Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, մինչդեռ Թուրքիան ու Ադրբեջանը դրան են ձգտում»

Մարտ 29,2021 14:00

Ի՞նչ իրավիճակ է հայ-իրանական համագործակցության ճակատում, ի՞նչն է պատճառը, որ Իրանը շարունակում է տարածաշրջանային հարցերում համեմատաբար պասիվ դիրքորոշում ցուցաբերել, արդյոք դեռ սպասողական վիճակո՞ւմ է: Այս հարցերի մասին «Առավոտը» զրուցեց իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի հետ:

Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ այս իրավիճակի պատճառներից է նաեւ այն, որ հունիսին Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ. ամենայն հավանականությամբ իշխանության են գալու պահպանողականները: Նա մանրամասնեց. «Ընդհանուր առմամբ՝ Իրանն աշխարհաքաղաքական փոփոխությունների նկատմամբ շատ զգայուն է: Իրանում շատ կարեւորում են այդ զարգացումները: Մի վերլուծական կայք կա, որը թարգմանաբար կոչվում է ազերիներ, երեկ այդտեղ տեսա մի գրառում այն մասին, որ Թուրքիան, Ադրբեջանը Սյունիքի մոտ ուժեր են տեղակայում, ուստի վտանգ է սպառնում, որ կարող են հարձակվել Սյունիքի վրա: Դրա համար Իրանում կառավարությանը հոդորել են, որ Իրանն էլ իր զորքերը բերի Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանում տեղակայի»:

Էմմա Բեգիջանյանի փաստմամբ՝ միջազգային սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, մինչդեռ Թուրքիան ու Ադրբեջանը դրան են ձգտում: Իրանագետը նաեւ մեջբերումներ կատարեց Իսրայելի մի կարեւոր վերլուծական կենտրոնի հրապարակումներից, որտեղ վերջին շրջանում շատ են վերլուծական հոդվածներն այն մասին, որ արցախյան պատերազմի արդյունքներն Իրանին հանկարծակիի բերեցին: Այս առիթով նա մանրամասնեց. «Ինչպես ես եմ ասել տարբեր առիթներով, քանի որ եռակողմ համաձայնագրի իններորդ կետը, որ արդեն բոլորը խոսում են միջանցքի, ոչ թե տրանսպորտային ճանապարհի մասին, Իրանի համար իրոք անակնկալ էր: Այսինքն՝ Իրանի ուշադրության կենտրոնում հիմնականում այս հարցն էր»:

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կան Խուդաֆերինի ջրամբարի գործարկման նախագծում, քանի որ հայտնի է, որ դեռեւս արցախյան պատերազմից առաջ Ադրբեջանը եւ Իրանը այն գործարկելու համաձայնագիր էին ստորագրել, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Այդ համաձայնագիրը վաղուց ստորագրել էին: Համագործակցությունը շարունակվում է. որեւէ խնդիր չկա այդ հարցում, պարզապես այն ժամանակ Ադրբեջանն Իրանին այդ հարցում քննադատում էր, որ դուք դա անում եք Արցախի, Հայաստանի հետ: Իրանն արդարանում էր՝ մենք ձեզ հետ ենք համաձայնագիր կնքել: Պատերազմի ելքից հետո Իրանի եւ Ադրբեջանի համար ավելի լավ պայմաններ են ստեղծվել այդ գործարքի իրագործման համար: Աշխատանքներն ընթացքի մեջ են»:

Իսկ թե Իրանի ակնկալիքները Ջո Բայդենի վարչակարգից արդարացա՞ն, թե՞ հայտարարությունները մնացին խոստումների մակարդակում, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Առաջին հարցը, որ խիստ կարեւորվում էր Իրանի համար, Իրանն էլ ուներ ակնկալիքներ, դա այն էր, որ կվերականգնվեր Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հարցը»:

Հիշեցնենք՝ Իրանի եւ 6 պետությունների միջեւ 2015 թվականին ստորագրվել է Իրանի միջուկային համաձայնագիրը, որը պաշտոնապես կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA): 2018 թվականին Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնագրից եւ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր քարոզարշավի ընթացքում խոստացել է վերադառնալ համաձայնագրին, սակայն ընտրություններից հետո նշել է, որ դա այդքան էլ հեշտ չի լինելու։

Իրանագետն ասաց՝ Բայդենի կառավարության բավականին որոշիչ պաշտոններում այն քաղաքական գործիչներն են, որոնք մեծ դեր են ունեցել 2015 թվականի այդ համաձայնագրի ստորագրման հարցում: Բայց հիմա ԱՄՆ-ն ասում է՝ գնդակն Իրանի դաշտում է, իսկ Իրանը ճիշտ հակառակն է ասում. ԱՄՆ-ն պետք է վերացնի սահմանափակումները: Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ այս հարցում փակուղային վիճակ է՝ չնայած Բայդենի կառավարությունն առաջին օրերից որոշ բարելավման միտումներ ցույց էր տալիս, որ խնդիրը դիվանագիտական հարթությունում պիտի լուծվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031