Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալուց հետս մի պարկ մեդալ եմ բերելու». հերոսի քույրը՝ եղբոր մասին

Մարտ 28,2021 21:45

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից էր Սերգեյ Պետրոսյանը։ Կենսուրախ, առույգ ու լավատես տղան երկու քույրերի եղբայրն էր։ Ավարտելով գյուղի դպրոցն` ընդունվել էր քոլեջ, ուսումը կիսատ թողել ու զորակոչվել բանակ:

«Երբ արդեն հայտնի էր՝ երբ է գնալու՝ շատ էր ուրախացել։ Զինկոմիսարիատի առաջ պարում էր ու բոլորիս ասում ՝ դուխով մնացեք, գալուց հետս մի պարկ մեդալ եմ բերելու»,- պատմում է կրտսեր քույրը՝ Լիանան:

Հավելում է. «Ընկերուհի էլ ուներ, որոշել էր՝ բանակից գալու էր ու ամուսնանար»։  Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրից Սերգեյը առաջնագծում է եղել՝ Մարտունիում։ Գրեթե ամեն օր զանգել, հնարավորինս ուրախ ու հուսադրող խոսել  է ընտանիքի հետ։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 22-ին, ասել է՝ ամեն ինչ շատ լավ է լինելու ու որ հանկարծ չանհանգստանան, խոստացել է հաջորդ օրը նորից զանգել։ Ընտանիքը մինչ այժմ սպասում է նրա զանգին։

 

Ինչպես ծառայության ընթացքում, այնպես էլ հերոսական մարտերում Սերգեյը աչքի է ընկել իր անվախությամբ ու արագ կողմնորոշվելու ունակությամբ: «Թշնամին ռազմական տեխնիկայով զինված մեքենան թողել ու փախել էր։ Սերգեյը առաջինն էր նկատել ու չլսելով հրամանատարին՝ գնացել բերել էր մեր կողմ այն»,-քույրիկի պատմելով՝ այսպես են ներկայացրել Սերգեյին ծառայակիցները:

Նրա բազում շնորհակալագրերի կողքին շուտով կավելանա ևս մեկը։ Այսօր Սերգեյն էլ հաղթանակը սրտում անմահների շարքում է, իսկ ընտանիքը դեռ սպասում է հերոսի խոստացած զանգին:

Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031