Թեպետ Կենտրոնական բանկը վերջերս հայտարարեց այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը 2-ից 1,4 % նվազեցնելու մասին, այնուամենայնիվ, կառավարությունից այլ բան են պնդում:
Մասնավորապես, էկոնոմիկայի նախարարը շարունակում է պնդել երկնիշ տնտեսական աճի մասին, ավելին՝ հայտարարում տնտեսության «համարյա վերականգնման» մասին: Մինչ իրար հակասող հայտարարություններին անդրադառնալը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը բնութագրում է տնտեսության այսօրվա վիճակը:
«Մեր տնտեսությունը շատ վատ վիճակում է գտնվում: Հայաստանի Հանրապետությունում բոլոր ցուցանիշների կտրվածքով անկում կա: Խոսքը հատկապես տնտեսական այն կարևորագույն ցուցանիշների մասին է, որոնք բնութագրում են տնտեսության վիճակը: Ինչ վերաբերում է վերոնշյալին, ապա նախ հետևյալն եմ ուզում ընդգծել. առհասարակ, ստացվել է այնպես, որ շուկայական հարաբերությունների մեր անցած ամբողջ ժամանակահատվածում ամենակայացած կառույցը եղել է Կենտրոնական բանկը: ԿԲ-ում արհեստավարժ ու պրոֆեսիոնալ կադրեր են հավաքվել: Հաշվի առնելով այդ հանգամանքը, բնականաբար, նրանց գնահատականը երբևիցե համեմատելի չէ ինչ-որ անձնավորության գնահատականի հետ, որն այս պահին զբաղեցնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, և որը ևս չի տիրապետում անհրաժեշտ գիտելիքներին: Պատկերավոր ձևով ասած՝ գործ ունենք արկածախնդիրների հետ, որոնք իրականությունը ներկայացնում են ամենավառ գույներով՝ մտածելով, որ իրենք մարսելու են դա»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն պնդումները, թե երկնիշ տնտեսական աճ է սպասվում, կամ որ տնտեսությունը վերականգնման փուլում է:
«Իրականում ՀՀ տնտեսության իրական հատվածը մահացած վիճակում է գտնվում: Ես ցանկանում եմ մեր տնտեսության կառուցվածքի վրա ուշադրություն հրավիրել: Այն արդիական ու ժամանակակից չէ: Այն ունի մի կառուցվածք, որտեղ առաջին դիրքերում ծառայությունների ոլորտն ու առևտուրն են: Այդ ոլորտներից և ոչ մեկը նոր բարիքներ ու համախառն եկամուտ չի ստեղծում: Եվ կապ չունի՝ գոյություն ունեցած ապրանքային զանգվածը մերն է, թե մերը չէ: Տնտեսության այս կառուցվածքում միայն այդ ապրանքների իրացմամբ են զբաղված: Սա նշանակում է, որ տնտեսությունը դոփում է տեղում, և գոնե տեսանելի հեռանկարում լավատեսության հիմքեր չկան: Իսկ եթե այս իշխանությունը շարունակի պաշտոնավարել, տնտեսության վիճակը գնալով ավելի է վատանալու»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ անգամ ամոթ է որևէ հարթակում քննարկել այս կառավարության անդամների դիտարկումները, որովհետև դա նշանակում է զավեշտի մաս կազմել:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում