ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով շարժման՝ Բաղրամյան պողոտայի բացելուն, ասաց՝ ոմանք Բաղրամյան պողոտան բացելը համարում են հետքայլ, բայց սա մարտավարություն է․ «Մեզ համար փակ փողոց չկա, որ փողոցը պետք լինի, գնալու ենք փակենք»։
Իշխան Սաղաթելյանն արտահերթ ընտրությունների մասին էլ ասաց՝ եթե դա իրականություն դառնա՝ ընտրություններ նշանակելու հանգամանքը, վարչապետը պետք է հրաժարական տա եւ դա ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում է լինելու․ «Առաջին փոլում մենք շարունակելու ենք մեր մարզային այցելություններն ավելի լայն թափով, բողոքի անհնազանդությունը շարունակելու ենք, իր հեռացման պահանջը պետք է ավելի ամբողջացնենք՝ մարզերի մեր բնակիչների հետ աշխատանքով։ 2-րդ փուլում՝ հրաժարական տալուց հետո 14 օրերի ընթացքում ամեն ինչ պետք է անենք այդ «դե յուրե» հրաժարականը դառնա «դե ֆակտո»։ Այսինքն, իրականում հրաժարական տալուց հետո հեռացվի եւ ինքը ժամանակավոր պաշտոնակատար չլինի։ Եթե այդ փուլում ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասնենք, այդ ժամանակ գալիս է ընտրական փուլը, եւ այդ ժամանակ հայտնի կդառնան՝ ընտրություններ լինելու են, թե՝ ոչ։ Այդ ժամանակ շարժման յուրաքանչյուր անդամ ազատ է իր դիրքորոշման մեջ՝ մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ»։
Կարդացեք նաև
Պարոն Սաղաթելյանն ասաց, որ այդ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես իր կաշին փրկելու միջոց․ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա թույլ չտանք»։
Նրա խոսքով՝ իշխանության՝ արտահերթ ընտրություններ նշանակելը շարժման ձեռքբերումներից է, հիմնական պահանջներից մեկն է, որն ինչ-որ չափով բավարարվել է, բայց սա հաղթանակ չեն համարում․ «Գնում ենք ամբողջը բավարարելու հետեւից»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ