Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա կոպիտ աթոռակռիվ է». Տիգրան Արզումանյան

Մարտ 27,2021 18:32

Քանդակագործ Տիգրան Արզումանյանը խորապես  հիասթափված է, քանի որ 2018-ին, իր բնորոշմամբ, մեծ խանդավառությամբ ընտրված այս իշխանությունը չարդարացրեց հասարակության մեծամասնության հույսերը, ավելին, պատերազմում պարտություն կրեցինք:

«Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նաև ընդդիմադիր ուժերին ու նշեց. «Մյուս կողմից էլ, որ նայում եմ այս ընդդիմադիր կուսակցություններին, որոնց հիմքում կանգնած են նախկինները, որոնք պետք է պատիժ կրեին և խուսափում են, նրանք էլ հիմա նորից իշխանության են ուզում գալ: Այդ հիասթափությունը ես կիսում եմ ոչ միայն իմ ընկերների, այլև ժողովրդի հիսուն, վաթսուն տոկոսի հետ»:

Ըստ քանդակագործի՝  առաջիկայում անցկացվելիք ընտրությունները խայտառակ ընտրություններ են լինելու, և ինքն էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, չի մասնակցելու դրանց:

Ճգնաժամային այս իրավիճակից ելքի ճանապարհ նա համարում է այն, որ հայտնի մի ուժ, մի անձ, որին ժողովուրդը կվստահի ու կհավատա, կգա իշխանության. «Մեզ հիմա լեգիտիմ իշխանություն է պետք միջազգային այս քաղաքական խժդժությունների մեջ: Մինչդեռ հիմա կոպիտ աքլորակռիվ է, որին մասնակցում են այդ բոլոր թվացյալ 17 կուսակցությունները, որոնք դատարկություն են: Հիմնական պայքարը մղվում է հանրապետականների և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Դաշնակցությունը Հայաստանում ինձ թվում է սպառված կուսակցություն է, որը մեկ տոկոս էլ չհավաքեց ընտրություններում»:

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առիթով քանդակագործը հիշեց, որ վերջին օրերին Հայաստանում բրոնզե արձանիկներ են գողանում, ինչը նշանակում է, որ մենք մեր ներսում  անգամ մեր արժեքները չենք պահպանում: Նա մտահոգված է՝ այս տարիներին ի՞նչ ենք արել. «Բավականին խաղաղ տարիներ եղան, ի՞նչ արեցինք, մենք միջազգային կազմակերպություններին ինչպե՞ս դիմեցինք, եղավ Ջուղայի խաչքարերի ոճրագործություն, ի՞նչ արեցինք: Մենք միշտ մեղադրում ենք, սպասում միջազգային կազմակերպություններից, բայց չենք դիմում, առանձնապես այդ ճանապարհով աշխատանք չենք տանում: Նույնն էլ այսօր է»:

Քանդակագործը նաև ցավում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում տաղանդավոր մարդիկ քիչ են ծնվել: Հիշելով խորհրդային միության ժամանակահատվածը՝ նա զուգահեռներ անցկացրեց. «Խորհրդային միության ժամանակ այդ երկրում, որտեղ շատ դժվար էր ազգային բաներ անելը, ունեցանք ազգային տաղանդավոր մարդիկ, որոնք ծնվեցին, մեծացան և աշխատեցին: Այս երեսուն տարվա մեջ ի՞նչ ազգային ծրագիր ենք իրագործել, դժվարությամբ եմ կարողանում հիշել: Բացի քանդելուց, որ ազգայինը պետք չէ առաջնակարգ համարել, մշակույթի նախարարությունը վերացնելուց, փաստորեն, ոչինչ չարեցինք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031