Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Քննչականում մեկ տարի տեւած նախաքննությունից հետո դատարանը 4 նիստից հետո արդարացրեց ամբաստանյալին

Մարտ 28,2021 17:43

Դատարանների ու դատավորների անկախ ու անկողմնակալ աշխատելու՝ վերջին ամիսների որդեգրած քաղաքականությունը կարծես հասել է  մարզեր։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, որը սյունեցիներին հայտնի է իր խիստ դատավճիռներով, օրերս արդարացման դատավճիռ է կայացրել։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական  համակարգի, 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ՝ «դեռեւս չպարզված անձի կողմից Աշոտ Արամայիսի Պապյանին ծանր աստիճանի մարմնական վնասվածք պատճառելու»  դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել եւ   ընդունվել է վարույթ։

Ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի սկսած նախաքննության ընթացքում, 2020 թ․-ի  մայիսի 13-ին ձերբակալվում է Կապանի բնակիչ 36-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը։ Երկու օր անց նախաքննության մարմինն Արտյոմ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը։

Ըստ նախաքննության, Արտյոմ Հովհաննիսյանը 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Կապանի  Դավիթ Բեկ թաղամասում, Աշոտ Պապյանի հետ անձնական խնդիրների շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող երկկողմանի սուր եզր ունեցող ծակող-կտրող առարկայի գործադրմամբ հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ կեսի շրջանին՝ Աշոտ Պապյանի մոտ առաջացնելով անոթային գծով մոտ 2 սմ չափերով կտրած-ծակած, թափանցող վերք՝ կրծքավանդակի աջ խոռոչի սինուսում։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներով, Արտյոմ Հովհաննիսյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ նրա  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը նույնպես դատարանը մերժել է, եւ որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 1 500 000 ՀՀ դրամի չափով:

Հարուցված գործից մոտ մեկ տարի անց, այս տարվա  հունվարի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Արտյոմ Հովհաննիսյանի շահերը պաշտպանում էր «Էյջվիէյջ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Իրինա Մանուկյանը։

Ամբաստանյալն  իրեն մեղավոր չի ճանաչել եւ օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ։  Դատարանի հարցերին պատասխանելիս՝ նա նշել է,  որ «ինքը որեւէ առնչություն չունի այս գործի հետ եւ չի կարող ասել, թե ինչու է իր անունը շոշափվում։ Աշոտի հետ գտնվում է մտերիմ, ընկերական փոխհարաբերությունների մեջ։ Նա իր մանկության ընկերն է եւ բացառում է, որ դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարվածի նրան, դա աբսուրդ է։ Խմիչք չի օգտագործում»։

Ըստ տուժող Աշոտ Պապյանի՝ Արտյոմը իր ընկերն է,  «դեպքի օրը ամսաթվով կոնկրետ չի հիշում, բայց այդ օրն առավոտվանից խմում էր»։ Հիշում է միայն, « որ երբ գնացել է իր տուն, եկել են եղբայրն ու ընկերը՝ Արտակը եւ իրեն տեղափոխել հիվանդանոց»։ Տուժողը կոնկրետ չի կարող հիշել վնասվածք ստանալու հանգամանքները, շատ ուշ է նկատել, որ վնասված է։ Քաղաքում շրջանառվող տարբեր խոսակցություններից շատ բան է  լսել իր հետ կապված դեպքի մասին։ Մասնավորապես, իբր՝ առանձնատանն է ընկել, ինչպես նաեւ ասում էին, որ Արտյոմն է վնասել իրեն, բայց ինքը բացառել է  Արտյոմի կողմից իրեն մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը։

Նախաքննության մարմնին  ասել է, որ պտտաձողից է ընկել, քանի որ հաճախ է մարզվում։ Արտյոմ Հովհանիսյանի  հետ երբեւէ կոնֆլիկտ չի ունեցել։
Դատարանն  անդրադառնալով գործով ձեռք բերված անուղղակի ապացույցներին՝ արձանագրել է, որ վկաների ցուցմունքները, բացառությամբ մեկի,  դատաբժիշկ-փորձագետի եզրակացությունները, իրեղեն ապացույց ճանաչված վերնազգեստը հիմնավորում են միայն այն, որ Աշոտ Պապյանը 2020 թվականի դեկտեմբերի 16-ին ստացել է «առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող»։ Միեւնույն ժամանակ, դատարանը փաստում է, որ տուժողի եղբայրն ու կինը պնդել են, որ «բացառում են Արտյոմ Հովհաննիսյանի կողմից Աշոտ Պապյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ հաշվի առնելով նրանց միջանձնային մտերիմ փոխհարաբերությունը, եւ որ Աշոտ Պապյանը դեպքի օրը եղել է խմած ու որեւէ հանգամանք չի կարողացել հիշել»։

Ինչ վերաբերում  է մյուս ապացույցներին, ապա դատարանն արձանագրել է, որ «դրանք միայն հերքում են նախաքննությամբ տուժողի կողմից հայտնած այս կամ այն տվյալները, ինչը չի նշանակում, որ տուժողի հայտնածները հերքելով կարելի է հասնել ամբաստանյալի մեղավորության հաստատմանը այն պայմաններում, երբ մեղադրանքի կողմը ունեցել է բավարար տվյալներ առ այն, որ Արտյոմ Հովհաննիսյանը կատարել է պատահական գործողություն։ Ավելին, դատարանն արձանագրում է, որ դատաքննությամբ չի հետազոտվել տուժողի նախաքննությամբ տված ցուցմունքները, դրանք հետազոտելու վերաբերյալ չի արվել համապատասխան միջնորդություն, իսկ դատարանն էլ, հանդիսանալով ապացուցման կամավոր մասնակից, չի ունեցել բավարար տվյալներ տուժողի նախաքննությամբ տված ցուցմունքները հրապարակելու համար, որպիսի պայմաններում անհասկանալի է նշված ապացույցների ներառումը մեղադրական եզրակացության մեջ»։

Դատավճռում նաեւ դատավոր Նապոլեոն Օհանյանը ընդգծել է, որ «նախաքննությամբ չի պարզվել դեպքի վայրը, ժամը եւ վնասվածք ստանալու մեխանիզմը, չի հայտնաբերվել հանցագործության գործիքը։ Ավելին, դեպքի վայրի եւ ժամի մասին նախաքննության մարմնի եզրահանգումները գտնվում են ենթադրությունների տիրույթում եւ որեւէ ապացույցով չեն հիմնավորվում»։

Միաժամանակ, ըստ դատարանի եզրահանգման՝ «մեղադրանքի ծավալում նշված չէ Արտյոմ Հովհաննիսյանի կողմից կատարված ենթադրյալ գործողությունների դրդապատճառը, իսկ այն, որ ամբաստանյալի եւ տուժողի միջեւ տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ վիճաբանություն, ոչ միայն չի հիմնավորվել որեւէ ապացույցով, այլ հերքվել է գործի քննությամբ»։

Վերոնշյալ եւ մի քանի այլ հանգամանք հաշվի առնելով՝ Սյունիքի մարզի ընդհանուր դատարանը 2021թ․-ի մարտի 15-ի դատավճռով ճանաչեց եւ հռչակեց ամբաստանյալ Արտյոմ Կարենի Հովհաննիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրան արդարացրեց` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Փաստաբան Իրինա Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց,որ գործի հանգամանքներին կանդրադառնա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Միաժամանակ տիկին Մանուկյանը օրենքով սահմանված կարգով  դիմելու է դատարան  իր վստահորդի՝որպես արդարացվածի եւ վերջինիս պատճառված (հնարավոր) վնասի հատուցման իրավունքների վերականգնման համար։

Ի դեպ, նկատենք, որ եթե այս գործի նախաքննությունը տեւեց համարյա մեկ տարի, ապա Սյունիքի ընդհանուր իրավասությանը դատարանը գործը ավարտեց 4 նիստում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031