Մի տեսակ ճակատագրապաշտություն է տիրում այժմ Հայաստանում: Այնպիսի ժամանակներ են, երբ կործանիչ պատերազմի 5000 զոհերի որոշ ընտանիքներ հրճվանք են ապրում գտնելով իրենց սիրելիների աճյունները:
Տասը հազար վիրավոր զինվորներ էլ պրոթեզների միջոցով փորձում են հաղթահարել ապաքինման դժվարին ճանապարհը եւ վերականգնել իրենց շարժունակությունը: Ամբողջ երկիրը դեռեւս գտնվում է համաճարակի ճիրաններում, հույսը դնելով խոստացված պատվաստանյութերին, որոնք դեռ պետք է տեղ հասնեն, հավաքական դիմադրողականության վրա:
Կյանքը Հայաստանում, կարճ ասած, գլխվիվայր շուռ է եկել ամբողջապես, բացառյալ քաղաքական միջավայրից, որը պատրաստվում է հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Իմ քայլը» կոալիցիան, որն 83 աթոռ է զբաղեցնում 132 տեղանոց խորհրդարանում, նախկինում տատանվում էր անցկացնել արտահերթ ընտրություններ` ընդդիմության եւ այլ շրջանակների աճող ճնշումների ներքո: Կոալիցիայի անդամները վստահ չէին արդյունքներից: Կուսակցությունը նախ հայտարարեց, որ ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջ չկա: Հստակ էր այդ ժամանակ, որ Փաշինյանի ժողովրդականությունը նվազել էր: Հետո, երբ վստահություն ձեռք բերեցին եւ հասկացան, որ ընդդիմությունը բավականաչափ զորակցություն չի ստանում, սկսեցին բանակցություններ վարել խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ:
Կարդացեք նաև
Պետք է նշել, որ ընտրությունների ացնկացմանը վճռական դեր խաղաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սկզբում միացել էր նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած «Հայրենիքի փրկության» շարժմանը: Առաջին անգամը չէ, որ Ծառուկյանը փոխում է իր հավատարմությունը այս կամ այն շարժման կամ կուսակցության հանդեպ: Երբ իր կուսակցությունը դուրս եկավ 17 կուսակցություններից կազմված ընդդիմության շարժումից եւ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոր վարչապետի թեկնածու չի առաջադրելու, Փաշինյանի կուսակցությունը ընդառաջ գնալով նշանակեց ընտրությունների անցկացման թվականը:
Երկրորդ հարվածը ընդդիմադիր շարժումը ստացավ Անվտանգության ծառայությունների նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունից: Հավանական է, որ Վանեցյանի կուսակցությունը միանա «Բարգավաճ Հայաստանին» եւ դաշնակցի նրա հետ, այլապես նա չի կարող առանձին որեւէ տեղ զբաղեցնել ապագա խորհրդարանում:
Ընդդիմության շարժումը կորցրեց ժողովրդականությունը նաեւ այն բանի հետեւանքում, որ Վազգեն Մանուկյանը թույլ տվեց ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանին անցնել իրենից առաջ:
ՀՅԴ-ի տեղական մասնաճյուղը մեծ ժողովրդականություն չի վայելում Հայաստանում: Նրա վարքագիծը նույնիսկ սփյուռքի մասնաճյուղերում որոշակի ճեղքվածքներ առաջացրեց: Այս բոլոր գործոնները նպաստեցին, որ խորհրդարանի մուտքը փակելու նպատակով Բաղրամյան փողոցում վրաններ լարած ընդդիմության ներկայացուցիչներից շատերը լքեն իրենց դիրքերը:
Մինչ ընդդիմությունը կորցնում էր իր ներգործությունը, նոր իրավիճակը վստահություն ներշնչեց Փաշինյանի կուսակցությանը, որ լուրջ մարտահրավերներ չեն նետվի իր առաջ:
Ամենայն հավանականությամբ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է ընտրություններում, որովհետեւ ոչ մի այլընտրանքային խմբակցություն չի առաջացել: Նաեւ որովհետեւ ընտրող հասարակությունը քաղաքականապես հասուն չէ:
Նորընտիր որեւէ կառավարություն ստիպված է լինելու երկյուղալի օրակարգ վարել: Նախ պատրաստել բանակը հաջորդ անխուսափելի պատերազմը մղելու, զարգացնել տնտեսությունը, արդիականացնել զինված ուժերը, առաջքն առնել արտագաղթի արագընթաց հոսքին, վերականգնել հասարակության խոցված հոգեկանը եւ պատրաստ լինել նոյեմբերի 9-ի հայտարարության 9 կետերի շուրջ թշնամու հետ վարելու բավական կոշտ բանակցություններ:
Նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում ընտրությունները չեն կարողանալու լուծել քաղաքական, տնտեսական, հոգեբանական եւ դիվանագիտական ոլորտների կնճռոտ խնդիրները: Լավագույն դեպքում դրանք մոլորության մեջ են գցելու հանրությանը` ստեղծելով պատրանք, որ ամեն ինչ լուծված է:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում