Լրահոս
Օրվա լրահոսը

Մուսան ու դիզայները․ դերասանուհիներ, որոնք ոգեշնչման անսպառ աղբյուր էին նորաձևության ասպետների համար

Մարտ 27,2021 23:00

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք այն դերասանուհիներին, որոնք ոգեշնչել են համաշխարհային հռչակ ունեցող դիզայներներին՝ դառնալով նրանց մուսան ու ընկերը։

Իվ Սեն Լորան և Կատրին Դենյով

Համաշխարհային հռչակ վայելող կուտյուրիեն երբեք էլ կանանց ուշադրության պակաս չի զգացել․ նա կանանց կարողանում էր դարձնել ավելի հմայիչ ու ինքնավստահ, իսկ կանայք ոգեշնչման անսպառ աղբյուր էին նկարչի համար․ սակայն Կատրին Դենյովն ավելին էր, քան պարզապես գեղեցիկ կին։

Նրանց հանդիպումը տեղի է ունեցել 1965  թ․-ին․ 22-ամյա ֆրանսուհին Ելիզավետա II թագուհու հետ հանդիպմանը պատրաստվելու հարմար շրջազգեստ էր փնտրում և քանի որ բավականին տպավորված էր երիտասարդ դիզայներ Իվ Սեն Լորանի աշխատանքներով, այցելում է Սպոնտինի փողոցում գտնվող նրա բուտիկը։ Իվ Սեն Լորանը, տեսնելով երիտասարդ դերասանուհուն, զմայլվում է նրա գեղեցկությամբ։

Թագուհու հետ հանդիպմանը Կատրինը ներկայանում է էլեգանտ, միևնույն ժամանակ տպավորիչ զգեստով։

Կատրին Դենյով և Ելիզավետա 2-րդ

Շուտով ճակատագիրը հոգում է նրանց երկրոդ հանդիպման մասին։ Կատրինը դիմում է Իվ Սեն Լորանին՝ խնդրելով իդեալական շրջազգեստ կարել՝ «Աղջիկները Ռոշֆորից» ֆիլմի պրեմիերայի համար, այնուհետև պատվիրում ստեղծել կոստյումներ «Ցերեկվա գեղեցկուհին» ֆիլմի համար։

Կատրին Դենյովը՝ «Ցերեկվա գեղեցկուհին» ֆիլմում

«Կատրին Դենյովն ու Իվ Սեն Լորանը ստեղծել են ավելին, քան պարզապես սկանդալային էրոտիկ կինոնկար։ «Ցերեկվա գեղեցկուհին» ֆիլմն իր շքեղ հագուստներով շարժիչ ուժ հանդիսացավ շատ դիզայներների համար, որոնք մինչ օրս ոգեշնչվում են այդ կերպարներով»,- գրում է The New York Times-ը։

Կատրին Դենյով, Իվ Սեն Լորան

Դիզայներն ու դերասանուհին անբաժան էին․ Կատրին Դենյովը նրա ցուցադրությունների մշտական հյուրն էր, նրա անդավաճան ընկերը՝ վերելքների ու անկումների պահին։

Յուբեր դը Ժիվանշի և Օդրի Հեփբըրն

Օդրին Յուբերի անկրկնելի մուսան էր, Յուբերը՝ Օդրիի ընկերը, դիզայները, հոգեբանը․ նրանք անբաժան էին 40 տարի, և այդ միությունը շռայլորեն պարգևատրում էր երկուսին էլ։

Յուբեր Ժիվանշին և Օդրի Հեփբըրնը հանդիպել են 1953 թ․-ին՝ Փարիզում․ երիտասարդ դերասանուհին նորաձևության մայրաքաղաք էր եկել՝ «Սաբրինա» ֆիլմի համար մի քանի զգեստ ընտրելու նպատակով։ Սակայն առաջին հանդիպումը հիասթափեցնում է Յուբերին․ վերջինս կարծում էր, որ իր մոտ է գալու ոչ թե Օդրի, այլ Քեթրին Հեփբըրնը, որն արդեն բավականին հայտնի դերասանուհի էր։

Այնուամենայնիվ հանդիպման արդյունքում ընտրված հագուստը, կատարելապես ընդգծելով ֆիլմի հերոսուհու կերպարը, «Սաբրինա» ֆիլմին արժանացնում է «Օսկար»-ի, և թեև հեղինակավոր մրցանակը ստանում է ֆիլմի հանդերձարարը, Յուբեր Ժիվանշիի մոտ են շտապում բազմաթիվ նոր հաճախորդուհիներ՝ նույնպիսի էլեգանտ զգեստներ ձեռք բերելու համար։

Օդրի Հեփբըրնը՝ «Սաբրինա» ֆիլմում

«Սաբրինա» ֆիլմի հաջողությունից հետո Օդրին Ֆիլմերում նկարահանվելու համար կազմվող պայմանագրերում հատուկ կետ է նշում, որի համաձայն իր հանդերձանքը պետք է ստեղծի միայն Յուբեր Ժիվանշին, թեև առօրյա կյանքում էլ դերասանուհին նախընտրում էր կրել իր սիրելի դիզայների հագուստները։

Օդրի Հեփբըրնը՝ Յուբեր Ժիվանշիի նորաձևության սրահում

Օդրիի ու Յուբերի զարմանալի ընկերությունը ծնում է կերպարներ, որոնք մինչ օրս ճանաչելի են և  ճաշակի ու էլեգանտության խորհրդանիշ են համարվում։

Օդրի Հեփբըրնի լեգենդար սև զգեստը՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի համար

«Միայն նրա զգեստներում եմ ես ինքս ինձ հավատարիմ զգում», – ասում էր Օդրին, իսկ Ժիվանշին վստահեցնում․ «Աշխարհում նրա նման կախարդուհի չկա։ Նա գլխի մի շարժումով փոխում է աշխարհն ինչպես էկրանին, այնպես էլ կյանքում»։

Յուբեր Ժիվանշին և Օդրի Հեփբըրնը Փարիզում

«Յուբեր դե Ժիվանշի. Օդրիին՝ սիրով» գրքի շապիկը, որտեղ ներկայացված են Յուբեր Ժիվանշիի նկարներն ու մեկնաբանությունները

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031