Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ «Կային ժամանակներ, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, որ այդ ժամանակներն անցան»

Մարտ 28,2021 19:14

«Ցանկացած պետությունում նման խայտառակ պատերազմից հետո մարդ սուս ու փուս կգնար, կամ իր կուսակցությունը կպարտադրեր կամ Ազգային ժողովը։ Մենք տարբերվում ենք մյուսներից, մեզ մոտ այդպես չէ»- այսօր այս մասին Դեմիրճյան փողոցում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա ասաց՝ հերիք չէ իշխանությունները հրաժարական չեն տվել,  դեռ մի բան էլ հոխորտում են, ինչ-որ նոր ծրագրեր են առաջարկում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամություն անել․ «Պատերազմն ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր դրա մասին է հայտարարում ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանն՝ իրենց ժողովրդին ուղղորդելով, որ պետք է ոչնչացնեն հայերին, վերցնեն Երեւանն ու Սյունիքը, ու այդ պայմաններում երկրի ղեկավարներն ասում են՝ պետք է ընկերություն, բարեկամություն անել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ժամանակներ կային, որ դրա համար գնդակահարում էին, ափսոս, որ այդ ժամանակներն անցան»։

Վազգեն Մանուկյանի խոսքով․ «Հիմա ես մի պահ պատկերացնում եմ, որ Հիտլերն այդպես վարվեր՝ պատերազմից մի ամիս առաջ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեր եւ նշանակեր ընտրություններ՝ այսօր չէին ունենա այսպիսի հզոր  Գերմանիա։  Գերմանացիները հասկացան՝ ֆաշիզմի էջը պետք է փակել, դատապարտել, որպեսզի բացվի նոր էջը։ Հիմա մենք  գտնվում ենք այս խայտառակի էջի մեջ եւ չենք կարողանում այդ էջը շուռ տալ։  Իսկ հաջորդ էջում մեզ սպասվում են բազմաթիվ բարդություններ եւ հսկայական հնարավորություններ։ Այս էջը զոռով պահելու արդյունքում մենք չենք կարողանում ստանալ այն առավելությունները, որոնք կարող էինք ունենալ, եթե էջը կարողանայինք թերթենք»։

Շարժման վարչապետի թեկնածուի խոսքով․«  Նիկոլ Փաշինյանին ոչ միայն պետք է վռնդել իր արածների համար եւ իր անշնորհք կառավարման համար, այլ ինքը տեղում նստելով ուտում է մեր ապագան, մեզ  զրկում է ապագայից։ Այդ ապագան բարդ է լինելու, որովհետեւ նոր հնարավորություններ օգտագործելու համար մենք պետք է կարողանանք  վերականգնել նաեւ այն, ինչ ունեցել ենք՝ բանակը, սահմանները, Արցախը, որ կարողանանք այս նոր խաղի մեջ առավելություններ ստանանք»։

Ըստ պարոն Մանուկյանի,  Նիկոլ Փաշինյանը նվաստացրեց բանակը, որպեսզի բանակն իր դեմ չլինի․«Բայց մեկ է՝ բանակն իրեն դեմ է եւ մի օր ոտքի է բարձրանալու։ Նա կաշառեց ոստիկանությանը, բայց եթե կաշառք տալիս են, պարտադիր չէ, որ անես այն, ինչ ուզում են»։

Պարոն Մանուկյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանը կիրառում է  ուժ, որպեսզի մնա իշխանության․«Եվ խաղաղ ցույցերով դա չի գա անցնի։Ուժին պետք  է հակադրել ուժ։ Մենք ոչ թե պետք է հավաքվենք եւ կիսվենք մտքերով, այլ ստեղծենք ուժ։ Այդ ուժը պետք է լինի  ժողովուրդը։ Մենք պետք է զբաղվենք քարոզչական գաղափարական աշխատանքով, մենք պետք է գնանք շրջանները եւ ամեն տեղ ստեղծենք մեր կառույցները եւ ոտքի բարձրանանք, եւ մի օր կբարձրանանք ամբողջ ժողովրդով եւ 1-2 օրում կոչնչացնենք ամեն ինչ։ Այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ «իքս» օրվան»։ Կրկնեմ՝ ուժին պետք է հակադրել ուժ։ Խաղաղ խոսակցությունները չեն օգնի։ Բայց այդ ուժը ոչ թե հազար կամ երկու հազար երիտասարդներն են,որոնք չափարները ջարդելով մտնում են շենքերը, ոչ, այդ ուժը մեր ժողովուրդն է»։

Տեսանյութը՝ շուտով

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031