Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագիրը ստորագրվեց

Մարտ 28,2021 14:49

Չինաստանի և Իրանի արտգործնախարարներ Վանգ Յին և Ջավադ Զարիֆը երեկ Թեհրանում ստորագրեցին երկու երկրների միջև համագործակցության 25-ամյա ծրագիրը։ Այս ծրագրի հիմքը դրվել էր հինգ տարի առաջ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Իրան կատարած այցելության ժամանակ։

Համաձայնագիրը ստորագրվեց ԱՄՆ նոր վարչակազմի Չինաստանի և Իրանի դեմ կիրառված կոշտ քաղաքականության շարունակվելու պայմաններում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարը Իրանից բացի տարածաշրջանում այցելել է նաև Ս․ Արաբիա, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն և Օմանի Սուլթանություն։ Պեկինն իր տարածաշրջանային ակտիվությունը դիտարկում է 2013 թվականին առաջադրած  իր «Մետաքսի նոր ճանապարհ – Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում։

Կողմերը դեռևս միասնական ծրագրի մանրամասնությունը չեն հրապարակել, բայց Իրանի կառավարության խոսնակն հայտարարել է, որ համաձայնագիրն ունի քաղաքական, ռազմավարական և տնտեսական կողմ։

Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագրի բովանդակության մասին կարելի է գաղափար կազմել փորձագիտական կենտրոնների հրապարակած  նյութերից, որոնք մասամբ հաստատվել են նաև Իրանի կառավարության, մյուս պաշտոնատար անձանց կամ խորհրդարանի պատգամավորների կողմից։ Չինաստանը համաձայն այս ծրագրի Իրանի նավթի, գազի, նավթամշակման, ճանապարհաշինության, նավահանգիստների և գյուղատնտեսության ասպարեզներում  ավելի քան  չորս հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու: Այս համաձայնագրում  նախատեսված են ռազմական և քաղաքական համագործակցություն, էներգակիրների և ջրմուղ- կոյուղու ցանցերի զարգացում, Իրանի հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք երկաթգծի կատարելագործում, օդանավակայանների հիմնում, բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության, նավաշինության, մետալուրգիայի և ձկնաբուծության զարգացում, Չահբահար և Ջասք նավահանգստների մոտ (Մաքրան և Թիս) խելացի քաղաքների հիմնում, Իրանի տաս խոշոր քաղաքում մետրոյի հիմնում, տուրիզմի զարգացում, գիտական համագործակցություն և ուսանողների փոխանակում։ Չինաստանը Իրանի հարավ-արևելքում գտնվող  Ջասք նավահանգստում հիմնելու է նավթազտարան և նավթամշակման գործարան։

Իրանցիները համոզվել  են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները  դեռ երկար ժամանակ շարունակվելու են և Չինաստանի հետ կնքած այս համաձայնագիրը հարմար ելք է պատժամիջոցների ծանր հետևանքները մեղմացնելու համար։ Չինաստանն Իրանի նավթի լավագույն գնորդն է և Թեհրանը թեկուզ մատչելի գներով, բայց կարող է նավթ արտահանել և դիմացը ստանալ մեծ ներդրումներ՝ տնտեսության և տեխնոլոգիաների արդիականացում, մասամբ նաև կանխիկ գումար։

Իրանի հանրային կարծիքն այս հարցում երեք մասի է բաժանված։ Որոշ շրջանակներ համարում  են, որ իշխանությունները շեղվել են իսլամական պետության հիմնադիր Իմամ Խոմեյնու գծած «Ոչ արևելք – ոչ արևմուտք» ուղուց և սա անվանում են թեքում դեպի Ռուսաստան և Չինաստան․ նրանք այս համաձայնագիրը անվանում են «Երկրորդ Թուրքմենչայ» կամ «Նավթային Թուրքմենչայ»։ Ակնարկը վերաբերում  է 1828 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև կնքված հաշտության պայմանագրին, որով Ռուսաստանին անցավ Իրանի կովկասյան հատվածը և Արաքս գետը դարձավ սահման։ Նրանք կարծում են հիմա էլ Չինաստանը մեծ ազդեցություն կունենա Իրանի հարավային ջրերում ու կղզիներում և անգամ ռազմական բազա կհիմնի։ Երկրորդ խումբը դա համարում է Իրանի ճարահատյալ քայլ, որով փորձում է փրկվել ԱՄՆ-ի սաստիկ ճնշումներից և շտկել գահավիժող իր տնտեսության մեջքը։

Կան նաև փորձագետներ, որոնք կարծում են Պեկինը առևտրա-տնտեսական կապեր զարգացնելու համար փնտրում է ապահով և անվտանգ միջավայր և Թեհրանն իր ներկայի տագնապալի քաղաքականությամբ և ԱՄՆ-ի, Իսրայելի ու մի շարք այլ երկրների հետ լարված հարաբերությունների մթնոլորտում չի կարող բարենպաստ պայմաններ ապահովել չինական ներդրումների համար։ Նրանք կարծում են Չինաստանը տեղի կտա Վաշինգտոնի ճնշումներին,  Իրանից էժան նավթ կգնի, բայց իր խոստացած պարտավորությունները  չի կատարի։

*** «Մետաքսի նոր ճանապարհ – Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրից անմասն չի մնա նաև Հայաստանը։ Մետաքսի նոր ճանապարհի ճյուղերից մեկն էլ անցնելու է Հայաստանից և մենք էլ Հյուսիս-Հարավ ճանապարհի մեր մասը կարգի բերելով կարող ենք մասնակից լինել այս կարևոր ծրագրերին։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031