2020 թ․ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությամբ 2021 թ․ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու մասին։
Այս ընթացքում քաղաքական դաշտում քննարկում էր, թե արդյո՞ք իշխանությունները գնում են արտահերթ ընտրությունների 2016 թ. ընդունված Ընտրական օրենսգրքով, թե՞, այդուհանդերձ, վերջերս շրջանառության մեջ դրված նոր Ընտրական օրենսգրքով, որի հիմնական փոփոխությունն է վարկանիշային ցուցակներից հրաժարումը և անցումը սովորական համամասնական ընտրակարգին։
Չնայած Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների միջև այդպես էլ չձևավորվեց ընտրական օրենսդրության փոփոխությունների կոնսենսուս, այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխող ուժը որոշել է ընտրություններն անցկացնել փակ համամասնական կարգով։
Համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ամիսներ առաջ պատվիրած սոցիալական հարցման՝ հայաստանցիները գերազանցապես նախընտրում են, որ պետությունը հրաժարվի ռեյտինգային ընտրակարգից: Նույնը, բազում հայտարարություններով, պահանջել է քաղաքացիական հասարակությունը՝ սկսած 2016 թվականի մարտ ամսից:
Կարդացեք նաև
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրել է, թե ինչ տեսակետներ ունեին խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը «ռեյտինգային» ընտրակարգի վերացման մասին նախկինում և այժմ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեղափոխական խոստումն էր դեռևս 2018 թ.-ին արտահերթ ընտրություններին գնալ նոր Ընտրական օրենսգրքով։ Իսկ արդեն որպես վարչապետ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրի երկրորդ կետը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որտեղ, մասնավորապես, գրված էր, որ փոփոխություններով անհրաժեշտ է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և անցնել լիարժեք համամասնական ընտրակարգի։
Նախագիծը 2018-ի հոկտեմբերին երկու անգամ ներկայացվել էր խորհրդարան, սակայն տապալվել էր ԱԺ-ի կողմից (հոկտեմբերի 22-ին և 29-ին)։
2020 թվականի նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «ճանապարհային քարտեզ», որի կետերից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր: Նախագիծը շրջանառության մեջ դրվեց փետրվարին, և դրանով, ի թիվս այլի, նախատեսվում էր անցնել պարզ համամասնական ընտրակարգի։ 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացվել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, և ընտրությունները իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն առանց վարկանիշային ընտրացուցակի»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
ԲՀԿ-ն դեռևս 2018 թվականի փետրվարին հանդես էր եկել համապետական ընտրությունների ռեյտինգային համակարգը վերացնելու նախաձեռնությամբ: Այդ ընտրակարգի դեմ կուսակցությունը կոշտ էր արտահայտվում նաև 2018 թվականի արտահերթ ընտրություններից առաջ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ: Նախագծով ևս նախատեսվում էր ընտրակարգի այդ փոփոխությունը, որին ԲՀԿ-ն կողմ քվեարկեց ամբողջ կազմով (այդ թվում՝ նիստերից հաճախ բացակայող Գագիկ Ծառուկյանը):
Ինչ վերաբերում է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից առաջ քննարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա այս դեպքում ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում չի հայտնել: «Մեզ համար կարևոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ և արդար, և իշխանությունը վարչական ռեսուրս չկիրառի: Որ ընտրակարգով, որ խորհրդարանական մեծամասնությունը կքվեարկի և կընդունի, մենք այդ ընտրակարգով ընտրություններին կմասնակցենք»,- մարտի 26-ին խորհրդարանում հայտարարել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
2016 թվականի մարտին «Լուսավոր Հայաստանը» միացել էր քաղաքացիական հասարակության միավորված պահանջներին՝ կապված Ընտրական օրենսգրքի նախագծի հետ՝ պահանջելով դրանից հանել ռեյտինգային ընտրակարգը և սահմանել սովորական համամասնական ընտրակարգ:
2018 թվականի մայիսի 25-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրենց «թիվ 1» պահանջը ռեյտինգային համակարգի վերացումն է: 2018 թ.-ի հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթի նիստին Մարուքյանը ևս հայտարարել էր, որ ռեյտինգային համակարգը կոնկրետ իր և իր կուսակցության կողմից «թիրախավորվել է» դեռևս տարիներ առաջ։ «Հիմա ունենք այդ ռեյտինգային համակարգի վերացման շանս»,- նշել էր նա։ Այդ ժամանակ խորհրդարանում ներկայացված ԼՀԿ-ի բոլոր պատգամավորները կողմ էին քվեարկել փոփոխությանը:
Այսօր արդեն ԸՕ-ի փոփոխության քննարկումների ֆոնին ԼՀԿ-ն կրկին թիրախավորել է ռեյտինգային համակարգը, բայց արդեն՝ դեմ լինելով դրա վերացմանը։ «ժողովուրդը գնալու է ընտրի կուսակցություն լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնք ժողովուրդը չի ընտրում»,- ռեյտինգայինի մասով իր թիմի՝ տարիներ շարունակ ունեցած տեսակետի փոփոխությունն էր ներկայացրել Մարուքյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցություն
2018 թ․-ի արտահերթ ընտրություններից առաջ, երբ Ազգային ժողովում քննարկվում էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ՀՀԿ-ն դեմ էր փոփոխություններին, այդ թվում՝ ռեյտինգային ընտրակարգի վերացմանը: Հենց ՀՀԿ-ի դեմ լինելը խոչընդոտեց ռեյտինգային ընտրակարգի վերացմանը 2018-ի հոկտեմբերին:
2021 թ․-ին Հանրապետականն իր դիրքորոշումը կուսակցական մակարդակով չի հայտնել: Սակայն այդ կուսակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ընտրություններից առաջ նոր Ընտրական օրենսգիրք ընդունելուն և ռեյտինգային համակարգը վերացնելու դեմ է արտահայտվել:
Հայ Յեղափոխական դաշնակցություն
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգին Դաշնակցությունը դեմ է եղել մշտապես, նույնիսկ ռեյտինգային ընտրակարգին կողմ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն դաշինք կազմելիս։
2018 թ.-ի հոկտեմբերի 22-ին, երբ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ԸՕ փոփոխությունների նախագիծը, ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն միշտ է կողմ եղել տարածքային ռեյտինգային ընտրական համակարգի վերացմանը, բայց կողմ է նաև «100 տոկոսանոց բաց համամասնական ընտրակարգին անցնելուն»:
2018 թ․-ին ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ ռեյտինգային համակարգը ժողովրդավարական չէ։ Օրենսգրքի քվեարկության ժամանակ նիստին ներկա բոլոր դաշնակցականները կողմ էին քվեարկել ռեյտինգայինը վերացնելուն և սովորական համամասնական ընտրակարգի անցնելուն:
2021 թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից առաջ քննարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կոնկրետ տեսակետ ՀՅԴ-ն չի արտահայտել, թեև մամուլը գրել էր, որ ընդդիմադիր ուժերից միայն ՀՅԴ-ն է համամասնականին կողմ։
Հայ ազգային կոնգրես
Դեռևս 2016 թվականից ՀԱԿ-ը ամենաակտիվն էր պայքարում ռեյտինգային ընտրակարգի ներդրման դեմ: Հենց ՀԱԿ-ն այն ժամանակ նախաձեռնեց «4+4+4» ֆորմատով բանակցությունները, որոնց ժամանակ ընդդիմության ու քաղհասարակության 5 պահանջներից առաջինը հենց ռեյտինգային ընտրակարգի վերացումն էր:
2018 թվականին թեև ՀԱԿ-ը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, սակայն իր մտահոգությունը հայտնեց ռեյտինգային ընտրակարգի պահպանման վերաբերյալ:
2021 թվականի մարտի 18-ին ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության հրահրելու է նոր քաղաքական ճգնաժամեր: Կուսակցությունն առաջին հերթին դեմ է արտահայտվում ռեյտինգային համակարգին:
«Ժառանգություն» կուսակցություն
Արտախորհրդարանական ուժերից «Ժառանգություն» կուսակցությունը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն մշտապես է կողմ արտահայտվել։ Հեռավոր 2012 թ․-ին «Ժառանգություն» կուսակցությունը ՀՅԴ-ի հետ առաջարկում էր հարցը դնել հանրաքվեի՝ համոզված լինելով, որ ընտրություններին հիմնական կեղծիքներն արվում են մեծամասնական համակարգի միջոցով։
2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին «Ժառանգությունն» այսօր էլ է կողմ։ Ըստ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի՝ միանշանակ է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի։ «Մենք կարծում ենք, որ առավել գաղափարական ընտրություններ անցկացնելու համար փակ համամասնական ընտրացուցակը արդյունավետ է»,- նշել է նա։
«Քաղաքացու որոշում» կուսակցություն
ՔՈ-ն սկզբունքորեն դեմ էր արտահայտվում ռեյտինգային համակարգին 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ:
ՔՈ-ն 2021 թվականի մարտի 22-ին հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել նվազագույնը՝ համեմատաբար արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար։ Կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանը նաև հայտարարել է, որ ընտրություններին պետք է գնալ համամասնական կարգով:
Ազգային-ժողովրդավարական բևեռ/«Սասնա ծռեր»
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության՝ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը դեմ էր արտահայտվել ռեյտինգային ընտրակարգին:
2021 թվականի մարտի 20-ին «Արտահերթ ընտրություններ. Ընտրական օրենսգրքի փոփոխության հրամայականը» հանրային քննարկման ժամանակ Ազգային-ժողովրդավարական բևեռի անունից հայտարարվեց, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է վաղուց հանված լիներ, քանի որ «ապականում է ընտրական գործընթացը»:
«Հանուն հանրապետության» կուսակցություն
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած կուսակցությունը ողջունել է մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Սակայն կուսակցությունը նաև պնդել է, որ ՀՀ քաղաքացու իրական կամարտահայտման կարևորագույն նախադրյալը բարեփոխված ընտրական համակարգով ընտրությունների կայացումն է։
2021 թվականի մարտի 20-ին «Արտահերթ ընտրություններ. Ընտրական օրենսգրքի փոփոխության հրամայականը» հանրային քննարկման ժամանակ «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչը պնդեց, որ «ռեյտինգային համակարգը պետք է վերացվի», քանի որ այն «քաղաքական կոռուպցիայի սողանքներ է պարունակում իր մեջ»:
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Արդար Հայաստանը» նույնպես նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու օգտին է հանդես գալիս: Ըստ կուսակցության հայտարարության՝ գործող ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի առանցքը կազմում է քողարկված մեծամասնական համակարգը, որը յուրովի պատուհան է կասկածելի հեղինակություն, քրեածին հակումներ, ֆինանսական ահռելի ռեսուրսներ տիրապետող շրջանակների համար, որոնց գործադրման միջոցով հնարավոր է փորձ արվի ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա»:
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը նույնպես դեմ է արտահայտվում ռեյտինգային ընտրակարգին: Կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ ռեյտինգայինը վերածնում է նախկին քրեաօլիգարխիկ համակարգը․ «Մենք պետք է անցյալի պորտալարը կտրենք, գողապետության շրջանի բարքերից ազատվենք: Հեղափոխությունը պետք է շարունակվի և խորացվի»:
Լուսինե ՈՍԿԱՆՅԱՆ և Նելլի ԼԱԶԱՐՅԱՆ
«ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»
Ռեյտինգային ընտրական համակարգը ամենաճիշտն է՝Ազգային Ժողովը ներկայացնում է բոլոր տարածաշրջանները,որը համամասնականի դեպքում կարող է չլինել:Իշխանության ,,վախը,,ռեյտինգաինից նրանում է,որ ռեյտինգային թեկնածուն հետամուտ է լինելու իր տարածքում ընտրության արդյունքները չկեղծեն,ընտրողներին հորդորելու է մասնակցել քվեարկությանը…՝ավելի շատ ընտրողներ են մասնակցելու և ավելի քիշ հնարավորություններ են լինելու լցոնումների համար:Իսկ պարտվող կողմը միշտ էլ բողոքելու է ընտրությունների կեղծելու համար՝25 տարի է այդպես է…