Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում բոլո՞րն են կարծում, որ թիվ 1 խնդիրն այսօր բնակարաշինությունն է․ «Հրապարակ»

Մարտ 27,2021 11:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երեւանում տեղի ունեցավ ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի օրակարգում Արցախում 110 միլիարդ դրամի բնակարանաշինության ծրագիրն է։

«Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով, ըստ էության, ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլեւ պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալ-տնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր: Կարծում եմ՝ երեկ կայացրած որոշումները շատ ամուր հիմք կարող են դառնալ այդ զարգացումներն ապահովելու համար»,- հայտարարել էր Փաշինյանը։

Որեւէ մեկը, իհարկե, չի անտեսում Արցախի սոցիալական կարիքները, բայց տպավորություն է, որ Արցախի կարգավիճակի, բանակցությունների, տարածքների վերադարձի, անվտանգության հարցերն այլեւս օրակարգային չեն ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում։ Մինչդեռ անգամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վերջերս շնորհավորելով Ալիեւին, ընդգծել էր, որ նման օրակարգ կա․ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին՝ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տեւական լուծում եւ խթանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցումը՝ բարեկեցիկ եւ խաղաղ ապագա ապահովելու համար»։

Մերոնք, այս հարցերով զբաղվելու փոխարեն, նաեւ՝ գերիների, սանտիմետր առ սանտիմետ զիջվող դիրքերի ու ճանապարհների, ԱԽ համատեղ նիստում բնակարանաշինության հարց են քննարկում։ Արցախում բոլո՞րն են կարծում, որ թիվ 1 խնդիրն այսօր բնակարաշինությունն է եւ ոչ, ասենք, բանակցություններին վերադառնալու համար Երեւանի ու Ստեփանակերտի ջանքերի համադրումը։ Հարցն ուղղեցինք արցախյան ծագումով քաղաքագետ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանին։ Նա ասաց․ «Այնպիսի տպավորություն է, թե Արցախում միայն սոցիալական բեռի խնդիր կա, այդ 68 հազարները, 18, 300 հազարները, բնակարանաշինությունը։ Եվ նաեւ, որ ողջ Հայաստանն իր բեռը դրեց ու գնաց․ այլեւս չի խոսում ո՛չ այն մասին, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, ո՛չ անվտանգային միջավայրի, ազգային պետության զարգացման։ Ոչ մի խնդիր, միայն սոցիալական հարցեր, եւ ասեմ, որ ուրիշների մոտ արդեն ընկալվում է, որ եթե Հայաստանը ստանձնել է այդ խնդիրը, թող վճարի, մենք ինչի՞ համար ենք վճարում»։

Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի կարծիքով էլ՝ ցանկացած պարագայում ամենակարեւորը անվտանգային խնդիրներն են, ինչի հետ կապված նվազագույն պայմաններ այս պահին ապահովում է ռուս խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում։ «Ինչ վերաբերում է սոցիալական քաղաքականությանը, ապա դրանք անվտանգության բաղադրիչի ապահովմանը զուգահեռ իրականացվող ծրագրեր պետք է դառնան։ Ակնհայտ է, որ կան մարդիկ, որոնք Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում զրկվել են տնից, ունեցվածքից եւ նաեւ եկամուտներ ստանալու հնարավորությունից, եւ բնական է, որ մարդիկ պետք է ապահովվեն անհրաժեշտ սոցիալ-տնտեսական ծրագրերով»։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031