«Պատերազմից հետո՝ այս հինգ ամիսներին, երբ երկրում լարված ներքաղաքական իրավիճակ է, մեր երկրում ոչ մի կրակոց չի հնչել»։ Այսօր Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում ասաց վարչապետ Նիկել Փաշինյանը՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս նույն արտահայտությունը վարչապետն արել էր նաեւ նույն մարզի Ալաշկերտ համայնքում։
Մյասնիկյանում էլ, ինչպես Ալաշկերտում եւ Արագածում բնակիչները հետաքրքրվեցին դատական համակարգից, դժգոհեցին դատավորների աշխատանքից եւ Մարտի 1-ի դատավարությունից։
Փաշինյանն ի պատասխան այն հարցադրումների, թե Մարտի 1-ի համար մեղավորները կպատժվե՞ն, մեջբերեց այսօր Արագածի բնակիչներից մեկի հայտարարությունը։
«Արագածում բնակիչներն ասացին՝ գելերն ուզում են նորից գալ իշխանության։ Ներկաներից մեկն էլ ասաց՝ եթե իրենք գել են, մենք էլ գելխեղդ ենք։ Թող որևէ մեկը ժողովրդի վրայով իշխանության գալու հույս չունենա»։
Կարդացեք նաև
Վարչապետն իր ելույթում նշեց, որ շատ կարեւոր են զինված ուժերի եւ բանակի բարեփոխումները։ Ասաց, որ պետք է խորացնեն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները․ «ՀՀ-ում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ, պետք է զարգացնենք համատեղ զորախմբի կարողություններն ու ձեւակերպենք խնդիրները, որպեսզի այն դառնա ՀՀ անվտանգության ապահովման ամենակարեւոր եւ արդյունավետ գործիքը, բայց մյուս կողմից էլ երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի ոչ թե պատերազմը, այլ՝ խաղաղությունը։ Երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի այն, որ մենք պետք է այլ հայացքով, այլ տեսակետից նայենք մեր տարածաշրջանին, մեր կանխավարկածն ու պատմությունն այն է, որ մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ։ Բայց եթե մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ, դա նշանակում է, որ բազմաթիվ ուրիշները մեզ համարում են իրենց թշնամի։ Որքան իրենք են մեզ համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց ավելի շատ համարում թշնամի եւ այս փոխադարձ թշնամական դոզայի մեծացումը բերում է ճգնաժամերի։ Մենք պետք է կարողանանք վերանայել տարածաշրջանի մեր գնահատականը, դիրքը, կեցվածքը, իհարկե, քաջալերելով ու ամեն ինչ անելով, որ ուրիշներն էլ այդպես վարվեն։ Որովհետեւ եթե միայն մենք այդպես վարվենք, դրանից ոչինչ չենք շահի։ Պետք է կարողանանք հասնել նրան, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում մթնոլորտի փոփոխություն լինի»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ մեր երկիրը պետք է երկաթուղի ունենա։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի