Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մշակույթը վտանգի տակ դնելը չի կարող մեզ չանհանգստացնել․ արտասահմանյան գիտնականներ և գերմանախոս աստվածաբաններ

Մարտ 28,2021 12:13

Գերմանիայի Գյոթինգեն քաղաքի Գեորգ Աուգուստ համալսարանի պրոֆեսոր Մարտին Թամքեի նախաձեռնությամբ մարտի 4-ին տեղի է ունեցել առցանց գիտաժողով՝ հետպատերազմական Արցախում հայկական մշակույթի և քրիստոնեական ժառանգությանը սպառնող լրջագույն վտանգների և պատմական կոթողների պահպանման վերաբերյալ։

Մասնագիտական զեկույցներից և քննարկումներից հետո, ներկաները հրապարակել են Գերմանիայի կառավարությանն ու միջազգային այլ կառույցներին ուղղված կոչ, որը դեռևս շարունակում են ստորագրել նախաձեռնությանը աջակցող մի շարք արտասահմանյան գիտնականներ և գերմանախոս աստվածաբաններ։

ԿՈՉ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԻ

Որպես հայկական եկեղեցիների և մշակույթի հետ առանձնահատուկ կապվածություն ունեցող գիտնականներ՝ մեզ մտահոգություն է պատճառել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմի ընթացքը, այլև այնտեղ ապրող մարդկանց և մշակութային ժառանգության ապագայի խնդիրը։

Հայկական մշակույթը վտանգի տակ դնելը չի կարող մեզ չանհանգստացնել, ոչ միայն մշակութային փոքրամասնություններին սկզբունքորեն պաշտպանելու անհրաժեշտության, այլ նաև այն պատճառով, որ Հայաստանի մշակութային ժառանգությունը մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությանն է պատկանում։

Այդ իսկ պատճառով մենք մերժում ենք պատմամշակութային ժառանգության գաղափարախոսական վերամեկնաբանումն ու կործանումը, հատկապես երբ նշված երևույթներն ինչ-որ մի քաղաքական գործիքավորման են ծառայում։ Մենք՝ իբրև քրիստոնյաներ, մեզ պարտավորված ենք տեսնում՝ միասնական լինելու մեր հավատակից եղբայրների և քույրերի հետ, որոնց մշակութային ինքնությունը վտանգված է։

Տվյալ իրավիճակը փաստում է, թե որքան դժվարին է լինելու այս տարածաշրջանում հայկական գոյությունն արտացոլող վկայությունների պահպանումը, նրանց ժառանգության խնամքը, ինչպես նաև արտասահմանյան գիտնականների պարագայում՝ մուտքի արտոնումն այս կարևորագույն վայրեր։

Ուստի, մեզ այժմ հրատապ է ներկայանում հետևյալը․ միջոցներ մատնանշել, որոնք կօգնեն պահպանել հայկական գոյության ժառանգությունը՝ ի հակադրություն գաղափարախոսական սահմանափակ ուղեցույցների։ Ներկայումս՝ իբրև իրավիճակի բարելավման նախապայման, մենք տեսնում ենք այն հրատապ անհրաժեշտությունը, որ ձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը՝ թշնամացած ազգերին հաշտեցնելու ուղղությամբ։

Դրա համար մենք կոչ ենք անում՝

– պաշտպանել քրիստոնեական կոթողները վերաարձանագրումից, կործանումից և ապահայկականացումից
– արտոնել միջազգային գիտնականներին՝ այցելել ու ամրագրել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը
– ապահովել ուխտավորների մուտքը քրիստոնեական սրբավայրեր
– դադարեցնել պատերազմական հռետորաբանությունը:

Նաև առաջարկում ենք՝

– վստահություն ստեղծող ձեռնարկների մեկնարկում
– տարբեր հաստատություններին՝ իրենց դիրքորոշումն արտահայտելու քաջալերում
– մասնագիտական հանդիպումների և միջազգային գիտաժողովների կազմակերպման օժանդակում՝ վանքերի, աստվածաբանության, բարեպաշտության, հակամարտության և խաղաղաշինության ուսումնասիրության համար (միջազգային հրապարակումների ուղղվածությամբ):

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031