Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետությունը չունի սահմանափակումների և կանխարգելման որևէ քաղաքականություն, միասնական իշխանություն Հայաստանում չկա․ «Այլընտրանքային  նախագծեր խումբ»

Մարտ 28,2021 13:42

Համաճարակային վիճակը երկրում տագնապային է՝ ամենօրյա չդադարող մահեր։ Հիվանդանոցներում տեղ չկա։

Պետությունը չի կարողանում պատվաստանյութ ձեռք բերել։ Պաշտոնապես արվել է 600 պատվաստում, ինչը մի փոքր գյուղի ծավալ է, և ավելի շատ փաստում է իշխանության տապալումն այդ գործում։

Պետությունը չունի միասնական քաղաքականություն՝ ստեղծված իրավիճակում, երբ իր քաղաքացիներն ամեն օր հիվանդանում են, մարդիկ մնացել են միայնակ՝ վարակի դեմ։

Պետությունը չունի սահմանափակումների և կանխարգելման որևէ քաղաքականություն, և պետական ենթակայության կառույցներն ու համակարգերը՝ մշակութային օջախները, քաղաքային տրանսպորտը, պետական հաստատությունները, դպրոցները և այլն, վարակի տարածման անսպառ աղբյուր են։ Պետությունը դարձյալ մի կողմ է քաշվել։

Երեկ տեղի ունեցավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը՝ պետական մակարդակով, Օպերայի և բալետի ազգային թատրոնում։

Դահլիճում հակահամաճարակային վիճակը զրոյական մակարդակի էր՝ դահլիճի 90  տոկոսը առանց դիմակ, առանց սոցիալական հեռավորության, գրկախառնություններ, համբույրներ, և այս ամենը հեռարձակվում է համապետական ալիքով։

Այս միջոցառումով արձանագրվում է պետության անգործությունը։ Սա նշանակում է, որ միասնական իշխանություն Հայաստանում չկա։

Երեկվա միջոցառմանը օթյակում բոլորից մեկուսի նստած էին ԿԳՍՄ նախարարը և Երևանի քաղաքապետը։ Նրանք դիմակով էին և սոցիալական հեռավորություն էին պահպանում։ Իրենք՝ իրենց համար։ Սա նույնպես խոսում է երկրում միասնական իշխանության բացակայության մասին։

Պետությունը չի մտածում իր քաղաքացիների մասին, պետությունը չունի քաղաքականություն, պետությունը տվյալ պահին ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ապրում են իրենց համար՝ իրենց ամառանոցներում, իրենց օթյակներում, միայն իրենց համար հասանելի պատվաստանյութերով։

Պետության բացակայությունը պայմանավորված է իշխանության լեգիտիմության զրոյական աստիճանով, ինչն իշխանությունը շատ լավ զգում է. վարչապետն իրեն շրջափակել է ոստիկանական զորքերով ու մտածում է բացառապես իր անվտանգության մասին, նախարարների ճնշող մեծամասնությանը ոչ ոք չի ճանաչում, ու նրանց խոսքը արժեք չունի, քաղաքապետ Հայկոն էլ արդեն 2 տարի է՝ չկա։

Իսկ առայժմ, շատ կարճ ժամանակ հետո, մենք կլսենք երեկվա  «Արտավազդ» մրցանակաբաշխության տխուր հետևանքների մասին՝ նոր հիվանդներ և, ցավոք, մահեր։

Երեկվա միջոցառումից հետո պետք է լինեն հրաժարականներ, որովհետև իշխանությունն արել է հերթական անթույլատրելի արարքը։ Իսկ քանի որ հրաժարականներ չեն լինի, ապա մեզ մնում է հրապարակային երկու հարց ուղղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.

Հարց 1

Նույնիսկ չլինելով բժիշկ, Դուք հասկանո՞ւմ եք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ չի պահպանվել հակահամաճարակային որևէ նորմ, Դուք գիտակցո՞ւմ եք, որ  դա հանցագործություն է, որը կարող է բերել մահերի։ Դուք հասկանո՞ւմ եք, որ այս վարքագծով Հայաստանը տարանջատվում է քաղաքակիրթ աշխարհի նորմերից։

Հարց 2

Դուք հայտարարել եք, որ առ այս պահը 600 քաղաքացի ստացել է պատվաստանյութ։ Խնդրում ենք ասել՝ ի՞նչ հրապարակային մեխանիզմով է հայտարարվել պատվաստանյութ ստանալու հնարավորության մասին, ինչպե՞ս են ընտրվել մարդիկ, և խնդրում ենք հրապարակել ստացողների անունները։ Ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն՝ դրանց մեջ մեծ թիվ են կազմում գործող իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավոր բարեկամները։

«Այլընտրանքային  նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031