Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե անվտանգության մեր կոնցեպտում Թուրքիան դիտվում էր որպես թշնամի, հիմա ինչպիսի՞ն է մեր կոնցեպտը, ինչպիսի՞ն եք դուք տեսնում մեր փոխհարաբերությունները, պատասխանել է․
«Ռազմավարությունում ավելի լայն ձեւակերպումներ կան, բայց, բնականաբար, արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ահագին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եւ նաև ապաշրջափակման գործընթացը, որը սկսվել նոյեմբերի 9-ից, որն ավելի ինտեսիվ փուլ է մտել հունվարի 11-ի Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարած փաստաթղթի շրջանակներում եւ ընդհանուր առմամբ ապաշրջափակումը պետք է լինի ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենալ եւ կարծում ենք, որ դրա հնարավորությունները այս պահին կան»,-ասաց նա:
Հարցին, մենք ունե՞նք արդյոք դիալոգ Թուրքիայի հետ, ինչից է ենթադրում, որ այդ հնարավորությունները կան, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ ուղիղ դիալոգ չկա, բայց երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակային հայտարարություններ եղել են եւ դրա հնարավորությունը կա:
Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյո՞ք Թուրքիային համարում է թշնամի պետություն, Արմեն Գրիգորյանն ասաց, որ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, եւ իրենք այդ ուղղությամբ աշխատում են:
Կարդացեք նաև
«Միանշանակ պնդել, որ որեւիցե վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործողությունները նաև այլ հնարավորություններ են տալիս»,-ասել է ԱԽ քարտուղարը: