Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Տիգրան Մանսուրյանին

Մարտ 28,2021 18:57

Սիրելի մաեստրո

Ուշացումով շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը եւ կրկին ուշացումով ուղարկում այն նյութը, որին մասամբ ծանոթ եք եւ որը գրեթե պատրաստ էր խմբագրության` նախորդ հոբելյանական տարեդարձին ընդառաջ: Զավեշտաբար մի ողջ տարի պետք եղավ, որպեսզի կարողանամ նստել ու ամփոփել այն, ինչը գրվել էր մեկ շնչով, Պեկին-Երեւան թռիչքի մեջ` օդում:

Բայց ինչո՞ւ զավեշտաբար: Մի՞թե բնական չէ, որ տիեզերական, երկնային այնպիսի նյութի համար, ինչպիսին երաժշտության առեղծվածն է, երկինքը ավելի բարենպաստ վայր պիտի լիներ եւ որ այդ անձեռնելի, եթերային նյութը երկրի վրա փաթեթավորելու փորձը դիմադրության պիտի արժանանար հենց իր` նյութի կողմից:

Երեւում է, չէ՞, որ ֆիզիկոսի աղջիկ եմ: Շնորհակալություն ժպտալու այս առիթի համար, քանի որ իմ մեջ վերջին շրջանում տիրապետում է ամենայն ինչի անիմաստության զգացումը, որի պատճառը ոչ միայն անձնական կորուստներս են, այլ նաեւ հայրենիքում տիրող ամոթալի վիճակը, համատարած սգո ֆոնի վրա ահագնացող աթոռակռիվը, պատեհապաշտության ու ռևանշիզմի, քաղաքական անգրագիտության ու մորթապաշտության ողորմելի դրաման:

Պարտությունից ավելի ցավալի է այն, ինչ պարզ դարձավ պարտության պատճառով: Այն, թե ո՞վ ենք մենք որպես կոլեկտիվ գիտակցություն եւ հատկապես որպես կոլեկտիվ անգիտակցություն: Թե ի՞նչն է պատճառը, որ մեզ չի հաջողվել երբեւէ պահպանել պետականությունը: Թե ո՞րն է, այնուամենայնիվ, որպես հայ էթնոս մեր հարատեւության պատճառն ու առաքելությունը: Տա Աստված, որ գոնե տիրո՛ջ ընտրությունը ճիշտ կատարել կարողանանք` թեպետ չեմ կարծում, որ մենք ի զորու կամ իրավասու ենք այդպիսի պատասխանատու ընտրության: Մնում է աղոթել Աստծուն, որ մեր հաջորդ տերերը լինեն ավելի բարեհոգի, իսկ մենք կշարունակենք Սիզիփոսի համառությամբ պատմության քարքարոտ զառիվերով հլու ու գլխիկոր վեր տանել անկախ պետականության ու ծովից ծով Հայաստանի կայսերական հիշողության  բեռը – այն պարզապես այնտեղից եւս մեկ անգամ ցած գլորելու համար: Պարզվում է, որ դա՛ է մեր հարատեւության գաղտնիքը, առաքելությունն ու նպատակը:

Ցավալի է, չէ՞: Ներեցեք, եթե տխրեցրի: Ինչեւէ, չշեղվենք արվեստի ու երաժշտության հրաշքից, միակ վայրը, որտեղ դեռեւս հնարավոր է խոսել բարձր արժեքների մասին, հավատալ մարդու վեհ բնույթի հնարավորությանը: Ավելի լավ է վերհիշել մեր հրաշալի եռյակի (Նուբա՛ր … ինչո՞ւ … ինչո՞ւ …) անհոգ թափառումները` լի զվարթ ու իմաստալից զրույցներով, հումորով ու լավատեսությամբ, նաեւ ծովափնյա այն օդավետ ու անկրկնելիորեն գեղեցիկ մայրամուտները, որոնց հիշողությամբ գրվել է տեքստը – հիմնված բացառապես իմ դիտարկումների, հիացումների եւ բացահայտումների  մտային նոթագրության վրա: Ոչ թե լրագրողական, այլ պոետական հնար, ինչը հնարավոր անճշտությունների ու բացթողումների մեծ տեղ է թողնում, որի համար նախապես խնդրում եմ Ձեր եւ ընթերցողի ներողամտությունը:   

                                                                                                          Սիրով` Սոնա Վան

 Սահմանի վրա

(Մեդիտացիա օվկիանոսի ափին կամ բառի և հնչյունի միջև) 

Տիգրան Մանսուրյան -Նայի՛ր… Տեսնո՞ւմ ես հորիզոնի գիծը, որ քաշ է հավաքում հետզհետե։ Սա այն գույնն է, որով մայրամուտը սկսում է իր աղոթքը։ Գույնի տրոփը լսո՞ւմ ես։

Նայում ու անմիջապես ֆիքսում եմ հորիզոնի տեսանելի ողջ լայնությամբ ձգվող շառագունած կարմիրը` հսկայական երակի պես, տեղ-տեղ նեղանալով ու լայնանալով- ասես տրոփում է: Բայց սեւեռումով լսողի պես ափը ականջին սեղմած մաեստրոյի հարցը «ասես» կամ մետաֆոր չի ենթադրում: Նա խոսում է իրական գույնի իրական տրոփի արդյունքում լսվող իրական ձայնի մասին, որը, հավանաբար, գալիս է պարզ ականջի համար անլսելի ձայնային սպեկտրի այն ավելի բարձր կամ ավելի ցածր հատվածից, որ գոյություն ունի մարդուց, ականջից ու ամեն ինչից անկախ: Eurica- ի մանկական ոգեւորությամբ ուզում եմ պատասխանել – ուրեմն այս տիրույթի՞ց են ներկրվում ավանգարդի հնչյունները ու հենց այ՞դ է պատճառը, որ պարզ ականջի համար մնում են խորթ ու անհասկանալի, բայց ներքին մի ձայն ինձ ասում է` լռի՛ր:

Հենց այդպես էլ մտնում ենք խոհի ու երաժշտության գնացք, որտեղ քիթս ապակուն սեղմած փորձում եմ որդեգրել լսողության այն ձևը, որը գաղտնազերծող ոգու պես կմտնի այդ անհայտ հնչյունի մեջ, կգտնի դրա մեջ տրոփող գույնի գաղտնի մտադրությունը, որը իր էվոլյուցիայի մեջ չէր կարող դառնալ ուրիշ ոչինչ, քան այն, ինչ դարձել է։

Հետաքրքիր է, չէ՞ – մենք Աստծուց բառ ենք ակնկալում, մինչդեռ պարզվում է, որ այն հնչյուն է սոսկ։ Հնչյուն, որն ամեն բան գիտի քամիների մասին ու հոգնության, զվարթության մասին ու վատնումի և որի արձագանքի մեջ Աստված գտնում է իրեն, իսկ մարդը՝ Աստծուն։ Հնչյուն, որն ինչպես պատգամաբերը նախկին   աստվածների, մեզ լուր է բերում նյութեղեն գոյի հեռուներից, անցնելով ընտրյալի բորբոքված ներվի ու հիշողության միջով, դառնալով այն, ինչ պիտի դառնար։

Նա, ով Մանսուրյանի հետ քայլել է լեզվի, հնչյունի ու գիտակցության զառիվերով, լավ գիտի, որ այս մեկը ճիգ չի գործադրելու բոլորին հասկանալի դառնալու համար և ոչ էլ պատրաստվում է համեստության դասեր տալ իր դերի մասին` որպես ստեղծագործող։ Չի ընդունելու պարզ ունկնդրի դերը՝ լեռան վրա հայտնվածի։

Տ.ՄԵրաժշտություն գրելը նոտաներով մտածել է ենթադրում, իսկ ավանգարդը մտածողության նոր ձեւ է, բնության եւ Աստծո հետ հարաբերվելու նոր եղանակ, որի միջոցով ստեղծագործողը ճանաչում է սեփական ենթագիտակցության գաղտնի ծալքերը: Սա ամենօրյա շփում է հավերժական ժամանակի հետ` այն առավել վերահսկելի դարձնելու միամիտ հավակնությամբ: Սա գիտակցության ամենօրյա բախում է աներեւույթ հոգու հետ, որը մեծ ճիգ, կամք ու սեւեռում է ենթադրում: Ես երբեւէ ինձ չեմ զգացել Աստծո ակամա քարտուղարի դերում:  Ամեն կայացած գործ նվաճվում է անքնությամբ ու ջղերի հոգնությամբ, կամքով ու բանականությամբ, բարոյական ճիգով ու արվեստով։ Սա կատարյալ վատնումի ակտ է, ինքնաճանաչումի ու աստվածաճանաչումի դժվար ու հոգնեցնող ճանապարհ:

 Իրոք։ Սրբազան հոգնություն է սա ու տառապանք, քանզի ամեն նոր մեղեդու համար երաժիշտը տիեզերական միևնույն պարապից է դուրս քաշում իր ֆորման, որը այնուհետ պիտի լցնի սեփական լույսով ու կասկածով, սեփական կոնֆլիկտով աբստրակտ ժամանակի ու Աստծո հետ, միաժամանակ այն մոմապատելով այնպես, որ ստացվածը դիմանա հավերժի քամիներին և ձայնային քաոսի մեջ լինի ճանաչելի։ Հեշտ չէ կիսել տիեզերքի ու Աստծո ժամանակը ու մնալ սեփական ժամանակի մեջ։ Ընդունել երաժշտությունը՝ որպես ճակատագիր ու քայլել շնորհիդ ու բեռիդ ճշգրիտ գիտակցությամբ։

 Տ.ՄՀորս հետ Արթիկում լուսանկարչությամբ էի զբաղվում: Մարդիկ աղքատ էին եւ դրամի փոխարեն մեզ հաց ու ձու էին տալիս: Ետդարձի ճանապարհին մի տեղ նստում, ուտում ու շարունակում էինք ճանապարհը: Մեր տանը բոլորը երգում էին ու երգը շնչառության պես բնական էր ինձ համար: Ամեն բան թվում էր ճիշտ: Մի օր մտա Արթիկի մշակույթի ակումբ, տեսա անկյունում դրված դաշնամուրը, մոտեցա ու նստեցի։ Մեկն ինձ ասաց՝ սա է քո ճակատագիրը ու ես ներքուստ համաձայնեցի հավատարիմ մնալ դրան մինչև վերջ։ Մինչև մահ։ Այդպես էլ եղավ։ Սա իմ առաջին մեծ խոստումն էր ու երբ հանդիպեցի ապագա կնոջս, նրան խոստովանեցի սա։ Ասացի՝ լսիր, ես չկամ։ Լսեցի՞ր։ Դո՛ւ էլ չկաս։ Չը-կաս։

Կանք Մենք և կա իմ երաժշտությունը։ Համաձա՞յն ես։ Ասաց՝ այո, ու մենք ամուսնացանք։ Ի՛նքն էլ հավատարիմ մնաց իր խոստմանը։ Ա՜խ… Ո՜նց եմ կարոտում նրան։ Նա իմ առաջին ունկնդիրն ու իմ առաջին քննադատն էր՝ անզիջում, խիստ ու անկողմնակալ։ Միասին էինք հաղթում ու պարտվում։ Հիմա նա չկա ու ես մենակ եմ անցնելու այդ ճանապարհը։ Բայց ես վաղուց սիրում եմ իմ մենությունը ու չեմ պատկերացնում մեկ ուրիշի շնչառությունը կողքիս` 24 ժամ։ Թեպետ երբեմն կարոտում եմ այդ ջերմությունը, կանացի, մայրական ու իմաստուն, անանձնական ու զոհաբերության պատրաստ այդ ներկայությունը։ Ինչո՞ւ գնացիր … ա՛խ…

 Ու հասկանալի ափսոսանք կար այդ «ա՛խ» ասելու մեջ։ Մենության ու լռության մեջ է կայանում արվեստի ծնունդը, բայց ո՞վ չգիտի, թե այդ վատնումից հետո, երբ ասես ցրիվ է եկել աշխարհդ ու փոշու պես նստել ամեն ինչի վրա, որքան կարևոր է այդ անանձնորեն քեզ վերստին մի առանցքի շուրջ հավաքող ներկայությունը: Անգործնական թվացող մարմինդ ու արյունդ կրկին սիրո դինամիկայի մեջ դնողի, մարմինդ հողակցողի, քեզ նորից դեպի կյանք վերադարձնողի գոյությունը։

Տ.ՄՉեմ ուզում ասել «երբեք» բառը ու բաց եմ սիրո առջեւ, բայց թող մեկն ինձ հունից հանի, թող այնպես անի, որ խելագարի պես ցանկանամ հետևել իրեն: Որ ինձ ընտրություն չտրվի։

 Իսկ մինչ այդ՝ թեման կմնա նույնը։ Հնչյունային կասկածամտությամբ ու երաժշտական օրենքները խախտելով ստանալ ձայնային ատոնալ նոր համակցություններ, որոնք կարձագանքեն նոր ժամանակի վախերին ու հույսին, կդիմադրեն նախկին ու ներկա հսկաների ակուստիկ քաոսին, խոհին, ու իհարկե՝ լեզվին։ Ի վերջո՝ ավանգարդի այս առաջամարտիկը իզուր չէ, որ ինքն իրեն նախ եւ առաջ հայոց լեզվի երաժիշտ է համարում, հավատում, որ երաժշտությունը արյան ռիթմերի այն խաղն է, որ ծնվում է բառ որոնելիս։

Իզուր չէ, որ երգը նաեւ խաղ է կոչվում: Ու հենց մայրենի լեզվի առիթմիկ, խռպոտ, մետաղական ու երբեմն անօդ հանգերով է հաճախ շերտատում ժամանակը, անցքեր բացում դրա վրա, փչում- ուռեցնում կամ ծակում-փոքրացնում, իսկ երբեմն էլ վարպետ փայտահատի պես պարզապես ջարդում այն՝ չխկ-չխկ, եւ ապա խորը շունչ քաշում` անակնկալ օդավետ բաց տարածքում հայտնվածի պես։ Բայց ավելի հաճախ իր ներշնչած օդը նախ խառնում է ծխի ու քամու հետ, հապաղում ու թույլ տալիս, որ հնչյունն իր ոտքերը ազատորեն թաթախի ժամանակի թունոտ օդի կամ կանգնած ջրի մեջ, ապա դուրս մղվի երկարատև ճնշման տակ պահված շագալյան գունավոր փուչիկի նման, մնալով տանիքների վերևում՝ օդում կախված, կամ ավելի, ավելի բարձրանա ու հայտնվի ամպերից էլ վեր գտնվող մի նոր հարթության մեջ, որի մասին մենք՝ ապրողներս դեռ ոչինչ, ոչինչ չգիտենք։

 Տ.ՄՅուրաքանչյուր երաժիշտ ինքն է գծում իր էսթետիկայի սահմանները, և ոչ մի ոճ չպիտի արժևորվի մյուսի հաշվին կամ մեկ ուրիշ ոճի հետ համեմատության մեջ: Հոգու վեհացումը  կոնկրետ ֆորմայի վերագրելը նվաստացնում, թերագնահատում է հոգու պոտենցիալը, փրկության ու ներումի նոր վարկածների հնարավորությունը, կորստյան, մեղքի ու ապաշխարանքի նոր ձեւերի ենթադրությունը: Այլապես՝ նորը կդառնա հնի ստվերը սոսկ և ոչ ավելին։ Բնության մեջ ոչ մի ձայն չի լռեցնում մյուսին։ Չի արժևորվում մյուսի հաշվին։ Ամեն գործ, որ առաջին անգամ է հնչում բեմից, միևնույն շանսը ունի հավերժանալու կամ մոռացումի։ Կատարումից շատ մեծ բան է կախված։

 «Աստված ինձ հստակ ասում է, թե ինչպես պիտի հնչի այս երաժշտությունը, իսկ դու դա թույլ չես տալիս»,-ասել է Տոսկանինին իր շեփորահարին։ Լինելով ավանգարդի երաժիշտ՝ Մանսուրյանը դասականին ու ավանդույթին չի մոտենում որպես ավարտված կամ անկարևոր։ Ընդհակառակը՝ նրա համար այն կենդանի ուժ է, որով փոխվում և ինֆորմացվում է ներկա ժամանակը։ Սա այն ուժն է, որն ինչպես Ստրավինսկին կասեր, պահը պահում է ձիգ։ Լեզվի ու Կոմիտասի պաշտամունք ունեցող երաժիշտը, ով խորապես հավատում է, որ ամենաիրական ձայները դրանք հողից ծնված ձայներն են, չէր կարող այլ կերպ մտածել։

 Տ.Մ -Ամեն ժամանակ ստեղծում է իր երաժշտությունը: Կարեւորը սեփական հողից ու արմատներից կառչած մնալն է, այլապես մարմաջի կվերածվի ամեն ինչ: Հողը եւ երկինքը հավասարապես կարեւոր են ստեղծագործողի համար, եւ Կոմիտասը այս բալանսի հանճարեղ կրողն է:

 Եվ ոչ միայն Կոմիտասը: Ռոբերտ Շումենը մի առումով զարմանք է հայտնել այն մասին, որ Բեթհովենին վերագրում են գրանդիոզ, հավերժությանն ու Աստծուն հասցեագրված երաժշտություն եւ ասել է` թեպետ նրա թագը դեպի երկինք է ուղղված, բայց նրա արմատները իր սիրելի հողի ու ժողովրդի մեջ են: Բեթհովենին վերագրվում է նաեւ ազատ, որոնող, անկախ, անվերահսկելի ու երկփեղկված հոգի ու գուցե աղբյուրի այս նույնականությունն է պատճառը, որ եվրոպական մամուլը մոտեցումների զուգահեռներ է արձանագրել այս երկու ստեղծագործողների վերջին շրջանի աշխատանքների միջեւ:

Ոչ միայն ստեղծագործողի, այլ նաեւ հետախույզ-հայտնաբերողի կիրքն է, որ Մանսուրյանին հանել է ծանոթ, շրջանաձեւ, մելոդիկ ռիթմերի եկամտաբեր ու փառք խոստացող ճանապարհից: Միայն ալտերնատիվ ճշմարտության մասին հզոր ինտուիցիան ու ինտենսիվ մեդիտատիվ հոգին կարող էր դրդել երաժշտին մերժել հնչյունի, գործիքի ու ոճի մասին ընդունելի նորմերն ու պայմանավորվածությունները կամ գործիքից եւ հնչյունից մեկ այլ բան պահանջել,  տեղափոխվել հնչունային մի նոր մոլորակ, որտեղ պարտավորված պիտի լիներ վերստին փորձել շնորհն իր եւ իր հնչյունի ճակատագիրը: Որտեղ պիտի գրեր այնպիսի գործեր, որոնց հաջող կատարման համար ոչ թե տաս, այլ հարյուր տաս նախնական փորձ էր անհրաժեշտ լինելու, որպեսզի հանդիսատեսը պարզապես կարողանա քսան րոպե ինքն իրեն աթոռի վրա պահել` առանց դժգոհության եւ առանց ձանձրույթի:

 Տ.Մ -Չկա անցյալի կամ վաղվա երաժշտություն։ Կա միայն այսօրվա երաժշտություն և կարևորը այն չէ, թե ինչ միջոցներ է օգտագործում երաժիշտը, այլ այն, թե նրա պատճառած լարումը քեզ ո՞ւր է տանում։ Իրական ապրումի վրա հիմնված երաժշտությունը երբևէ ժամանակավրեպ չի դառնում, քանի որ սրտի ու հոգու իմպուլսները չեն փոխվում ժամանակի հետ։ Երաժշտության մեջ հանճարեղ ու ձանձրալի լինելը միմյանց չեն բացառում: Սա հոգու խոստովանություն է անկախ ամեն ինչից եւ ոչ ոք չի ասել, որ այն լինելու է զվարճացնող կամ չի ձանձրացնելու:  

 Եվ իրոք։ Շոպենի հանճարին ոչ ոք չի կասկածում, բայց լսիր նրա E Minor-ն ու ձանձրույթից կմեռնես։ Վերցնում է մի վեհ ու էլեգանտ բան ու փորձում այն թաղել օրնամենտի տակ՝ որքան հնարավոր է խորը։ Երաժշտական ձանձրույթի գործում Վագները ևս հրեշտակ չէ։ Նրա պատճառած ձանձրույթը իր պատճառած հաճույքի պես ագրեսիվ ու դիվային է։ Որպես բացառապես զգայարաններով ուղղորդվող ունկնդիր, ինձ դուր է գալիս Մանսուրյանի էմոցիոնալ ստոիզմը, թովիչ անվճռականությունը, ինտելեկտի ճկունության հաշվին կայացված կոմպոզիցիոն հանգուցալուծումը, նրա հնչյունային կասկածամտությունը։

Այստեղ էմոցիան միաժամանակ կամային է ու բնական։ Նա վաղուց … նա մի՛շտ է այդպես զգացել։ Երաժշտական ֆրազները տոկուն են և բավարար ժամանակ են տալիս, որպեսզի ունկնդիրը հասցնի ճշգրտել հոգեվիճակը, ֆիքսել հույզը։ Թե՛ իր զգայական անապահովությունների և թե իր սառը հաշվարկների մեջ մշտապես նույն մարդն է, նույն մտածողն ու նույն զգացողը- նույն մեծ անհատը։ Սիրում եմ փակել աչքերս ու նավարկել առիթմիկ մեղեդին, ինչպես նավ, որից դուրս փախչել այլևս չեմ կարող ու եթե անգամ ցնցվում եմ, դրա հետ խառնված հաճույք կա նաև, ինչպես մահվան կարուսելի մեջ, քանի որ վստահում եմ իրեն՝ Նավավարին։ Արդեն սովորել եմ ինչպես տարվել լարերի ֆլիրտով` մինչև հասնեմ ափ։

Սկսել եմ սիրել անգամ իրենց ավանդական դերից դուրս մղված և բոլորովին այլ ֆունկցիա որդեգրած այդ գաղթական հնչյունները, միևնույն ֆրազի մեջ զուգահեռվող իրարամերժ զգացողությունները՝ ինչպես կորուստը ընդունելու և այն հետ բերելու միաժամանակյա ցանկությունները` մահվան ողբալացի մեջ։ Սա տիպիկ մանսուրյանական վայելք է և ոչ ոք չէր խոստացել, որ հեշտ է լինելու այն։ Ի վերջո, ամեն երաժիշտ իր առանձնահատկությամբ է հիշվում. Գլյուկը իր դրամատիկ ուժով, Բախը՝ իր անգերազանցելի հարմոնիայով, Հայդենը՝ իր մելոդիկ հարստությամբ, Մոցարտը՝ իր կրքոտ հնչեղությամբ, Բեթհովենը՝ իր անկախ ու անվերահսկելի ոգով։ Ամեն ժամանակ էվոլյուցիոն նոր նյութի պահանջ է դնում։ Լյութերը հավատքի ուժը փոխարինեց դատողության ուժով՝ ծնունդ տալով ռացիոնալ քիմքի գաղափարին։

Բեկոնի կարծիքով հարյուր տարի է պետք, որպեսզի գործը հաստատի իր արժեքը։ Ստրաուսի երաժշտությունը մի ժամանամ համարվել է վուլգար ու անհասկանալի: Դժվար է կոնկրետ չափանիշ սահմանել մի բանի համար, որն այնքան տրանզիտ ու եթերային է, որքան երաժշտությունը։ Արվեստ, որը բացառապես լռության հետ ունեցած հարաբերության արգասիք է, որի մասին միայն մեռյալները գիտեն ու մեկ էլ՝ Աստված։

Ուստի սա սոսկ էթիկական արարք է, կամային ակտ, դեպի իրականություն տանող էքսպերիմենտ, ագրեսիայից զուրկ բողոք ընդդեմ կյանքի ընդհատվող բնույթը։ Սա ժամանակը այստեղից այնտեղ տանելու, դրա վրա իբր իշխանություն ունենալու իլյուզիա է, մինչև որ այն մի օր կավարտվի ու դուրս կթռչի, ինչպես հրաշագործի թևքից անակնկալ դուրս եկող աղավնին՝ կտուցին մահ։ Սա ժամանակի սուբստանսը անընդմեջ զգացողի անհատական արարք է: Ինչպես խխունջի վտանգված մարմինը, ստեղծագործողը չի արտադրում ոչինչ, որը դուրս է իր կարիքից, իր վախից և հատկապես իր երազից։ Քանզի նրա համար կարգը պայմանավորված չէ սեփական զգայարանների աշխատանքով, այլ կառավարվում է էմոցիայի և կոնցեպցիայի համադրությամբ, որն անվերջ փոփոխվում է՝ կախված քմահաճ ու նուրբ այն ձայներից, որոնցով ուղղորդվում է ֆոլկներյան խենթը։ Ժամանակի ընթացքին անվերջ տեղյակ լինելը ներքուստ քայքայում է ստեղծագործողին ու որպես մեծ բանականություն Մանսուրյանը հրաժարվում է ինտենսիվ ներքին վիճակներից, որոնք ծուղակի զգացում են ծնում, նախընտրելով ներքաշված վիճակը, որը հոգո՛ւ ճանապարհ է, այլ ոչ գեղարվեստի։

Մանսուրյանի երաժշտական ինտելեկտին հատուկ է կիսատոնայնությունը, մատը ինչ-որ բանի վրա դրած մարդու ինտոնացիան, պրոցեսով դեպի անհայտը գնացողի ներքին խզզոցը։ Սահմանի վրա հայտնվածի զգոնություն կա այստեղ, խորը բանի վրա գտնվողի գիտակցություն ու մինչև վերջ գնալու հաստատակամություն։ Ամեն ֆրազ մի առանձին կղզի է՝ էներգիայի իր սեփական մարտկոցով, որի ալիքի մեջ ստեղծագործողը նախ եւ առաջ ինքն իրեն պահպանելու խնդիր ունի, այլ ոչ՝ նոր տարածք գրավելու կիրք։ Սա երանելի վիճակ է թերևս, բայց մեծ անհատի դեպքում մահվան, սահմանի գաղափարը ոչ թե պոետիկ վիճակ է, այլ անթերիորեն փայլեցված ապակե դուռ, որին նա հաճախ բախվում է քթով և ստիպված լինում օրվա մնացած մասը ապրել այդ ցավով ու անկողին մտնել դրա հետ։

Տ.ՄՄահն ինձ համար միշտ է իրական եղել: Իմ ողջ կյանքը եղել է մահվանը նախապատրաստվելու ընթացք։ Մահվանը հաղթելու միակ ձեւը անվերջ աշխատելն է: Աշխատանքը ժամանակի մեջ մնալու միակ հնարքն է, այլապես այն քմծիծաղով անցնում է կողքովդ ու դու տեսնում ես նրա թողած հետագիծը` ցավեցնելու չափ բացահայտ: Աշխատելիս ես նպատակ չեմ հետապնդում եւ ոչ էլ ենթադրում եմ կոնկրետ հանդիսատես կամ կոնկրետ քննադատ: Այստեղ պիտի հիշեմ Ստրավինսկիին, ով ասում էր` «Ես երբեք չեմ զգացել կենդանի հանդիսատեսի հետ շփում ունենալու պահանջ:

Իմ երաժշտությունն իրեն ավելի լավ կզգա մեռյալների հետ»։ Ստեղծագործությունը ինքնամոռաց նվիրումի ակտ է, իսկ փառքի ամենամեծ խոստումը այն է, որ վերջապես կարող ես անել այն` ինչ ցանկանում ես – առանց քննադատության վախի: Բայց ես մի՛շտ եմ այդպես աշխատել: Սա ասել չէ, որ ես անտարբեր եմ իմ երաժշտության ապագային, կամ չէի ցանկանա, որ այն սպասված լիներ շատ շատերի կողմից: Վերջերս ինչ-որ հաշվարկով գտել են, որ օրվա մեջ քսանչորս ժամ երկրագնդի ինչ-որ հատվածում հնչում է Մոցարտ: Պատկերացնո՞ւմ ես` ոչ մի վայրկյան Մոցարտը չի բացակայում մոլորակից

… ու ժպտում է ներելիորեն ուշացած իր ժպիտով, որ գալիս է հեռու, հեռու ապագայից:

Սա նոր վախերի ժամանակ է, մեկուսացման ու ուծացման նոր ժամանակ, որին ստեղծագործողը պիտի արձագանքի ի՛ր արածով: Վախերը շատ են, բայց ինձ ամենից շատ վախեցնում է չարածի՛ս չափը։ Դեռ որքա~ն շատ բան կա անելու: Ա՛խ…

 Դեռ որքան հրաշալի բաներ կան անելու C Minor-ով` ասել է Պրոկոֆևը։ Աշխատանքը` այո՛: Բայց մահը հաղթելու ի՛մ սիրած ձևը երջանկությունն է, որի հավաստիքը ապրում է երաժշտության մեջ: Միայն երջանիկ մարդն է ընդունակ արժանապատվորեն դուրս գալ գոյության փակուղուց` ենթադրելով զվարթությունն ու կյանքը մեկ ուրիշի մեջ։ Մեկ ուրիշի հոգեվիճակի մեջ մտնելու կարողությունը միայն մարդուն է տրված։ Երաժշտությունը մեզ օգնում է մտնել միմյանց վիճակի մեջ, կիսել սիրո ու տառապանքի տարածքը: Ժամանակի աբստրակտի վրա հակված երաժիշտը կրում է ոչ միայն կենդանության, այլ նաև անկենդանի՛ գաղտնի գիտակցությունը։

Ինչպես տիրոջ հնչյունային հոլոգրամը, նա իր մեջ կրում է տիեզերքի ողջ ձայնային ինֆորմացիան՝ սկսած շառաչող գնդերից մինչև վարդաթերթի բացվելու թավշյա ձայնը, քամիների ահեղ շնչառությունից մինչև Կոմիտասի արիստոկրատ սրտի ռիթմերն ու հասկի սվվոցը։ Ոչ միայն տառապանքից, այլ նախ և առաջ հիացումից է ծնվում երգը։ Հիացումից հանդեպ հնչյունը, որն անցնելով տիեզերական անպարագիծ չափերի միջով, երբևէ չի կորցնում իր խնդությունը, իր իրական մարդկային տոնայնությունը՝ անվերջ մնալով երգի ու աղոթքի միջև, փառաբանելով թե՛ Աստծուն և թե՛ իր կողքին հայտնված մարդուն։ Դեմոկրատ հնչյունը այն, որ իջնում է հարուստ ու աղքատ կտուրներին միևնույն տրտմությամբ ու միևնույն զվարթությամբ՝ վավերացնելով արարչությունը, անշոշափելի էմոցիային ու հույսին տալով փաստի ու ճշմարտության ուժ՝ փրկելով մարդու հոգին։

Տ.Մ Գտնված երաժշտական ֆրազը ճշմարտության պես բան է։ Այն դիպչում է սրտիդ ու միանգամից վերածվում ակուստիկ հայտնության, որից հետո այլևս ոչինչ նույնը չէ։ Այդ պահերին մի բան իմ մեջ կաթկթում է։ Կարևոր չէ, թե ինչն է ոգեշնչում երաժշտին։ Կարևորը նրա ներվի փոխազդեցության ձևն է այդ հիշողությանը, այդ զգացումին, որը մի օր, մի պահ արձանագրվել է որպես արտառոց կամ կարևոր։ Այդ առումով ես հաճախ եմ մտքով վերադառնում գյուղ։ Ես երբևէ խնդիր չեմ դրել հայ երաժիշտ դառնալու։ Իմ խնդիրը լավ երաժիշտ լինելն է։ Բայց առանց ազգային արմատի գիտակցության ամուլ է ցանկացած արվեստ։  Անկախ նրանից, թե ես ինչ եմ անում, իմ արյան հիշողության մեջ է հայ գյուղացու քիթկախ տխրությունը։ Սա սոսկ տխրություն չէ, այլ համապարփակ ազգային շտամպ՝ կազմված անխոստում կյանքի օրերից, ժառանգված ու ձեռքբերովի խեղճությունից, չֆիքսված անհուսությունից և դեռ շատ ուրիշ բաներից, որ նա երբևէ չի էլ իմանալու։

Այս ամենը Կոմիտասի երգի մեջ է, նաև՝ նրա գիտակցության, կենսագրության ու ճակատագրի: Այս մարդկանց ես  ճանաչում եմ Արթիկից եւ ս՛ա է այն միակ հանդիսատեսը, որը ես երբեւէ ենթադրում եմ աշխատելիս կամ բեմից: Նրանք են իմ առաջին քննադատներն ու ինձ ոգեւորողները: Ռեքվիեմը գրելիս ինձ անվերջ ուղեկցում էին նրանց դեմքերը միջնադարյան եկեղեցու երգչախմբի շարքերից – տխրությամբ մեծ, պայծառ աչքերը երկնքին հառած: Սրանք են իմ հերոսներն ու իմ գեներալները: Այլապես ես կարող եմ ապրել նաեւ առանց հանդիսատեսի, առանց որեւէ մեկին հաշվետու լինելու:  Ցավոք, որեւէ գործի հաջողություն մեծապես կախված է կատարողական արվեստից, կատարողի խորքից ու ինտելեկտից, գործիքին տիրապետելու նրա ձիրքից ու բարի կամքից, որոնք դժվար է համատեղել:

Չկա այլ էմոցիա, քան այն, ինչ կատարողը կկարողանա դուրս բերել իր գործիքից: Մնացած դեպքերում երաժշտությունը կմնա թղթի վրա, որպես գաղտնիք, որպես պոտենցիալ առեղծված, հայտնություն կամ ոչինչ: Եվ սա բոլոր երաժիշտների ողբերգությունն է: Հարկավոր են բազմաթիվ փորձեր, որպեսզի կատարողը ըմբռնի ստեղծագործողի ներքին մտադրությունը, նրա ակնկալիքը: Այդ առումով ես բողոքել չեմ կարող, որովհետեւ իմ գործերով հետաքրքրվել են աշխարհահռչակ կատարողներ, դրանք հնչել են գերմանացի երաժշտասեր ու երաժշտագետ ունկնդրի համար:

Իսկապես: Տասնամյակներ  ու հարյուրավոր փորձեր են պետք եղել, որպեսզի ուկնդիրը սովորի զգալ Բախի երաժշտության էմոցիոնալ ուժը, իսկ մինչ այդ երաժշտական տիեզերքի այս մեծագույն քուրմը մեղադրվում էր մարդկային սրտի մասին գաղափար չունենալու մեջ: Գուցե ոչ մի արվեստ այնքան ենթակա չէ սխալ գնահատանքի, որքան երաժշտությունը: Առեղծվածի պես այն պատրաստվում է ոչնչից ու տարալուծվում օդի մեջ` ինչպես Միքելանջելոյի սառցե արձանները ու քննարկվում, երբ այն այլեւս գոյություն չունի:

Ասված է՝ գեղեցիկ մեղեդի լսելու համար գնա Իտալիա։ Երաժշտական դրամայի համար՝ Ֆրանսիա, և սակայն Գերմանիայում են միայն կարողանում իրապես կշռե՛լ երաժշտությունը։ Միայն նրանք են ի զորու երաժշտությունը բեմից հնչեցնել այնպես, որ թվա, թե երկնքից է գալիս ձայնը։ Ու եթե ֆրանսիական երաժշտության տենդենցը  իրականությունը մերժելն է, գերմանականը՝  այդ նույն իրականությունը ճիշտ տեղից բռնելն է։ Գերմանիան նաև ռեքվիեմի փորձաքար է ու պատահական չէ, որ հենց այստեղ էլ պատվիրվեց ու առաջին անգամ կատարվեց Մանսուրյանի ռեքվիեմը։ Հիշում եմ մաեստրոյի տարեդարձի  հոբելյանին նվիրված համերգը լարային վիրտուոզ եռյակի կատարմամբ – հրեշտակների քաղաքում. Ռոհան Դե Սարամ, Կիմ Քաշքաշյան, Մովսես Պողոսյան: Չելոն, վիոլան ու ջութակը` հնչյունային առ եւ տուրի մեջ – առանց որեւէ կոմպրոմիսի, ասես պարտադրելով մի պուլսը մյուսին, ստեղծելով վայրկենական հնչունային շփոթ, որը շուտով վերածվում է երաժշտական էֆեկտի: Ժամանակի ընթացքի մասին հակասական ընկալումների բախումը միեւնույն գործի մեջ, տարբեր գործիքների լարերի միջեւ ծավալվող կարեկից հարաբերությունը: Սա ամուսնությունից էլ մտերիմ կապ էր, ու դժվար էր պատկերացնել, որ ժամեր անց նրանք տուն են  վերադառնալու – տարբեր օդանավերով:

Հիշում եմ համաշխարհային ճանաչում վայելող չելոիստ Ռոհան դե Սարամի խոսքերը համերգից հետո. «Մանսուրյանը գործիքից մեկ ուրիշ   բան է պահանջում։ Սա ժամանակի հետ լուրջ խնդիր ունեցող մարդու երաժշտություն է՝ ճիշտ շերտերով ու կոնկրետ սևեռումով, ֆորմայի անսպասելի դրամատիկությամբ ու էներգետիկայով: Այն քեզ տանում է դեպի երեւույթի էությունը, միջուկը: Սա մաքուր հարաբերությունների երաժշտություն է, որը չի ընդունում առօրյա գետնաքարշ մանրամասներ: Ես միաժամանակ հաճույք եւ խուճապ եմ զգում նրա գործերը կատարելիս. Կհավանի՞ … չի՞ հավանի … Ասում ես կողքի՞դ էր նստած: Ասում ես հավանե՞ց: Ճի՞շտ ես ասում,- աշակերտի վախվորածությամբ հարցնում է մի կատարող, ով ճանաչվում է որպես «չելոյի համաշխարհային ֆենոմեն»,- հընթացս գործիքը իր պատյանի մեջ դնելով, զգուշորեն, շատ զգուշորեն`ինչպես լացկան ու հենց նոր քնած հսկա երեխային։

Ցավալի է, որ Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված ռեքվիեմը պիտի պատվիրվեր  ու առաջին անգամ կատարվեր մեկ այլ երկրում, բայց …

Հայ հողը իր ընտրյալի նկատմամբ երբեք էլ շռայլ չի եղել:  Ընդհակառակը` միշտ փորձել է փոքրացնել, համարյա ջրազրկել նրան՝ հարմարեցնելով իր չափերին։  Կոմիտասը, խնդությամբ ու հումորով լի այդ ծակոտկեն հոգին, ինտուիցիայի ու տոնայնության այդ բացարձակ չափը, որով նա կամերտոնային ճշգրտությամբ մաքրագործեց հայ հնչյունը՝ մահացավ օտար հողի վրա, հոգեբուժարանում ու մենության մեջ – օգտագործելով լռության բարբառը որպես Աստծու հետ խոսելու պասիվ, արիստոկրատ հոգու ագրեսիա։ Ճշմարտությունից ու գեղարվեստից վեր գտնվող այս մարգարե՛ն, ով եկավ մեզ սովորեցնելու ոչ թե հաճույք, այլ համբերություն, ոչ թե ճարպկություն, այլ դիմադրության միջոցով մարդ մնալու վարդապետությունը․ նա, ով Հոբի պես ընդունեց Աստծո ու իր կողքի մարդու հարվածները, ամեն օր մի փոքր ավելի մահանալով, աստիճանաբար,  ինչպես Հայդենի Farwell-ում, որտեղ օրկեստրի գործիքները անհայտանում են հերթականությամբ ու աղեղի քսվելը սպի է թողնում ասես առանց այդ էլ նվնվան վիոլայի լարերի վրա։  Լքեց այս երկիրը` կիսատ թողնելով այնքան շատ բան:

Թեպետ կյանքի ժամանակը մի՛շտ է անբավարար հանճարի այդ չափի համար։ Բայց այն, բարեբախտաբար, կոմպենսացվում է հոգու հրթիռային արագությամբ, շնորհիվ որի նա, այնուամենայնիվ, հասցրեց գութանը տանել երկինք։ Այո։ Ու չեմ խուսափում ինքս ինձ ցիտելուց: Բախը ընդարձակեց տիեզերքը, բայց Կոմիտասն էր, որ գութանը տարավ երկինք։ Սա՛ է ճշմարտությունը, և ոչ ոք չգիտի, թե դրանցից որ մեկն էր առավել մեծ շնորհ պահանջում:

Ինչեւէ, այսօր, ապոկալիպտիկ վախերի մեր օրերում, երբ թաց ամպերը գերակայում են արևի ճառագայթի վրա, սիրում եմ նստել մեծ դահլիճում, չերևացող մի տեղ ու փակ աչքերով օրորվել տասը ջութակների անսպասելի քամուց՝ ինքնաբավ իմ չիմացության մեջ ու վստահել ցանկացած խմբավարի։

Տ.Մ -Արվեստը ծառայում է մարդու ներքին պահանջին, մատնացույց է անում նրա  ներսում գտնվող մի կարիք։ Ամեն մարդկային փորձ ունի իր երգը: Կա մի ցեղախումբ, որտեղ երբ կինը պատրաստ է մայրանալ, նա երազում տեսնում է այդ երգը եւ հաջորդ օրը այն երգում է իր սիրեցյալի ականջին: Դա հղիանալու երգն է:  

Երաժշտի խնդիրը իր հուզումը ունկնդրին փոխանցելը, նրա հետ կիսելն է։ Կիսելը, փոխանցելը շատ կարևոր է։ Կյանքը շատ կարճ ժամանակով է տրված մեզ։ Ա՛խ: Անցնող ժամանակի պաթոսը ես միշտ եմ զգացել իմ արյան մեջ, բայց տարիների հետ այն հնչում է ավելի մոնումենտալ, ավելի դրամատիկ տոների մեջ, որն ասում է՝ էս էլ էսպես…

Իբր բոլորն են ընդունում, որ Աստված ամենուր է, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ստեղծագործող շարունակում է թաքուն որոնել այն: Որպես ուղղորդված ալիք երաժշտությունը պարտադրում է որոշակի շարժում եւ ո՛չ միայն ոտքերի մեջ: Նրանք, ովքեր մերժել են Աստծո գոյությունը, հաճախ հանդիպում են ՆՐԱՆ – հենց այդ ալիքի մեջ: Հիշում եմ իմ առաջին օպերան: Թիթեռի հետեւից վազող մանկան պես սիրտս անվերջ բարձրանում ու վայր էր ընկնում: Այդ օրը դահլիճից դուրս եկավ մեկ այլ Սոնա:

Բոլոր ձայները ձգտում են դառնալ երաժշտություն։ Կոմպոզիցիան, հայրս ասում էր, աղավաղված նոտագրումն է այն ամենի, ինչ երաժշտին թվում է, թե ինքը լսել է նախկինում…մի տեղ։ Գլուխգործոցները, ասում էր, դրանց հաջողված փորձերն են։ Գիտե՞ս, որ քո հոգին կազմված է հարմոնիայից՝ մի օր շատ անակնկալ հարցրեց աթեիստ քեռիս։ Տարիներ անց էր, երբ իմացա, որ խոսքը միայն իմ հոգուն չէր վերաբերվում և որ այդ միտքը քեռուցս առաջ Լեոնարդո Դավինչին է հնչեցրել։ Չգիտեի նաև, որ ոչ միայն Ֆաուստը, այլ ցանկացած մեծ անհատ փորձում է ինքնուրո՛ւյն թափանցել տիեզերքի ու Աստծո առեղծվածի խորքը։  Նաև, որ ամեն մեծ ստեղծագործող ի վերջո պատրաստ է իր հոգին սատանային վաճառել, միայն թե կարողանա այստեղ՝ այս երկրի վրա իրացնել իր հրաշքը, մի պահ կանգնել ու բացականչել` կանգ առ ակնթարթ, որքան գեղեցիկ ես դու…Եվ իրոք՝ ինչո՞ւ շտապել երկինք, երբ այս աշխարհը դեռ այնքան անկատար է ու դեռ այնքան շատ անելու գործ կա այստեղ։

Ընդունված է հավատալ, որ արվեստի ցանկացած գլուխգործոց ծնվում է սահմանի վրա՝ ստեղծագործողի ու մահվան առճակատման արդյունքում։ Ունայնության ու աբսուրդի միջև հայտնված հոգին փորձում է հիշել իր նախկին վիճակը։ Իր խորքում գանձեր կուտակած մեծ անհատը բախվում է իր հավաքած իմացության ու ինֆորմացիայի անզորության հետ ու փորձում կասկածը հաղթահարելով նորոգել իր պայմանագիրը Աստծո հետ, հաշտեցնել երկինքն ու երկիրը – հետևելով երաժշտական տիեզերքի Աստծուն՝ Բախին, ում կարծիքով ցանկացած երաժշտության նպատակը Տիրոջը փառաբանելն է։ Ու գուցե չէր սխալվում նա, այլապես Բեռնարդ Շոուն չէր հավաստի, որ դժոխքը լի է վատ երաժիշտներով։ Ի վերջո` երաժշտությունը միակ արվեստն է, որ տրվում է երկնքից և որը կարող ես քեզ հետ երկինք բարձրացնել։ Ապացույցը հարպ նվագող հրեշտակներն են։ Աթեիստ քեռուս կարծիքով երկրային ժամանակը քիչ է հարպը տիրապետելու համար  և այդ է պատճառը, որ այն թույլատրվում է տանել երկինք։ Այնուամենայնիվ երկնքից ուժ ստանալու ամենաարդյունավետ ձևն ու հոգու գոյության ամենամեծ փաստարկը երաժշտությունն է։

Վերջին հաշվով երաժշտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ վիբրացիա գումարած Աստված, ասում էր ֆիզիկոս հայրս, ով հակված էր բանաձևել ամեն ինչ, որ հավերժական է, առեղծվածային կամ անչափելի։ Ի դեպ, նա վստահ էր նաև, որ դրախտը ոչ թե Աստծո կողմից վերահսկվող վայր է, այլ հարմոնիայի, բացարձակ բալանսի տեղ և որ հանճարի ուժով հնարավո՛ր է դրա մի մասը բերել երկիր։ Քրիստոնեությունը հավանաբար հենց այդ է փորձել՝ համադրելով ծեսը, խունկն ու գունավոր ապակիները, բայց ամեն անգամ, երբ տրվում եմ ալելուիայի մխիթարությանը, աչքս ընկնում է քահանայի կես միլիոնանոց ժամացույցին ու կրկին դժվարանում եմ հավատալ հավերժությանը։

Ռեքվիեմ: Սուգ: Կարոտ: Անմտածելի մի բանի մասին նոտաներով մտածելու կիրք: Ահա եւ մահը: Ի՞նչ անել: Որտե՞ղ դնել մարմինը: Ինչպե՞ս ազատվել մսի այս կույտից, որն այլեւս ի զորու չէ տեղաշարժվել: Սա երկրային ժամանակի վերջի ու սկզբի մասին է այն ժամանակի, որի մասին մենք դեռ ոչինչ չգիտենք: Ինչպե՞ս է հաստատվում հոգու հիերարխիան մարմնի վրա: Ինչպիսի՞ հարցեր են ծնվում ստեղծագործողի հոգում: Գրել ռեքվիեմ նշանակում է համարձակվել քանդել միջնորմը երկրի եւ երկնքի միջեւ եւ անցնել մյուս կողմը: Ինչպիսի՞ ամրությամբ  պիտի օժտված լինի այսպիսի հավակնություն ունեցող հնչյունը: Ի՞նչ նյութից պիտի սարքված լինի այն, որպեսզի դիմանա թե՛ դժոխքի կրակներին եւ թե երկնքի երջանիկ ունայնությանը:

Միաժամանակ պայթյունի եւ անբնական լույսի սպասման վիճակ է սա – ստեղծագործողի դրսում եւ ներսում: Սա լռությանն ու անշարժությանը հասցեագրված երաժշտություն է, վերջի՛ երաժշտություն, որտեղ լռությունն ավելին է, քան ձայնի պարզ բացակայությունը: Անհանգստացնող լռություն է սա, որը ճիչի աղմկոտություն է ենթադրում: Ֆիզիկոս հայրս այն կձեւակերպեր որպես «լռություն` հանած Աստված»: Երաժշտի գործը այս լռության մեջ Աստված, հույս ու կարեկցանք հավելելն ու դրանով հոգին փրկելն է: Ոչ մի խելամիտ մարդ կամայաբար չի որդեգրի այսպիսի ֆունկցիա, չի փորձի նկարագրել նյութը, որից պատրաստված է վերջը, չի հանդգնի ենթադրել «երկինք բարձրանալու երգը»: Երկինք, որտեղ նա հավանաբար չի գտնելու այն, ինչ ցանկանում էր: Մինչեւ իսկ Սբ. Ավգուստինն է ասել` ոչ այստեղ եւ ոչ էլ այնտեղ ես ինձ չեմ զգացել տանը: Այս երկու վայրերն էլ հավասարապես անվստահելի են ու թերի:

Ահա և օվկիանոսը։ Ալիքները աննպատակ քերում են ափը, ամլությունը` ամլությունն է ծնում, պղպջակը՝ պղպջակ։ Ամեն բան քայքայվում է ու ցնդում օդ։ Մարմինը, որպես բիոլոգիա, օրվա ընթացքում հազարավոր  մահեր է տանում։ Այս առումով հոգին ևս մի շատ բարվոք վիճակում չէ։ Այն չունի կոնկրետ ֆիքսացիա և ամեն պահ կարող է ինքն իրեն կորցնել մոռացության լաբիրինթում, լղոզվել անցյալի ու ներկայի վրա, ցրվել աջուձախ։ Ու եթե էգոն ձևավորվում է հիշողության շնորհիվ, ապա վայ հոգուն։ Երաժշտությունը, չունենալով կոնկրետ ինֆորմացիա հաղորդելու ֆունկցիա, ավելի քան որևէ արվեստ թույլ է տալիս գոյատևել միստերիայի անորոշ տարածքում` առանց եսդ ու ինտելեկտդ փրկելու բնազդով ձեռքդ իրականությանն ու փաստին գցելու գայթակղության։ Ես մեծացել եմ 222 մլն տարի առաջ պատահած մեծ պայթյունի պատմություններով, բայց ամեն անգամ, երբ մի ջահել թավջութակը շալակն առած, ինչպես վիրավոր ընկերոջը, փողոցն է անցնում, հավատում եմ մարդու եւ հոգու փրկությանը։ Ամեն անգամ, երբ Բախ եմ լսում, հավատում եմ հարությանը.

Մենք ծնվում ենք Աստծուց

Մենք մեռնում ենք Քրիստոսի մեջ

Մենք վերածնվում ենք Սուրբ Հոգու միջոցով

Այս կառույցը գուցե և փրկել է Բախին, բայց եթե քո հոգին կրոնական նույն դաստիարակությունը չունի, երբևէ չի թաթախվել այդ նույն թանկարժեք յուղերի մեջ, հավանաբար չի կարողանա չէ՞ նույն վայելչությամբ դուրս սահել մարմնի կաղապարից, բարձրանալ վեր ու միանգամից այդպես վարժ սավառնել երկնքի մեջ։ Ավելին:  Հավանաբար մարմինդ եւս այդքան հեշտորեն չի համաձայնի ներծծվել հողի մեջ ու դառնալ փոշի՝ վստահ, որ իր սիրելի հոգին ապահով ու երջանիկ արդեն սավառնում է երկնքում։ Միայն սրբերին է տրված հոգու ու մարմնի բաժանման այս բիոլոգիական մղձավանջը կամքով ու հավատքով հաղթահարելու, երկիրը վայելչորեն լքելու շնորհը։ Մնացած դեպքերում երաժիշտը արձագանքում է երկմտանքին, վախին, ափսոսանքին և լավագույն դեպքում կարող է թույլ տալ, որ կասկածի քամին շարժի հնչյունային կրակի լեզվակները, մաքրագործի դրանք երկրային կյանքի առօրյա ճղճիմություններից, որոնք երկնքում այլևս պետք չեն գալու։ Կույր հավատքի դարաշրջանը հետևում է։ Այլ է մեկուսի հայեցողության մե՛ր ժամանակը ու սա միայն Մոլիերի ողբերգությունը չէ։  Սա այն իրավիճակն է, երբ հնչյունը երկրի վրա պիտի սոսկ վերհիշի ինտելեկտի կույր կետում գտնվող ձայնի այն ճշգրիտ ինտենսիվությունը, որն այսուհետ անհրաժեշտ է լինելու բացառապես լռության ու բացառապես մեռյալների հետ հարաբերվելու համար։

Սա ստեղծագործողի այն վիճակն է, երբ ժամանակն ինչպես ինքն իր հզորությունից խրտնած ձի, ցնցում է հեծյալին ու  խնդիրը սոսկ ձին քո տակ պահելն է դառնում: Խնդիր, որը բացառապես մեկ լուծում ունի՝ միաժամանակ դառնալ ձին, ձիավորն ու ճանապարհը։ Սա այն ճակատագրական խաչմերուկն է, որտեղ ընտրյալի անհատական ճանապարհը խաչաձևվում է բարձրյալի ճանապարհի հետ՝ վերածվելով տիեզերական պատմության և կամ տարալուծվում ունայնության մեջ – ասես երբեք էլ չի եղել։ Սահմանի վրա գտնվելու այն կետը, որտեղից մինչև հավերժություն –  ընդամենը ոտքի ճանապարհ է։

 Տ.Մ -Նայի՛ր։ Տեսնո՞ւմ ես հորիզոնի գիծը՝ ինտիմ, բայց անձեռնելի, որ քաշ է հավաքել արևի իջնելու հետ։ Սա այն գույնն է, որով մայրամուտը ավարտում է իր աղոթքը։  

 Հ.Գ. Կարող էի հավելել՝  եւ որով շարունակում է տրոփել արնագույնը…  կամ ավելի լիրիկական մեկ ուրիշ բան, բայց մի ձայն իմ մեջ ասաց՝ չանե՛ս։

Սոնա ՎԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել