«Հայաստանում հիմա միաժամանակ երկու գործընթաց է կատարվում` Նիկոլ Փաշինյանն ամրացնում է իր վարչական ռեսուրսը՝ չեզոքացնում է բանակը, կաշառում է ոստիկանությանը, օգտագործում է ԱԱԾ-ն, դատախազությունը, այս տեսակետից ինքը լծակները վերցնում է իր ձեռքը, բայց ինչպես պարզվում է, այնքան էլ վստահ չի վերցնում, որովհետեւ Սահմանադրական դատարանի որոշումն հաստատ իր ուզածը չէ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգենը Մանուկյանը՝ Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքից առաջ։
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է ժողովրդի շրջանում, եւ դրա պատճառները ոչ միայն պատերազմն են, նաեւ սոցիալական դժվարությունները։
Կարդացեք նաև
Հնարավոր է արդյո՞ք շարժման վարչապետի թեկնածուն փոխվի, օրինակ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնա, Վազգեն Մանուկյանն ի պատասխան այս հարցին, ասաց․«Շարժման վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել։ Պետք է հաշվի առնել, որ վարչապետի թեկնածուի վրա դրված է պարտավորություն, որ ինքը մի տարուց դուրս է գալու ու չի դառնալու վարչապետ։ Եթե մարդիկ կան, որոնք համաձայն են դրան, եւ ես տեսնեմ, որ իրենք արժանի են, ի վիճակի են հարցերը լուծել, ես խնդիր չունեմ»։
ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունների մասին էլ Վազգեն Մանուկյանն ասաց․ «Ես չասեմ՝ կողմ եմ կամ դեմ եմ, բայց այդ առաջարկները քննարկման արժանի են»։
Ինչ վերաբերում է հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին, ապա շարժման վարչապետի թեկնածուն ասաց, որ դրանք խայտառակ ընտրություններ են լինելու․ «Նախ եւ առաջ իշխանությունը լեգիտիմ չէ, եւ Փաշինյանը չի կարող ասել՝ այսինչ օրը եկեք ընտրության։ Այս ամեն ինչից հետո ընտրությունները կազմակերպվում են իր վարչապետությամբ, ես կարծում եմ՝ դա սեւ բիծ է մնալու մեր ժողովրդի պատմության մեջ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ