խորհուրդներ ունեք մեր հայրենակիցներին, ինչպես պաշտպանեն եւ առողջ պահեն իրենց մաշկը եւ որ դեպքերում դիմեն բժշկի։

– Ընդհանրապես մաշկը օժտված է բավականին մեծ պաշտպանողական-հարմարվողական հնարավորություններով, եւ եթե հետեւենք որոշակի կանոնների, ապա մաշկը կարող է շատ երկար ժամանակ ունենալ անթերի, գեղեցիկ եւ առողջ տեսք։ Որոնք են այդ կանոնները` լվացվել օրը երկու անգամ, տանից դուրս գալուց առաջ մարմնի բաց հատվածներին քսել արեւապաշտպան կրեմներ կամ կանանց պարագայում՝ տոնալ կրեմներ արեւապաշտպան հատկություններով, զերծ մնալ կասկածելի բաղադրությամբ տեղային միջոցների կիրառումից, հատկապես դեմքի մաշկին, հատկապես չորացնող հատկությամբ։ Խոնավեցնել մաշկը հաճախ, ինչպես նաեւ հաճախ լինել մաքուր օդում, վայելել կյանքը եւ պարբերաբար դիմել մաշկաբանի՝ կանխարգելիչ զննման եւ խնդիրների առկայության դեպքում։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031