«Վերջին հինգ ամիսներն ի ցույց դրեցին Հայաստանի յուրահատուկ երկիր լինելու հանգամանքը, որովհետեւ մենք այսքան արհավիրքի միջով անցանք, եւ ըստ էության, հիմա պարզ է բոլորիս, որ գնում ենք հանգուցալուծման եւ դա արտահերթ ընտրություններն են»,-այս մասին այսօր Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ուշագրավ հայտարարություն արեց ներքաղաքական լարված իրավիճակի մասին․ «Մեր քաղաքական հակադրությունները, ճգնաժամը, մի պայմաններում, որ Հայաստանի Հանրապետությունում պատերազմի ընթացքում տասնյակ հազարավոր զենք է բաժանվել մարդկանց եւ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մի կրակոց չի հնչել։ Սա առանձնահատուկ դեպք է։ Դուք չեք կարող աշխարհի պատմության մեջ գտնել մի երկիր, որն այսպիսի աղետի միջով անցած լինի, այսպիսի պարտության առաջ կանգնած լինի, եւ դրանից հետո այսպիսի սրացումներ լինեն եւ մի կրակոց չհնչի։ Սա առաջին հերթին ձեր շնորհիվ է, որովհետեւ այդ բոլոր պոտենցիալ կրակողները՝ ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից, իմացել են, որ մեր ժողովուրդը դա չի ների, դա չի հանդուրժի, թույլ չի տա։ Սա մեր մեծագույն անելիքն է՝ արձանագրել, որ ՀՀ-ում այլեւս Հոկտեմբերի 27-եր չեն լինելու, Մարտի 1-եր չեն լինելու, այլեւս իշխանությունն ինչպես պինդ, ամուր գտնվում է ժողովրդի ձեռքին, ու այդպես էլ շարունակելու է գտնվել ժողովրդի ձեռքում»։
Վարչապետի խոսքով՝ պատերազմից հետո իշխանության համար հեշտ չի եղել, քանի որ, ինչպես նա ասաց, պարտության ամբողջ պատասխանատվությունն ու մեղավորությունն իրենց ուսերին է․ «Բայց մեր քաղաքական թիմը, ինքներս մեզ հաշիվ ենք տվել, որ մենք իրավունք չունենք ժողովրդի ձեռքից ստացած իշխանության հետ վարվել անփույթ։ Մենք դեկտեմբերից առաջարկեցինք եւ ուրախ եմ, որ եկանք այդ հանգուցալուծման, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, եւ սա մի բանի մասին է վկայում՝ մենք ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի իշխանության հետագա ճակատագիրը»։
Փաշինյանի խոսքով․ «Այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք ասում էին՝ ինչ ժողովուրդ, ժողովուրդը խի պիտի որոշի՝ ով իշխանություն լինի։ Մենք կաբինետներում կհավաքվենք, այսպես ասած՝ էլիտար շրջանակներով կորոշենք՝ ով է ճիշտ, ով է մեղավոր»։
Կարդացեք նաև
Վարչապետն ասաց՝ ժողովրդի դեմը խաղ չկա, ժողովուրդը որոշել է, որոշում է եւ պիտի որոշի․ «Ու ես համոզված եմ, որ դուք կկայացնեք ամենաճիշտ որոշումը, որն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը»։
Նիկոլ Փաշինյանը Ալաշկերտի բնակիչներին խոստացավ Ալաշկերտի ճանապարհն ամբողջությամբ պետական բյուջեի հաշվին կառուցել։ Այս խոստումն, իհարկե, ոգեւորեց նրա հետ եկած բնակիչներին, որոնք ծափահարություններով ընդունեցին ճանապարհի կառուցման մասին լուրը։ Բնակիչներից մեկն էլ ժամկետ պահանջեց, ի պատասխան տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ նախագծի հանձնարարությունը մեկ շաբաթ առաջ տվել է, այս տարի կկառուցվի ճանապարհը։
Քաղաքացիներից մեկն էլ դժգոհեց՝ 2018 թվականին իր ընտրությունը կատարել է հիսուն տարով․ «Բայց դատավորները հարվածում են իմ ուսին, մեր ուսերին, եթե մեր ուսերին են հարվածում, ուրեմն ձեր ուսերին են հարվածում, պարոն վարչապետ։ Չենք ուզում էդ ձեւի դատավորներ, ժողովուրդը պատրաստ է, ես անձամբ երեք տարի է պայքարում եմ, դատավորները չեն արդարացնում իրենց։ Կոռումպացված դատավորներ կան, կարծես թե Մարտի 1 չի եղել, տանկեր չեն մտել, մեզ դեբիլի տեղ են դնում իրենց դեբիլ հալով»։
Ի պատասխան վարչապետն ասաց՝ 2018 թվականից հետո կարծում էր, թե ամենամեծ խնդիրը դատական համակարգն է․ «Բայց մեր առաջ կար խնդիր՝ մենք ինչ դատական համակարգ ենք ուզում, այդ դատական համակարգը նախկինում եղել է խամաճիկային, եւ դրա պատճառներից մեկն է, որ մեծագույն խնդիր է եղել արդարության բացակայությունը։ Մեր իշխանության բերելուց հետո մենք ունեինք ընտրություն՝ պահպանե՞լ խամաճիկային դատարանի ինստիտուտը, թե՞ միջոցներ ձեռնարկել անկախ դատական համակարգը որպես ինստիտուտ կայացնել։ Մենք գնացինք ու գնում ենք երկրորդ ճանապարհով, որքան էլ դա մեզ համար դժվար էր, որքան էլ դատական համակարգը շատ հաճախ մեզ թիկունքից հարվածում է, որովհետեւ մարդիկ հայտարարություն են անում՝ ով որ վարչապետին սպանի՝ մեկ միլիոն դոլար պարգեւ կտանք, դրանց տանում են դատարան, ասում են՝ կալանավորեք, ասում են՝ չէ, գնա շարունակի։Այսինքն ստացվում է, որ մեր դատաիրավական համակարգը, ոնց նախկինում չկանխեց , հիմա էլ քաջալերում է նոր Հոկտեմբերի 27-եր ՀՀ-ում եւ հիմա դատական համակարգը քաջալերում է նոր Մարտի 1-եր։ Բայց եկեք պայմանավորվենք՝ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27, նոր Մարտի 1 չի լինելու, բայց լինելու է անկախ դատական համակարգ։ Մենք դատավորներին տվել ենք անկախություն եւ ազատություն, որովհետեւ մենք չենք ուզեցել, որ ով մեզ դուր չի գալիս՝ նրան դատենք, եւ ով որ մեզ դուր է գալիս, կամ հանցագործություն է անում հանուն մեզ՝ նրան ազատություն տանք»։
Փաշինյանի ներկայացմամբ՝ դատավորներին տվել են ազատություն, բայց նրանցից շատերն այդ ազատությունն օգտագործում են ընդդեմ ժողովրդի եւ ընդդեմ Հայաստանի․ «Բայց նրանք հեռու չեն գնա։ Գիտեք ասացվածքը՝ քառասուն օրվա մասին։ Այդ քառասուն օրն ավարտվելու է հունիսի 20-ին»։
Ելույթի մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ