Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են և շարունակվելու են ենթարկվել վանդալիզմի և ոչնչացման. ՌԱԿ

Մարտ 27,2021 13:21

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, օգտվելով Թուրքիայի, Պակիստանի և սիրական ահաբեկիչ վարձկանների բազմակողմանի աջակցությունից, իր ծավալներով աննախադեպ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ` ռմբակոծությունների թիրախ դարձնելով խաղաղ բնակչությանը, չխնայելով հումանիտար գործունեություն իրականացնող կազմակերպությունների շենքերն ու շինությունները, մշակութային օջախները՝ կիրառելով միջազգային մի շարք կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, ինչպիսիք են կասետային և սպիտակ ֆոսֆոր պարունակող ռումբերը, չթաքցնելով իրենց ցեղասպան նպատակները Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ու նրա բազմադարյան մշակույթի նկատմամբ:

Ադրբեջանը, ներկայանալով աշխարհին իբրև հանդուրժողականության և բազմամշակութայնության «ջատագով» և ունենալով Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացման և անպատիժ մնալու փորձը, հողին է հավասարեցրել Արցախի Հանրապետության Մեխակավանի «Սուրբ Աստվածամայր» և Շուշիի ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցիները (Կանաչ ժամ), որն հաստատվել է նաև BBC-ի լրագրողի կողմից:

Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին խաբեությունը:
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական թշնամական քարոզչությունը, Արցախյան պատերազմում գործած հանցագործությունները, մարդու իրավունքների միջազգային նորմերի ոտնահարումները, հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհիմն ձերբակալությունները, ինչպես նաև վերը նշված մշակութային հանցագործության չդադարող դեպքերը:

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են և շարունակվելու են ենթարկվել վանդալիզմի և ոչնչացման, ուստի կոչ ենք անում ողջ հայությանը և հատկապես ՌԱԿ սփյուռքյան կառույցներին անողոք պայքար սկսել հյուրընկալող և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահող երկրներում գործող ադրբեջանական դեսպանությունների առջև, աշխարհի առաջադեմ հասարակայնության ուշադրությունը հրավիրել Ադրբեջան կոչվող այս տեռորիստական ու ապօրինի երկրի կողմից իրականացվող բարբարոսությունների դատապարտմանը և դադարեցմանը:

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031