Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Գաբրիելյան. «Լողորդները սկսել են այնպես աշխատել, որ հաճախ առանց սպորտի վարպետի արդյունքի հնարավոր չէ մեդալ նվաճել» (ֆոտոշարք)

Մարտ 28,2021 15:24

Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտվեց լողի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին շուրջ ինը տասնյակի հասնող մարզիկ-մարզուհիներ: Տրվեցին բոլոր մրցաձեւերի մեկնարկները, հայտնի դարձան չեմպիոններն ու մեդալակիրները:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանն առաջնության արդյունքներն ամփոփեց Aravot.am-ի հետ զրույցում:

 

«Կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի թողած բացասական ազդեցությունից հետո Լողի հայկական դաշնությունը, մենք կարողացանք փետրվարի վերջից մարտի սկիզբը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կազմակերպել: Դրանից հետո մեր մարզիկները շարունակեցին մարզումները 25 եւ 50 մետրանոց լողավազաններում: Այդ ամենը փոխեց իրավիճակը եւ այսօր կարողացանք անցկացնել հանրապետության առաջնությունը: Պիտի ասեմ, որ բոլոր մասնակիցներն էլ, հատկապես հավաքականի հիմնական կազմի թեկնածուները, այդ թվում՝ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Անի Պողոսյանը եւ մյուսները բավականին բարձր արդյունքներ ցույց տվեցին: Ուզում եմ անպայման նշել, որ առաջացել է մի այնպիսի թիմ, որտեղ բոլոր մրցաձեւերում մրցանակային տեղ զբաղեցնելու համար շատ լուրջ պայքար է ծավալվում: Լողորդներն մրցուղիներում այնպես են աշխատում, որ պատվո պատվանդանին ու, ընդհանրապես, առաջատարների հնգյակում հաճախ առանց սպորտի վարպետի արդյունք ցույց տալու հնարավոր չէ տեղ զբաղեցնել: Էլ չեմ խոսում հանրապետության նոր ռեկորդների մասին»,- ասաց մասնագետը:

Հարցին, թե Հայաստանը Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակից կունենա՞, Միսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ներկայումս ԲԿՄԱ-ն ներկայացնող մեր լավագույն լողորդը՝ Արթուր Բարսեղյանը, որը այս առաջնությունում թարմացրեց Հայաստանի իր իսկ երկու ռեկորդ, «B» կարգի վարկանիշ արդեն ունի: Եթե համավարակային սահմանափակումները չլինեին, նա դեռ անցած տարի անպայման «A» կարգի վարկանիշ լրացրած կլիներ: Սակայն հիմա ուզում ենք նրան, Վարսենիկ Մանուչարյանին, Անի Պողոսյանին մյուս ամիս գործուղել որեւէ վարկանիշային մրցաշար: Շատ մեծ հույս ունենք, որ Արթուրը «A» կարգի վարկանիշին համապատասխանող միավորներ կհավաքի, ինչին նա շատ մոտ է եւ ինչը նրան 100 տոկոսանոց մասնակցություն կապահովի օլիմպիական խաղերում, իսկ աղջիկները կլրացնեն «B» վարկանիշի նորմաներ ու նրանց առջեւ նույնպես կարող են բացվել օլիմպիական խաղերի դռները՝ նայած ցույց տված արդյունքներին եւ լողում զարգացում ապրող երկրներին խրախուսելու՝ ՄՕԿ-ի ու միջազգային ֆեդերացիայի կայացվելիք որոշումներից»:

 

Լողի հայկական դաշնությունում մարզչական շտաբը մոտ օրերս կամփոփի առաջնության վերջնական արդյունքները եւ կորոշի նաեւ տղաների եւ աղջիկների լավագույն եռյակին: Սակայն Միսակ Գաբրիելյանի կարծիքով շատ մեծ է հավանականությունը, որ լավագույնի կոչմանն արժանանան Արթուր Բարսեղյանն ու Վարսիկ Մանուչարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031