Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում եռակողմ հայտարարության 8-րդ կետով, այլ նաև նույն հայտարարության 6-րդ կետով. Տիգրան Աբրահամյան

Մարտ 27,2021 15:54

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Oրերս, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ, առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին ԵՄ կողմից առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ «Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը»։
Այն, որ Ադրբեջանը գերության մեջ գտնվող անձանց հայրենադարձման առումով խախտում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, արդեն բոլորին է հայտնի:

Այս հայտարարությունում նորություն էր Լաչինի միջացքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտման հատվածը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

Հետաքրքրական է, որ Արցախը իր վերահսկողության տակ գտնվող Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհով թույլատրում է ոչ միայն հումանիտար, այլ շինարարական, ռազմական նշանակության շարասյունների շարժերը:
Որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանը շարժեր իրականացնում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Գետավան-Քարվաճառ և Մատաղիս-Դրմբոն-Վանք-Քարվաճառ ուղղություններով:
Հասկանալի է, որ այս շարժերի իրականացման պատասխանատվությունը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի իշխանությունների պայմանավորվածությունների դաշտում է:

Բացի այն հանգամանքից, որ այս երկու ճանապարհները տարբեր կարգավիճակ և վերահսկողության մեխանիզմներ ունեն, այս ընթացքում Ադրբեջանից չի բարձրաձայնվել իր շարժերի հետ կապված խոչընդոտների մասին:
Սա այն դեպքում, որ ՀՀ ԱԳ տեղակալի ներկայացմամբ, Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխությունների ժամանակ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում:

Եթե սրան գումարենք նաև Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհահատվածին, ադրբեջանցի զինվորների ոչ եզակի սադրանքների մասին, ապա սրանով պատկերն ամբողջական կդառնա: Հատկապես որ, հայկական կողմը իրավիճակին համահունչ միջոցներ չի ձեռնարկում:
Փաստորեն, Ադրբեջանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում» մասով, այլ նաև նույն հայտարարության 6-րդ կետով՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Այն, որ Ադրբեջանը երբեք էլ հուսալի կողմ չի եղել և աչքի չի ընկել ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարման առումով, Հայաստանին և նվազագույնը համանախագահ երկրներին վաղուց էր հայտնի, սակայն այստեղ ցավալին այն է, որ Հայաստանը գերպարտաճանաչորեն կատարեց նույն հայտարարության՝ իր ստանձնած դրույթները՝ հանձնեց Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջանները, իսկ դրա դիմաց, փաստորեն, ստացավ ոչինչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031