Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա հիշելուց շատ ավելի ծանր հոգեհուզական վիճակում եմ հայտնվում, քան այդ 44 օրը». արցախցի բժիշկը՝ արցախյան պատերազմի մասին

Մարտ 27,2021 13:51

«Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակի» դափնեկիրներն այս տարի 9-ն են:  Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակին արժանացել են Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկային կյանքեր փրկելու գործում ավանդ ունեցած կին բժիշկները, նաև Հայաստանում առաքելություն կատարած բժիշկները:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանն այս առթիվ նշեց. «Քովիդի և պատերազմի ժամանակ բժիշկները ցուցաբերեցին աներևակայելի խիզախություն, բացառիկ նվիրվածություն և մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ: Այդ պատճառով որոշեցինք, որ մրցանակը պիտի տանք երիտասարդ կին բժիշկներին»:

Գյուլնարա Շահինյանը ցավով փաստեց՝ ականատես ենք լինում միլիտարիզացիայի, ավտորիտարիզմի, ուստի նման նախաձեռնությամբ իրենց նպատակն է պաշտպանել հավասարությունը, խաղաղությունը: Նա նշեց, որ երկու գիրք են հրատարակել, որպեսզի դաշտում աշխատող մարդկանց ձայները լսելի լինեն:

Գյուլնարա Շահինյանը տեղեկացրեց՝ մրցանակի է արժանացել Ստեփանակերտի հիվանդանոցի ողջ անձնակազմը, մրցանակ է տրվել սփյուռքահայ բժիշկ Մարիա Ազիզյանին, որը հիմա Բոստոնում է և պատերազմի ժամանակ աշխատում էր այրվածքաբանական կենտրոնում: Սփյուռքահայ մեկ այլ կին բժիշկ՝ տիկին Այրումյանին ևս շնորհվել է մրցանակ: Նա այժմ գտնվում է Իրկուտսկում: Մյուս դափնեկիրն է Ռոզմ Բոնեն՝ Քենիայից: Նա եղել է երիտասարդ աղջիկ՝ տասը տարեկան, երբ իրեն հավաքագրել են՝ որպես երեխա զինվոր: Նա կարողացել է փախչել և հետագայում ստեղծել իր կազմակերպությունը ու հիմա պաշտպանում է երիտասարդ տղաներին, որոնց նույն կերպ ներգրավել են պատերազմում:

Ասուլիսի ընթացքում «Երիտասարդ կանանց խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակի» դափնեկիր բժիշկները ներկայացրին իրենց փորձառությունը:

Կատրին Լը Սիմպլը ֆրանսիացի բժիշկ է: Նա արդեն չորրորդ տարին է աշխատում է Հայաստանում՝ Գյումրիում՝ Աշոցքի գյուղերի բնակիչների հետ: Նա պատմեց. «Պատերազմի ժամանակ շատերը կորցրել են իրենց որդիներին, ամուսիններին, և հիմա ամեն շաբաթ այցելում եմ այդ մարդկանց այդ գյուղերում: Նրանք ընկճված են, չեն ուզում ապրել: Առաջինը որ անում են, այն է՝ ապրեցնում եմ այդ մարդկանց: Ես որպես  կլինիկական հոգեբան՝ պիտի գտնեմ ճանապարհն այդ մարդկանց ապրեցնելու, որ ավելի չխորանա նրանց մոտ այդ դեպրեսիան: Մի ընտանիքում մայրը որդուն կորցրել է, որդին երկու փոքր երեխա ունի, և այդ զինվորի կինն էլ է վատ վիճակում: Նկատեցի, որ զինվորի մայրն ու նրա կինը միայն երեխաներին տեսնելով են մի քիչ ուրախանում: Ես խաղում, զբաղեցնում եմ երեխաներին, որ նրանք տեսնեն՝ կյանքը զարգանում է»:

Արցախից բժշկուհի Նարե Սարգսյանը նշեց՝ իրականում շատ դժվար 44  օրեր են անցկացրել ու մանրամասնեց. «Տեսնելով այն զինծառայողներին, վիրավորներին, ում հնարավոր չէր բուժօգնություն ցույց տալ՝ իմանալով, որ ինչ-որ ընտանիքում կորուստ է լինելու, շատ դժվար էր աշխատելը: Տեսնելով վիրավորների ծանրության աստիճանը՝ պատկերացնում էինք՝ ինչ է կատարվում առաջնագծում: Շատ դժվար էր։ Զինվորներ, որոնք դպրոցական նստարանից հետո հայտնվել էին պատերազմում՝ 21-րդ դարի անմարդկային պայմաններում ընթացող պատերազմում, դա քեզ ուժ էր տալիս: Հիմա հիշելուց շատ ավելի ծանր հոգեհուզական վիճակում եմ հայտնվում, քան այդ 44 օրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031