Լրահոս
Օրվա լրահոսը

Գողամիտ Ժորիկը (պատմվածք)

Մարտ 28,2021 20:16

Առաջատար ճարտարագետ Փայլակին նշանակեցին իրենց հիմնարկի համակարգչային կենտրոնի  բաժնի պետի տեխնիկական գծով տեղակալի պաշտոնին: Այդ կենտրոնը սկսել էր ղեկավարել Փայլակի նախկին բաժնի պետի նախկին տեղակալը, որն էլ նրան հրավիրել էր իր մոտ աշխատանքի:

Հիմա Փայլակը պետք է ղեկավարեր այն  բաժինը, որը զբաղվելու էր համակարգչային տեխնիկայի շահագործման և վերանորոգման հարցերով:

Այս բաժնի հիմնական աշխատանքը կայանում էր նրանում, որ պետք էր ժամանակին և որակով վերանորոգվեին շարքից դուրս եկող համակարգիչները, պատվիրվեին և շահագործվեին նոր տիպի համակարգիչները, որոնց միջոցով կատարվում էին մաթեմատիկական ծրագրավորման զանազան  փորձարկումներ, թեստավորումներ,  այլ ոլորտի նվիրված աշխատանքներ, որոնք պատվիրվում էին հանրապետության զանազան կազմակերպությունների կողմից:

Որոշ ժամանակ աշխատելուց հետո Փայլակը նկատեց, որ իր ղեկավարած բաժնին հատկացված վերանորոգման համար նախատեսված գործիքները, այդ թվում նաև կարևոր էլեկտրական դետալները, օժանդակ սարքերի մասերը պարբերաբար անհետանում են:

Մեկ անհետանում էր որևէ բռնիչ (պինցետ) կամ հարթաշուրթ (պլոսկոգուբցի) կամ պտուտակահան (ատվյորտկա), նշտար (լանցետ), հազվադեպ նաև էլեկտրական զոդիչ (պայալնիկ) ու էլեկտրական այլ դետալներ:

Իսկ քանի որ իրենց բաժնին հատկացված աշխատասենյակը չափերով փոքր էր (շուտով տեղափոխվելու էին նորակառույց տարածք), ուստի վերանորոգման համար անհրաժեշտ գործիքները, սարքավորումները, էլեկտրադետալները և այլ անհրաժեշտ պիտույքները պահվում էին ոչ այնքան մեծ  պահարանի դարակներում, որոնց վրա փակելու հարմարություններ չկային:

Փայլակը որևէ կորստի դեպքում պահեստից նոր ապրանք էր պատվիրում ու ստանում, հները դուրս գրում, լրացնելով անհետացածների քանակը, բայց նաև զուգահեռաբար, գաղտնի կերպով հետևում էր, թե ո՞վ է այդ, այսպես կոչված, հերոսը, որը զբաղվում է մանր գողություններով:

Երկար ժամանակ նրան չէր հաջողվում հայտնաբերելու վնասարարին: Կասկածներ ուներ, որ դրանք կարող են Ժորիկի ձեռքի գործը լինել, բայց նա բավականին լուրջ մասնագետ էր և դժվար թե իրեն թույլ տար այդպիսի արարք կատարել:

Բանը նրանում էր նաև, որ Ժորիկը մի քանի անգամ Փայլակին խնդրել էր տանից բերած իր սեփական հնամաշ գործիքները փոխարինել նորերով և Փայլակը չէր մերժել ու գնացել էր նրա խնդրանքին ընդառաջ և չէր կարող պատկերացնել, որ նա ընդունակ է այդպիսի քայլի:

Այդպես օրերն անցնում էին և գործիքների ու դետալների կորուստները չին դադարում: Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում էին անհետանում դրանք, այդպես էլ չէր պարզվում:

Իհարկե, այդ մասին ոչ ոք չէր իմանում, բացի դրանք թռցնողից ու մեկ էլ Փայլակից:

Սակայն, վերջապես մեկ անգամ Փայլակը նկատեց, որ Ժորիկը, իր սենյակ մտնելու պահին ինչ-որ անհանգիստ շարժում կատարեց՝ ձեռքը տանելով գրպանը, ապա արագորեն դուրս եկավ սենյակից:

Փայլակը այլևս համոզվեց, որ գործիքների ու մանր-մունր դետալներ հափշտակողը հենց Ժորիկն էր:

Մի օր էլ, աշխատանքի ավարտին, նա Ժորիկին խնդրեց մի փոքր սպասել, բան ունի իրեն ասելու:

Ժորիկը, իհարկե, չզարմացավ և հնազանդորեն գնաց, նստեց իր աշխատասեղանի մոտ ու սպասեց:

Երբ բոլոր աշխատակիցները լքեցին նեղլիկ աշխատասենյակը, Փայլակը հանդարտորեն աթոռակը մոտ քաշեց Ժորիկի սեղանին, հարմարավետ տեղավորվեց վրան և դիմելով նրան մի քիչ խիստ տոնով ասաց.

-Ես համոզվեցի, որ այդ գործիքների, զանազան դետալների կորուստը քո ձեռքի գործն է, բայց որպեսզի խայտառակ չլինես, ժամանակ եմ տալիս հրաժարվելու այդ վատ սովորույթից:

Ժորիկն, իհարկե, մի փոքր այլայլվեց, ցանկացավ պաշտպանվել, բայց Փայլակը ավելի խիստ տոնով, շարունակեց.

-Ես իմ ասածն ասացի, հիմա դու գիտես, կարող ես աշխատանքից զրկվել,-կարճ կտրելով խոսակցությունը, Փայլակը դանդաղորեն վեր կացավ ու սենյակից դուրս եկավ:

Այդ դեպքից հետո, որոշ ժամանակ գործիքների կորուստները դադարեցին:

Սակայն, այնպես պատահեց, որ Փայլակին աշխատանքի հրավիրեցին մի այլ հիմնարկում փորձարարական կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցնելու:

Մի քանի ամիս էր անցել, երբ Փայլակը իր աշխատասենյակում աշխատակիցներից մեկին կարևոր հարցի շուրջ հրահանգներ էր տալիս, երբ  աշխատասենյակի դուռը թակեցին, որից հետո դուռը կամացուկ բացվեց ու մեկը գլուխը ներս մտցնելով, ասաց.

-Կարելի է՞, պարոն Փայասլյան:

Ժորիկն էր:

-Նե՛րս արի, Ժորիկ,-լուրջ դեմքով ասաց Փայլակը,-ի՞նչ կա:

Ժորիկը  ներս մտավ ու անմիջապես դիմելով Փայլակին ասաց.

-Պարոն Փայասլյան, Հենրիկի (Հենրիկը այն կենտրոնի պետն էր, որտեղ աշխատում էր Փայլակը) հետ վիճել եմ, աշխատանքից դուրս եմ եկել, խնդրում եմ ինձ աշխատանքի ընդունեք Ձեզ մոտ, ընտանիքս ֆինանսական ծանր վիճակում է:

Մի փոքր մտածելուց հետո, Փայլակը լուրջ դեմք ընդունելով ասաց.

-Հաշվի առնելով քո ֆինանսական նեղ վիճակը, ինչպես ասացիր դու, քեզ կընդունեմ աշխատանքի, բայց միայն մեկ պայմանով, որ…

-Հասկացա, պարոն Փայասլյան, խնդրում եմ այդ մասին չխոսենք, ես խոստանում եմ, որ այլևս այդպիսի բան չի լինի:

-Դե, վաղը կգաս, դիմում կգրես, բայց ես քեզ արդեն զգուշացրեցի:

-Շնորհակալություն, պարոն Փայասլյան,-ասաց Ժորիկն ու ցտեսություն ասելով դուրս եկավ Փայլակի աշխատասենյակից:

Ժորիկը աշխատանքի ընդունվեց, մի քանի ամիս, ամեն ինչ իր տեղում էր, սակայն նորից սկսվեց դետալների ու գործիքների անհետացումը:

Այս անգամ արդեն Փայլակը խորամանկության դիմեց: Իր փոքրիկ մետաղյա պահարանից, որտեղ պահում էր ավելի թանկարժեք սարքերն ու գործիքները, վերցրեց նիկելապատ փոքրիկ հարթաշուրթը, ծածուկ դրեց իր սեղանին և աշխատակիցների հետ դուրս եկավ ընդմիջման, իսկ Ժորիկին փոքրիկ հանձնարարություն տվեց, որպեսզի նա կատարի, ապա նոր գնա ընդմիջման:

Ճաշարան գնալու ճանապարհին, Փայլակը աշխատակիցներից խնդրեց, որ իրեն համար էլ ուտելիք պատվիրեն ու քանի որ իբր կարևոր բան պետք է վերցներ պահարանից, վերադարձավ աշխատասենյակ:

Երբ նա մտավ աշխատասենյակ, Ժորիկը հանգիստ նստած իր աշխատասեղանի մոտ, տրված հանձնարարությունն էր կատարում:

Փայլակը մոտեցավ իր աշխատասեղանին և նկատեց, որ այնտեղ դրված հարթաշուրթը անհետացել է:

Հանելուկը լուծված էր, բայց այն ճշգրտելու համար, Ժորիկին, իմիջիայլոց, հարցրեց.

-Ժորիկ, իմ գնալուց հետո, սենյակ մարդ մտել է՞:

-Ո՛չ, պարոն Փայասլյան,-հանգիստ պատասխանեց Ժորիկը:

Լսելով բացասական պատասխանը, Փայլակը ինչ-որ թղթեր վերցնելով, դուրս եկավ աշխատասենյակից:

Հաջորդ օրը, ընդմիջման ժամին, երբ բոլոր աշխատակիցները դուրս էին գալիս աշխատասենյակից, Փայլակը դիմեց Ժորիկին:

-Ժորիկ, դու մնա, քեզ մի փոքր հանձնարարություն ունեմ տալու:

Ժորիկը, ինչպես միշտ, անխռով տեսքով, նայեց Փայլակին ու հանգիստ արտաբերեց:

-Լսում եմ պարոն Փայասլյան, ի՞նչ պիտի անեմ:

-Կնստես ու մի դիմում կգրես, որ քեզ ազատեմ աշխատանքից, հակառակ պարագայում, նկատողություն կտամ և կհեռացնեմ աշխատանքից, որը կարտացոլվի քո աշխատանքային փաստաթղթերում: Ես չեմ ուզում, որ դու խայտառակ լինես այս կոլեկտիվի առջև:

-Պարոն Փայլակ, ներողություն եմ խնդրում, ընտանիք ունեմ, երեխա:

-Դրա համար էլ ասում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում կգրես, հակառակ դեպքում կհեռացնեմ,-խիստ տոնով զգուշացրեց Փայլակը և դուրս եկավ աշխատասենյակից:

Հ.Գ. Երեկոյան, երբ տանը ընթրելուց հետո, Փայլակը ձեռքն առավ բացատրական բառարանը և փորձեց  պարզել գող բառի իմաստը, այնտեղ գտավ մի քանի հետաքրքիր պարզաբանումներ, որոնցից երկուսը մեջ եմ բերում այստեղ՝ գողամիտգողություն կատարելուն հակում ունեցող մարդ, գողամոլ (կլեպտոման)-հիվանդություն, որով տառապում են որոշ մարդիկ:

Ու այդպես էլ Փայլակը չկարողացավ հասկանալ, Ժորիկը հակում ուներ գողության, թե տառապում էր  գողամոլությամբ:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031