Այսօր Արմավիրի մարզի Արագածի համայնք այցի եւ բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա մի նախագիծ, ըստ որի նախատեսվում է Երեւանի բուհերի շենքերը հանել վաճառքի, ստացված գումարով էլ Երեւանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր բուհերում կան բազմաթիվ խնդիրներ․ «Դրանք կապված են ե՛ւ ֆիզիկական ենթակառուցվածքների, ե՛ւ բովանդակության հետ։ Եվ մենք ունենք այսպիսի գաղափար, որ Երեւան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնությունը, քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձեւավորված գումարներով Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր բուհական, դասախոսական, գիտական պոտենցիալը։ Եվ այս երեխաներն այդ բարեփոխված դպրոցից հնարավորություն ունենան գնալ այդ բարեփոխված բուհական համակարգ։ Այսօր մեր բուհերում, ասում են, նույնիսկ շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- նշեց Փաշինյանը։
Նա ասաց, որ ուզում է հանրությունը պատերազմի հետեւանքների այս իրադրությանը փորձի նայել նաեւ ուրիշ հայացքով․ «Ես այսօր գնում եմ մեր բոլոր նահատակների գերեզմանների առաջ ծնկի եմ գալիս, մենք մեր հարգանքի մեծագույն տուրքը պետք է մատուցենք, ներողություն խնդրենք նրանից, որ չկարողացանք նրանց կյանքը պահպանել, եւ խնդրում եմ այդ ներողությունը։ Բայց ազգովի նրանց հիշատակը հարգելու ամենամեծ ձեւը կլինի այն, եթե մենք ունենանք իսկապես բարեկեցիկ Հայաստան, իսկապես բարեկեցիկ Արցախ, իսկապես բարեկեցիկ, անվտանգ եւ երջանիկ»։
Վարչապետն ասաց, որ պատերազմի օրերին իր հրամանով մեծ քանակությամբ զենք է տրամադրվել, ով ցանկություն է հայտնել գնալ ճակատամարտ, զենք են տվել, բայց պատերազմից հետո ներքաղաքական ծանր իրավիճակում, ահաբեկչության քարոզի պայմաններում ոչ մի կրակոց չի հնչել․ «Սա աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ